Ի՞ՆՉ ՎԻՃԱԿՈՒՄ Է ԱՅՍՕՐ ՄԵՐ ԲԱՆԱԿԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայատանում Հունվարի 28-ը տոնում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կամ Հայոց բանակի օրը: Սա Հայաստանի զինված ուժերի մասնագիտական տոնն է, որը նշվում է յուրաքանչյուր տարվա հունվարի 28-ին:  Տոնը հաստատվել է 2001 թվականի հունվարի 6-ին Հայաստանի նախագահի ստորագրած «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի» մասին օրենքով։ 2002 թվականի նոյեմբերի 20-ին Հայաստանի Սահմանադրության մեջ լրացում է արվել, համաձայն որի՝ հունվարի 28-ը սահմանվում է որպես ոչ աշխատանքային օր:

 

Հայաստանի բանակի տոնը նշվում է հունվարի 28-ին, քանի որ 1992 թվականի նույն այդ օրը ընդունվեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության վերաբերյալ» որոշումը: Տոնի առթիվ ՀՀ բարձրագույն ղեկավարությունը եւ ՀՀ զինված ուժերի ղեկավար կազմը շնորհավորում են իրենց ենթականերին, իսկ առավել աչքի ընկած աշխատակիցները պարգեւատրվում են տարբեր աստիճանի մեդալներով եւ խորհրդանշական իրերով:

Ի՞նչ իրավիճակ ունենք Զինված ուժերում 44-օրյա պատերազմից հետո: Արդյոք վերականգնվել են այն բացթողումները, որոնք կային: Այս եւ այլ հարցերի շուրջ զրուցել ենք ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի հետ:

-Պարո՛ն Աբրահամյան, հունվարի 28-ը Հայոց բանակի օրն է: Ի՞նչ վիճակում է այսօր մեր բանակը, ի՞նչ գնահատական կտաք:

-Իրականության մեջ հետպատերազմյան ժամանակահատվածում շատ դժվար է խոսել Զինված ուժերի խնդիրների մասին եւ ոչ թե այն պատճառով, որ դրանք արձանագրված չեն, այլ այն պատճառով, որ Հայոց բանակը մոտիկից ճանաչող մարդկանց համար շատ դժվար է խոսել այդ թեմայով: Մենք ունեն խնդիրներ, որոնք ոչ միայն չեն կանգնեցվել, այլ բուժման ընթացք նույնիսկ չի սկսվել: Մեր զինծառայողները բավականին ծանր ծառայություն են կրում: Պատերազմից հետո բանակը դեռ անհրաժեշտ վերականգնում չի անցել, իշխանութունը որեւէ ձեւով չի սատարում Զինված ուժերին եւ զինծառայողներին, եւ մարդիկ միայն իրենց անձնական պատասխանատվության, խղճի հաշվին են ապահովում մեր երկրի սահմանները: Իհարկե, այսպես երկար շարունակել չենք կարող, եւ մեր երկիրը կարող է կանգնել լուրջ խնդրի առջեւ:

-Դուք ասում եք՝ իշխանությունը սատար չի կանգնում, իսկ նրանք էլ միշտ ասում են, որ լավ աչքով են նայում, ելակ են տալիս որպես սնունդ:

-Գիտե՛ք, այն ինչ իրենց իշխանության օրոք ներկայացվում էր որպես խնդիր, գոյություն չուներ, իսկ եղած խնդիրները այժմ են խորացել: Զինված ուժերի հանդեպ վերաբերմունքը պետք է արտահայտվի իրական կյանքում, իսկ իրական կյանքում մենք ունենք մարդիկ, որոնք շարունակում են մնալ ադրբեջանական բանտերում, եւ այս իշխանություններն այժմ քայլեր չեն ձենարկում նրանց վերադարձնելու ուղղությամբ: Այն, ինչ տեղի է ունենում մեր սահմանում, մտահոգիչ է: Իրականության մեջ նրանք կախված են իշխանության քաղաքական որոշումներից: Փորձ է արվում թիրախավորել բանակը, զինծառայողներին, նրանց ներկայացնել որպես դասալիքներ: Այսինքն՝ այն, ինչ ասվել է ռազմավարությամբ, մեկ այլ բան է, այն, ինչ տեսնում ենք իրականում, մեկ այլ բան, եւ իրականությունը չի համապատասխանում գրվածին: Կան զինծառայողներ, որոնք գերեվարվելուց հետո կալանավորված են, սակայն նրանց մեջ կան այնպիսիններ, որոնց կալանավորումը համատեղելի չէ նրանց առողջական վիճակի հետ: Փորձ է արվում նրանց ներկայացնել որպես դասալիքներ, որը սխալ է, եւ թյուր տպավորություն է ստեղծում բանակի մասին: Բացի այդ, նախկին նախարարը, Զինված ուժերի շտաբի նախկին պետը եւ այլ պաշտոնյաների մեղադրանքներ են առաջադրված: Սա է մեր Զինված ուժերի այժմյան իրավիճակը:

Զրուցեց ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ

 

 

 

ՌԴ-ՆՆՊԱՍՏՈՒՄ Է

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ Ռուսաստանն ակտիվորեն նպաստում է ճգնաժամային իրավիճակների խաղաղ, դիվանագիտական կարգավորմանը տարբեր տարածաշրջաններում, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում, Սիրիայում եւ այլուր:

Լավրովն այս մասին ասել է Պետդումայի  «Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքականության արդիական հարցերի մասին» թեմայով լիագումար նիստում իր ելույթում:

«Մենք ակտիվորեն նպաստում ենք ճգնաժամային իրավիճակների խաղաղ քաղաքական եւ դիվանագիտական կարգավորմանը տարբեր տարածաշրջաններում՝ լինի դա Լեռնային Ղարաբաղը, Սիրիան, Լիբիան, Աֆղանստանը, արաբա-իսրայելական կոնֆլիկտը, իրավիճակը՝ Կորեական թերակղզում, Իրանի միջուկային ծրագրի շուրջ»,-ասել է Լավրովը:

Ըստ ԱԳ նախարարի՝ նման ջանքերը նպաստում են աշխարհում իրավիճակի ընդհանուր բարելավմանը, հաստատում են ռուսական կողմի՝ որպես հուսալի միջազգային գործընկերոջ հեղինակությունը:

 

 

 

ԿՄՆԱ ԿԱԼԱՆՔԻ ՏԱԿ

Ադրբեջանական գերությունից վերադարձած Արեն Արամյանը կմնա կալանավորված. այս մասին հայտնեց Արամյանի պաշտպան Արա Կարապետյանը։ Նրա տեղեկացմամբ՝ երեկ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Արղամանյանի նախագահությամբ, մերժել է Արեն Արամյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու մասին պաշտպանական կողմի միջնորդությունը։

Փաստաբանը հայտնեց, որ Արեն Արամյանի առողջական վիճակը օրեցօր բարդանում է։ «Այս պահին բանավոր տեղեկություն ունենք, որ առավոտյան տեղափոխվել է հիվանդանոց եւ պետք է ստանա ստացիոնար բուժում»,- հավելեց փաստաբանը։

Հիշեցնենք` դեկտեմբերի 11-ին Քննչական կոմիտեն հայտնել էր, որ դիրքի ավագ, կրտսեր սերժանտ Արամյանը ՀՀ վերադառնալուց հետո կալանավորվել է ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասի (մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետեւանքներ) կասկածանքով։

Արեն Արամյանը ադրբեջանցիների կողմից գերեվարվել է նոյեմբերի 16-ին՝ Սյունիքում սկսված ռազմական բախումների ժամանակ, իսկ հետո վերադարձվել էր Հայաստան։

Արեն Արամյանը մեղադրանքը չի ընդունում, պաշտպանը վստահ է, որ նա դատարանում արդարացվելու է, քանի որ փաստեր կան, որ գերեվարվել է ոտքի շրջանում ծանր վիրավորվելուց, ինչպես նաեւ գլխի շրջանում ստացած հարվածի հետեւանքով ուշաթափվելուց հետո։

Հիշեցնենք նաեւ, որ Արեն Արամյանը Ադրբեջանում 2 վիրահատության է ենթարկվել, վերադառնալուց հետո կարճ ժամանակ կենտրոնական զինվորական հոսպիտալի բժիշկների հսկողության տակ է եղել։

 

 

ՍԴ-Ն ՉԻ ՇՏԱՊՈՒՄ

Սահմանադրական դատարանը կարծես թե չի շտապում քննարկել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ընտրության սահմանադրականությունը վիճարկող հայցի քննությունը, որը ներկայացվել է երկու ընդդիմադիր խմբակցությունների կողմից: ArmLur.am-ը տեղեկացավ, որ հայցի քննությունը հետաձգվել է մինչեւ ապրիլի 5-ը՝ ԱԺ իրավաբանական վարչության պետ Մերի Մոսինյանի միջնորդությամբ: Հիշեցնենք, որ դիմումը ներկայացրել են ընդդիմադիր «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները: ՍԴ ներկայացված դիմումով ընդդիմությունը պահանջել է չեղարկել ԱԺ նախագահի պաշտոնում Սիմոնյանի ընտրությունը, քանի որ անհավասար պայմաններ են ստեղծվել, եւ ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրված թեկնածուները՝ Արթուր Սարգսյանն ու Մխիթար Զաքարյանը, գտնվել են կալանավայրում՝ հնարավորություն չունենալով մասնակցել ընտրությանը: Մխիթար Զաքարյանի եւ Արթուր Սարգսյանի նկատմամբ քրեական գործեր հարուցվել են, երբ նրանք Սիսիանի ու Մեղրիի համայնքապետերն էին, կալանավորվեցին ընտրություններից օրեր անց։ Նրանք մեղադրվում են պաշտոնեական դիրքի չարաշահման, պաշտոնեական կեղծիք կատարելու համար։

 

 

ՌԱԶՄԱԲԱԶԱՆ ՊԵՏՔ ՉԷ

«ժողովուրդ» օրաթերթը երեկ էր գրել, որ եթե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում ամեն բան հարթ ընթանա, ապա չի բացառվում՝ առաջիկայում Գյումրու 102-րդ ռազմաբազան այնտեղից դուրս բերվի, քանի որ դրա կարիքը պարզապես չի լինի։ Հարցի առնչությամբ ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի տեսակետը լսեցինք։ Ըստ նրա՝ «եթե հայ-թուրքական հարաբերությունները բարելավվեն, ապա Գյումրու 102-րդ ռազմաբազայի կարիքը չի լինի» տրամաբանությունը բավականին խոցելի է։ Ընդգծում է՝ պետությունների միջեւ հարաբերությունները պարբերաբար բարելավվում են, պարբերաբար վատանում, առավել եւս՝ մեր տարածաշրջանում։ Օրինակ է բերում Թուրքիային եւ Սիրիային, որ 2000-ականների վերջին հոյակապ հարաբերություններ ունեին, իսկ Սիրիայի նախագահ Ասադն ու Թուրքիայի նախագահ Էրդողանը ընտանիքներով համատեղ հանգիստ էին անցկացնում, բայց դա չխանգարեց, որ ընդամենը 2-3 տարի անց թուրքերը դառնան Ասադի կատաղի թշնամիներ եւ բզկտեն Սիրիան, ներխուժեն եւ օկուպացնեն այդ պետության տարածքները։ «Ենթադրենք՝ ինչ-որ գեղեցիկ համաձայնություններ են ձեռք բերվում ՀՀ եւ Թուրքիայի միջեւ, հետո ռազմաբազան Հայաստանից հանում են, իսկ հետո Թուրքիան ինչ-որ սադրանքի է դիմում կամ Ադրբեջանի ձեռքով է սադրանք անում։ Այդ իրավիճակում ի՞նչ կկարողանա անել Հայաստանը, ո՞վ է երաշխավորելու Հայաստանի բնակչության ֆիզիկական անվտանգությունը Թուրքիայի պես հզոր եւ հայերի հանդեպ ատելությունը պետական քաղաքականության տարրերից մեկը դարձրած հակառակորդից»,- շեշտում է մեր զրուցակիցը։




Լրահոս