
Հունվարի 27-ին ոստիկանության Մաշտոցի բաժին էր դիմել Կոտայքի մարզի բնակիչ, 45-ամյա մի կին. մոտ կես ժամ առաջ երթուղային միկրոավտոբուսում պայուսակից գողացել էին դրամ:
Գրպանահատություն էր, և բաժնի ծառայողները տեղեկությունը փոխանցեցին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի ծառայողներին. հենց նրանք են մասնագիտացված գրպանահատության դեմ պայքարում: Փորձառու ոստիկանների գործողություններն արագ արդյունք տվին. ահազանգից րոպեներ անց, գողություն կատարելու կասկածանքով, նրանք Մաշտոցի բաժին բերման ենթարկեցին մայրաքաղաքի Շահումյան 2-րդ փողոցի բնակիչ, 30-ամյա մի տղամարդու, որի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց գողոնը:
Նա տվել է խոստովանական բացատրություն: Դեպքի հանգամանքները պարզվում են: