Հայ-թուրքական հարաբերությունները` հանդիպումների օրակարգում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շուրջ հայտարարությունները շարունակվում են ամենաբարձր մակարդակով։ Երեկ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը վերահաստատեց, որ Երևանը կողմ է առանց նախապայմանների Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը և սահմանի վերաբացմանը։

Մասնավորապես , երկօրյա աշխատանքային այցով Երևան ժամանած Ավստրիայի եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ համատեղ ասուլիսում արտգործնարար Արարատ Միրզոյանը ընդգծեց՝ Թուրքիայի հետ հարաբերությունների առումով Հայաստանի դիրքորոշման մեջ նախորդ երեսուն տարիներին մեծ հաշվով ոչինչ չի փոխվել, ու Երևանը կողմ է առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը և սահմանի վերաբացմանը։

«Ահա այս նպատակադրումով, այս ակնկալիքով է, որ մենք մտել ենք այս երկխոսության գործընթացի մեջ։ Գիտեք, որ առայժմ տեղի է ունեցել մեկ հանդիպում։ Պետք է ասեմ, որ առաջին հանդիպումը իհարկե շատ բովանդակային հարցերի չի կարողացել անդրադառնալ, բայց կան որոշակի դրական ազդակներ, որ գործընթացը կընթանա բարեհաջող։ Բայց կրկնում եմ՝ սա այն հարցերից է, որոնք ակնհայտորեն միայն մեկ կողմի դիրքորոշումից չեն կախված», – ասաց Միրզոյանը։

Միևնույն ժամանակ Հայաստանը հրավիրվել է այս մարտին կայանալիք Անթալիայի դիվանագիտական ֆորումին։ Նախորդ շաբաթ վարչապետ Նիկոլ Փաշինյանը առցանց ասուլիսի ժամանակ հայտարարեց, թե հավանականությունը մեծ է, որ Հայաստանը կընդունի ֆորումին մասնակցելու Թուրքիայի հրավերը, սակայն առ այսօր Երևանը պաշտոնապես չի պատասխանել։

Այս հարցի շուրջ խոսել է նաեւ Արարատ Միրզոյանը։

«Այո, ես և պարոն Ռուբինյանը հրավեր ենք ստացել մասնակցելու Անթալիայի միջոցառմանը։ Մենք միջոցառումը քննարկել ենք նաև պարոն Շալենբերգի հետ քիչ առաջ։ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը այս մասով դեռևս որոշում չունի, հարցը քննարկվում է։ Ուղղակի ուզում եմ նշել, որ ըստ էության կարևոր է ընդգծել, որ երկկողմ այց չի և երկկողմ համատեքստում պետք չի դիտարկել։ Սա միջազգային դիվանագիտական իրադարձություն է, որին կարող է և Հայաստանի Հանրապետությունը որոշի մասնակցել։ Ես այդտեղ ոչ միայն խնդիր չեմ տեսնի, այլև կարծում եմ, որ նույնիսկ եթե այն շաղկապենք Հայաստան-Թուրքիա երկխոսության հետ, դրական երանգներ հաղորդելուց բացի, այլ բան չունի», – նշեց Հայաստանի արտգործնախարարը` ասուլիսի ժամանակ։

Հավելենք, որ Ալեքսանդր Շալենբերգը Երևան է ժամանել շուրջ երկու տասնյակ ավստրիացի գործարարների ուղեկցությամբ։ Այսօր Երևանում կայանալու է հայ-ավստրիական միջկառավարական հանձնաժողովի նիստ և գործարար համաժողով։

Ն.Հ.




Լրահոս