ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԵՐՈՒՄ՝ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետությունում կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման կարգերը եւ լիցենզիայի ձեւերը հաստատելու մասին» կարգում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը: Փաստաթղթի մշակումը պայմանավորված է 2021 թվականի հունիսի 30-ին ընդունված «Լիցենզավորման մասին» եւ «Կրթության մասին» օրենքներում լրացումներ կատարելու մասին» օրենքներով, որոնցով նախադպրոցական ծառայությունները եւ այլընտրանքային ծրագրերի իրականացումը համարվում են լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ:

 

Նախագծի ընդունման նպատակը նախադպրոցական կրթության բնագավառում գործող կազմակերպությունների համար լիցենզավորման պայմանների ու պահանջների հավասար դաշտի ապահովումն ու բարելավումն է, կրթության բնագավառում որոշակի չափանիշներ ներդնելով՝ իրավական ակտերի համապատասխանեցումը, որը կնպաստի ուսումնական հաստատությունների նկատմամբ պատասխանատվության աճին` էապես բարձրացնելով առկա հիմնախնդիրների լուծման արդյունավետությունը: Զարգացման կենտրոնների անվան ներքո ՀՀ-ում գործող կազմակերպությունները (մոտավոր հաշվարկով՝ շուրջ 300), որոնք իրականացնում են նախադպրոցական կրթական տարբեր ծրագրեր (այդ թվում՝ այլընտրանքային, լրացուցիչ) եւ նախադպրոցական ծառայություններ, կլիցենզավորվեն: Կենտրոնները, լիցենզավորվելով եւ գործելով լիազոր մարմնի վերահսկողության ներքո, կապահովեն երեխաների առողջության եւ անվտանգության նվազագույն պահանջները (հիգիենիկ ու սանիտարահամաճարակային, հակահրդեհային անվտանգություն եւ այլն) եւ կրթության բովանդակությամբ ներկայացվող վերջնարդյունքները, որոնք երեխաներին նախապատրաստում են դպրոցին: Մի շարք նորմատիվ-իրավական ակտերով հաստատված պահանջներ (նախադպրոցական ուսումնական հաստատությունների տարածքների շինարարական նորմեր, նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչ, սաների ընդունելության կարգ) կսահմանվեն նախադպրոցական կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման կարգով:

Լիցենզավորման գործող մի շարք չափանիշներ եւ պահանջներ փոփոխելու անհրաժեշտություն է առաջացել, քանի որ գործող չափանիշները չեն կարգավորում լիցենզավորման գործընթացի արդյունավետ ու ամբողջական իրականացումը, ինչը, բնականաբար, չի կարող իր բացասական ազդեցությունը չունենալ ուսուցման բնականոն գործընթացի եւ որակի վրա: Մասնավորապես, գործունեության վայրի փոփոխման կամ լիցենզավորման ենթակա գործունեության տեսակով նոր վայրում գործունեություն իրականացնելու նպատակով լիցենզավորված անձինք չեն ներկայացնում նոր վայրի՝ պահանջներին համապատասխանելու փաստաթղթեր: Համաձայն «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի՝ գործունեության իրականացման վայրի փոփոխման կամ այդ՝ լիցենզավորման ենթակա գործունեության տեսակով նոր վայրում գործունեություն իրականացնելու համար լիցենզավորող մարմին պետք է ներկայացվի հայտ, որտեղ պետք է նշվեն նախկինում ստացած լիցենզիայի վավերապայմանները, ինչպես նաեւ պետք է տրվի գրավոր հայտարարություն նախկինում ներկայացված փաստաթղթերում կատարված փոփոխությունների մասին:

Մի շարք պահանջներ՝ կապված ուսումնական տարածքի հասարակական նպատակային նշանակության, հիմնական մանկավարժական կազմի, բժշկական մասնագիտությունների լիցենզավորման եւ այլնի հետ, նույնպես կարեւոր են, հետեւաբար կարգերում նախատեսված են համապատասխան փոփոխություններ: Այսպիսով, նախագծի ընդունմամբ ակնկալվում է ունենալ նախադպրոցական կրթական ծրագրերով եւ ծառայություններով գործունեության լիցենզիաների պայմանների եւ պահանջների պահպանման նկատմամբ միասնական վերահսկման մեխանիզմներ` ապահովելով կրթության որակի բարձրացումը, միասնական համակարգի ստեղծումը եւ արդյունավետ գործունեությունը: Ակնկալվում է նաեւ ունենալ կրթական ծրագրերով գործունեության լիցենզիայի պայմանների եւ պահանջների պահպանման նկատմամբ էապես կարեւոր պահանջների ներդրում` ապահովելով կրթության բնագավառում լիցենզավորման պայմանների ու պահանջների արդյունավետ գործունեությունը:

Ն.Պ.

 

 

ԱՐՓԻ ԳՅՈՒՂՈՒՄ ԿԱՐԵՎՈՐ ԽՆԴԻՐ Է ԼՈՒԾՎԵԼ

Երեւան-Գորիս ավտոմայրուղու հարեւանությամբ տեղակայված Արփի գյուղում կարեւոր խնդիր է լուծվել:

 

«Վիվա-ՄՏՍ»-ն ու Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) չորս տարի շարունակ՝ 2018 թվականից, այս գյուղում ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված  մի քանի ծրագիր են իրականացրել: Փողոցների արտաքին լուսավորության վերջին փուլն իրականացվել է 2021 թվականին: Ընդհանուր առմամբ գյուղի ամբողջ երկայնքով փողոցային լուսավորություն ապահովելու նպատակով այդ ամբողջ ընթացքում տեղադրվել է 234 LED-լուսարձակ։ Լուսավորված տարածքը կազմել է 9 կմ ճանապարհ, որից 2,5 կմ-ը լուսավորվել է 2021 թվականին 62 լուսարձակի տեղադրմամբ: Ծրագրի իրականացմանն աջակցել է նաեւ Արենիի համայնքապետարանը: Տարիների գործընկերները՝ «Վիվա-ՄՏՍ»-ն ու Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը, Արփիում ավարտել են երկարաժամկետ արդյունք ապահովող էներգախնայող համակարգերի ներդրման գործընթացի վերջին փուլը:

«Այս ծրագիրը շատ կարեւոր է ոչ միայն բնապահպանական, էներգախնայողության, համայնքային միջոցների տնտեսման, այլեւ մարդկանց անվտանգության ապահովման եւ հոգեբանական առումով: Այն թույլ է տալիս ոչ միայն երկարաժամկետ արդյունք ապահովել, այլեւ մեր հնարավորության սահմաններում մեղմել մայրաքաղաքի եւ մարզերի միջեւ զարգացման առկա տարբերությունը: Ենթակառուցվածքների զարգացումը, թվարկված բոլոր առավելություններին զուգահեռ,  քաղաքակիրթ պայմաններ է ապահովում հեռավոր մարզերում ապրողի համար: Տարիների մեր գործընկերության հիմքում եղել է թվարկված նպատակների իրականացումն ու կորպորատիվ սոցիալական պատասխանատվության դրսեւորումը: Մեծ խնդիրները հնարավոր է լուծել նաեւ փոքր ծրագրերի միջոցով»,- ասել է «Վիվա-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Ուրախությամբ կարող ենք նշել, որ 2021-ին մեր առաջ դրված նպատակներից եւս մեկին կարողացանք հասնել։ Արփի գյուղը գրեթե ամբողջությամբ ապահովված է փողոցային լուսավորությամբ։ Ծրագրի արդյունքում Արփիի բնակիչներն ունեն առավել ապահով միջավայր, որը կնպաստի նաեւ համայնքային կյանքի աշխուժացմանը», – ասել է Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) հիմնադիր տնօրեն Ռուբեն Խաչատրյանը։

Գյուղի բնակիչների համար տարիներ շարունակ հատկապես ամռան գիշերներն անցել են անսովոր ռեժիմով. նրանք գիշերները հերթապահություն են սահմանել  գյուղ մտած արջերից համագյուղացիներին պաշտպանելու համար: Արտաքին լուսավորության ժամանակակից համակարգի գործարկման շնորհիվ՝ գյուղն առավել ապահովագրված կլինի վայրի կենդանիների «թիրախում» հայտնվելու հավանականությունից:

Հեռավոր բնակավայրերում արտաքին լուսավորության էներգախնայող համակարգերի ներդրումը էկոգյուղերի ցանցի ստեղծման կարեւոր քայլերից է: Դա թույլ կտա այդ գյուղերը ներգրավել մի գործընթացում, որի հիմքում կայուն զարգացման չորս՝ բնապահպանական, տնտեսական, մշակութային եւ սոցիալական բաղադրիչներն են:

Էներգախնայող, ժամանակակից համակարգի գործարկումն արդյունավետ է բնապահպանական եւ համայնքի միջոցները տնտեսելու տեսանկյունից:




Լրահոս