Ապարանում կհիմնվի բազմաֆունկցիոնալ լեռնային համալիր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գործադիրը հաստատել է ՀՀ կառավարության 2021 թ. հուլիսի 29-ի համապատասխան որոշմամբ հավանության արժանացած «Մայլեռ» ներդրումային ծրագրի իրականացման փուլերի ժամանակացույցի մասին պայմանագրի ձևը: Ըստ հիմնավորման՝ ծրագիրը միտված է հանրապետությունում զբոսաշրջության բազմազանության ու զարգացման ապահովմանը, ինչպես նաև բնակչության մեջ առողջ ապրելակերպի հաստատմանը և համահունչ է ՀՀ կառավարության կողմից որդեգրած տնտեսական զարգացման ռազմավարությանը:

«Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» ՓԲԸ-ի ներդրումային ծրագիրը կիրականացվի Արագածոտնի մարզի Ապարան համայնքի տարածքում: Ընկերությունը Եղիպատրուշ գյուղում նախատեսում է հիմնել բազմաֆունկցիոնալ լեռնային համալիր։ Ծրագիրը միտված է հանրապետությունում զբոսաշրջության բազմազանության ու զարգացման ապահովմանը, ինչպես նաև բնակչության շրջանում առողջ ապրելակերպի հաստատմանը և համահունչ է ՀՀ կառավարության որդեգրած տնտեսական զարգացման ռազմավարությանը: Ինչպես նշել է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ամեն ինչ արվելու է, որ հաջորդ տարի լեռնադահուկային ավանը սկսի աշխատել: Նախարարը տեղեկացրել է նաև, որ այսօր «Մայլեռ մաունթայն ռեզորթ» ընկերությունը պայմանագիր է կնքել ավստրիական Doppelmayr ընկերության հետ՝ 24 մլն եվրո արժողությանբ ճոպանուղու ձեռքբերման համար:

Անդրադառնալով ներդրումային ոլորտին ՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ նախորդ տարվա առաջին 10 ամիսների վիճակագրության համաձայն օտարերկրյա ուղիղ ներդրումների բավական տեսանելի աճ է արձանագրվել. «Իհարկե, բացարձակ թվով այն նշաձողը չէ, որը մենք դրել ենք, բայց, այնուամենայնիվ, դինամիկան կա և պետք է օգնենք, որ այն շարունակվի» :

Կառավարությունը բավարարել է նաև «Ռոյալ գլաս գրուպ» ՍՊԸ-ի ներկայացրած հայտը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու վերաբերյալ: Ընկերությունը ներմուծվող մրգատու ծառերի տնկիները նախատեսվում է գործող այգիների հարակից տարածքում մեկ երկու տարիների ընթացքում հիմնել ևս շուրջ 20 հա պտղատու այգիներ: Այգիների ընդլայնման արդյունքում կգրանցվի արտահանման ծավալների աճ և արտահանման շուկաներում ավելի մրցունակ կդառնա արտադրանքի գինը: Արտահանման ծավալների ընդլայնումը կնպաստի արտահանման շուկաներում հայկական խնձորի և ընդհանրապես հայկական արտադրանքի դիրքի ամրապնդմանը, կայուն մատակարարման ապահովմանը և արտադրանքի նկատմամբ վստահության ավելացմանը: Մրգերի մեծ ծավալով արտադրությունը հնարավորություն կտա ավելի մատչելի դարձնել խնձորի գինը տեղական շուկայում, ինչպես նաև մեղմել դրանց գների սեզոնային տատանումները: Արդեն իսկ իրականացվել է 807 մլն դրամի ներդրում, նախատեսվում է՝ ևս 300 մլն դրամի ներդրում՝ պտղատու այգիներ հիմնելու նպատակով։ Ծրագրի շրջանակում կստեղծվի 10 նոր աշխատատեղ` մինչև 140,000 դրամ միջին աշխատավարձով: Ծրագրով նախատեսված արտադրանքի 50-80 տոկոսը նախատեսվում է արտահանել: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 50 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 2.5 մլն դրամ:

Մաքսատուրքի ազատման արտոնությունից կօգտվի նաև «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ն: Ընկերության կողմից ներմուծվող հումքը օգտագործվելու է պոլիէթիլային ջերմակցման թաղանթի արտադրության համար: Արդեն իսկ իրականացվել է 70.7 մլն դրամի ներդրում ջերմակցված թաղանթ փաթեթավորող սարքի ձեռքբերման համար։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 3.9 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։ Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 3 նոր աշխատատեղ` մինչև 285,000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի 80 տոկոսը և ավելին նախատեսվում է արտահանել ԱՄՆ, ԱՄԷ, ԵՄ, Վրաստան և այլ երկրներ:Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 3.8 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 249.6 մլն դրամ:




Լրահոս