ԸՆԴՈՒՆՈՒՄ ԵՆ ՕԿՈՒՊԱՑԻԱՅԻ ՓԱՍՏԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Արցախի օկուպացված տարածքների մասին»  օրենքի նախագիծը Արցախի խորհրդարանում առաջին ընթերցմամբ կքննարկվի փետրվարի 16-ի նիստում, ապա անցնելու դեպքում երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ կքննարկվի արդեն փետրվարի 20-ին: Սա այն եզակի դեպքերից եւ նախագծերից է, երբ հեղինակները ԱԺ բոլոր հինգ խմբակցություններն են: «Ժողովուրդ» օրաթերթին մի քանի մանրամասներ են հայտնի դարձել նախագծից: Նախ՝ նկատենք, որ այս նախագծի անհրաժեշտությունն առաջացել է 44-օրյա պատերազմից հետո, երբ Արցախի մեծ մասն օկուպացվեց Ադրբեջանի կողմից, եւ այժմ օրենքի նախագծում մանրամասն նշվելու են այդ հանգամանքները, դրանց հետեւանքները եւ օկուպացված տարածքները: Այսինքն՝ Արցախն ընդունելու է, որ տեղի է  ունեցել օկուպացիա, եւ այդ մասին օրենք է ընդունելու՝ նշելով տեղանունները, տարածքները, վեր հանելով  նաեւ փախստական անձանց խնդիրները։ Առաջին հերթին խոսքը վերաբերում է  Հադրութից տեղահանված մարդկանց կարգավիճակին: Բացի այդ, օրենքում բարձրացվելու են մշակութային, պատմական ժառանգության խնդիրներ, որոնք այժմ առկա են: Հավելենք, որ օկուպացիայից հետո այսպիսի նախագծերի մշակումն ու ընդունումը միջազգային ընդունված պրակտիկա է։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այն շրջանառության մեջ է դրված բոլոր խմբակցությունների կողմից, այն միանշանակ կընդունվի:

 

 

 

ՀՀ արդարադատության նախարարությունը հանդես է եկել «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին  նախագծի փաթեթով: Փաթեթը Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվելու է փետրվարի 4-ին: Այժմ գործող կարգավորումներով պետական բյուջե կարող են փոխանցվել միայն դրամական միջոցներ: Ստացվում է, որ հիմնադրամի լուծարման դեպքում մնացած այլ գույքը չի կարող փաստացի փոխանցվել պետական բյուջե, քանի որ պետական բյուջեն ձեւավորվում է բացառապես դրամական միջոցներից: Միաժամանակ այլ գույքը չի կարող ամրակցվել որեւէ մարմնի, քանի որ «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի եւ «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի դրույթներով հստակ ձեւակերպված է, որ համապատասխան դեպքում գույքը փոխանցվում է պետական բյուջե: Հիմնավորման համաձայն՝ խնդիր է ծագում դրամական միջոց չհանդիսացող գույքը համապատասխան մարմնին ամրակցելու հետ կապված, եւ առաջանում է ««Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» սահմանադրական օրենքի անհրաժեշտությունը։

 

 

«Ժողովուրդ»  օրաթերթի  տեղեկություններով՝ քաղաքական  իշխանությունները, հասկանալով, որ  դատավորների  նկատմամբ կարգապահական վարույթներ  հարուցելով՝ չեն կարողանում նրանց  վախեցնել, անցել են քրեական  վարույթներին: Մեզ հասած  տեղեկությունների համաձայն՝ սկսվել է դատավորների  գործունեությունը  ուսումնասիրելու  գործընթաց։ Այդ  ուսունասիրության  արդյունքում Հակակոռուպցիոն  կոմիտեն քրեական  գործ  է  հարուցում  Վերաքննիչ  քրեական դատարանի  դատավոր, դատավորների միության  նախագահ Ալեքսանդր  Ազարյանի  գործավարուհու  գործողությունների  մասով, սակայն  ավելի  ուշ  դատախազությունը  գործը  փակել  է: Հիմա  էլ գործընթաց  է սկսվել  Սյունիքի մարզի  դատավոր Բորիս Բախշիյանի  մասով,  որի վարույթում է գտնվում Սիսական ջոկատի լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանի՝ Աշոտ Երկաթի գործը։ Օրերս դատավոր Բախշիյանը որոշում էր կայացրել Մինասյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու մասին, ինչից հետո Մինասյանն ազատ է արձակվել։ Դատավոր Բորիս Բախշիյանի վարույթում են գտնվում նաեւ Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի եւ Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանի վերաբերյալ քրեական գործերը։ Ու  ըստ իրավապահ համակարգի մեր  աղբյուրների՝ այսքանով  ամեն  ինչ  չի  ավարտվում, ասել է թե՝ դատավորներին  կալանքի  տանելու  կամ  քրեական  վարույթներով  վախեցնելու  գործընաց  է սկսվել:

 

 

Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճում է, իսկ գյուղատնտեսությունը` անկում ապրում: Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 5.8 տոկոսով. սա նախորդ տարվա հունվար-դեկտեմբեր ամիսների տվյալն է՝ 2020 թվականի նույն ժամանակահատվածի հետ համեմատ, որը հրապարակել է ՀՀ վիճակագրական կոմիտեն: Բայց, սրան զուգահեռ, նկատենք, որ գյուղատնտեսության ոլորտում է անկում արձանագրվել, այն էլ՝ 1.1 տոկոսի չափով: Փոխարենը Վիճակագրական կոմիտեն շինարարության ոլորտում է աճ արձանագրել 7.4 տոկոսով: Ի դեպ, առեւտրի շրջանառության ծավալները եւս 7.5 տոկոսով ավելացել են: Արդյունաբերական արտադրանքի ծավալներն աճել են 3.3 տոկոսով: «Ժողովուրդ»  օրաթերթը տեղեկացավ, որ Հայաստանի սպառողական շուկայում վիճակագրական կոմիտեն նախորդ տարվա ընթացքում արձանագրել է 7.2 տոկոս գնաճ: Նշենք, որ մեր հանրապետությունում թանկացել է ամեն ինչ՝ հացը, շաքարավազը, բանջարեղենը եւ առաջին անհրաժեշտության այլ սննդամթերք: Արտահանման ծավալները, եթե դիտարկենք 2021 հունվար-դեկտեմբեր ամիսների կտրվածքով,   աճել են 19.1 տոկոսով: Ներմուծման ծավալները եւս աճել են. նախորդ տարի, 2020 թվականի նույն ժամանակահատվածի հետ համեմատ  16.9 տոկոսով են աճել:

 

 




Լրահոս