ԻՆՉՊԵ՞Ս ՍՏԱՆՁՆԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարդենիսի համայնքապետի աշխատասենյակի բանալին ու համայնքապետարանի կնիքը մինչև այս պահը չի հայտնաբերվել, որպեսզի ընտրված համայնքապետ Ահարոն Խաչատրյանն աշխատանքի անցնի։

 

Վարդենիս խոշորացված համայնքի ավագանու, ընդդիմադիր «Միասնական Վարդենիս» եւ «Ահարոն Խաչատրյան» խմբակցությունների շահերը ներկայացնող փաստաբան Վարազդատ Հարությունյանն ասում է, որ նոր համայնքապետի երդման պահից սկսած դադարում են նախկինի լիազորությունները: Բայց, Ահարոն Խաչատրյանը հարց է տալիս՝ ինչպե՞ս ստանձնի լիազորությունները, դուռը հո չի՞ ջարդի ու ներս մտնի։ Բացի դրանից հավելում է՝ առանց կնիքի որոշումներ էլ չի կարող կայացնել:

Տպավորություններով՝ վարդենիսցիների մոտ անհասկանալի իրավիճակ է, իսկ իրավական առումով՝ ՔՊ-ական անդամները՝ որպես հայցվորներ, դիմել են Վարչական դատարան։ Նրանք վիճարկում են այն որոշումը ավագանու նիստի, որով արձանագրվել է Ահարոն Խաչատրյանի ընտրվելու արդյունքները։ Իրենք դա վիճարկում են, մենք պնդում ենք, որ դա վարչական ակտ չէ եւ ընդհանրապես վիճարկման ենթակա չէ։ Արձանագրային որոշում է. հասցեատերը նույն վարչական մարմնի հետ կազմակերպչական կապի մեջ գտնվող ավագանու անդամներից մեկն է, այսինքն՝ Ահարոն Խաչատրյանը։ Մեր բոլոր պնդումները հայցվորների մոտ ոչինչ չփոխեցին։ Հայցվորները ցայտնոտային տրամադրությունների մեջ դատական նիստի ժամանակ ստիպված եղան հրաժարվել ածանցյալ պահաջնից, որն ընտրության արդյունքները անվավեր ճանաչելն էր։ Ու անհասկանալի մնաց ե՛ւ մեր, ե՛ւ դատարանի համար, թե էլ ինչ են պահանջում ընդհանրապես իրենք դատարանից։ Նրանք նույնիսկ չկարողացան ներկայացնել, թե ինչ են պահանջում։ Դատաքննության անցավ անհասկացվածության մթնոլորտում։ Այսօր լինելու է վճիռ։ Մինչեւ վճիռը, մեր պնդումն էր, որ հայցադիմումը վարույթ ընդունելն ինքնին չի նշանակում, որ Ահարոն Խաչատրյանի լիազորությունները կասեցվել են։ Այսինքն,  ցանկացած, կամայական մեկը, կարող էր հայցով դիմել դատարան, իսկ դա չէր նշանակելու, որ Ահարոն Խաչատրյանի լիազորությունները կասեցված են։ Մենք այդ պարզաբանող գրությունն ուղարկել են նաեւ Վարդենիսի  ոստիկանություն, իրենք, ըստ էության, համաձայնել են մեզ հետ։ Նրանք համաձայնել են նաեւ վարույթ իրականացնել, փնտրել ու հասկանալ, թե որտեղ են ղեկավարի սենյակի բանալիներն ու համայնքապետարանի կնիքը։                                                         -Այսինքն կի՞նն է իր հետ տարել։

-Կինն է իր հետ տարել։ Կինն ասում է, որ տվել է աշխատակազմի քարտուղարին, նա իր հերթին գրավոր հերքում է՝ ասելով՝ իրեն ոչինչ չի հանձնվել։ Ըստ էության՝ խնդիրը կնիքի ու բանալիների մեջ չէ այնքան, որքան այնտեղ, որ նախկին համայնքապետի աշխատողները՝ այդ թվում աշխատակազմի քարտուղարը, սաբոտաժ են անում։ Այսինքն՝ իրենք ամեն կերպ, ցանկացած պատրվակով, փորձում են խոչընդոտել համայնքի նորընտիր ղեկավորի կողմից լիազորությունների իրականացմանը։ Նրանք անընդհատ շեշտում են՝ սպասենք, տեսնենք՝ դատը ինչ է լինելու։ Եթե վճիռ եղավ, մեզ համար բացասական եղավ, մենք ենք բողոքարկելու Վարչական վերաքննիչ դատարան, իրենց համար բացասական եղավ, իրենք են բողոքարկելու։  Բայց դա չի նշանակում, որ մենք պետք է անվերջ դատական պրոցեսների պատճառով Վարդենիսում ունենանք թերի իշխանության իրավիճակ. կա կարծիք, որ իշխանությունն ուզում է նման պատկեր ստեղծել Վարդենիսում, որ տեսեք՝ իշխանություն չկա, պետք է ժամանակավոր պաշտոնակար նշանակել կամ նոր ընտրություններ անել։

 

 

ԽՈՇՈՐ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ՝ ՀԱՅՐԱԿԱՆ ԳՅՈՒՂՈՒՄ

Հայաստան-սփյուռք կապերի մասին խոսվում է ամեն օր. տպավորություն է, որ ամբողջությամբ չօգտագործված ներուժի հիմնական մեղավորը հենց պետությունն է, որ այդպես էլ չկարողացավ ստեղծել լիակատար վստահության մթնոլորտ, չկարողացավ ստեղծել համակարգ` ինչը Հայաստան կբերեր նման նոր  մարդկանց ու նոր ներդրումներ:

 

Մեր օրաթերթը ժամանակ առ ժամանակ նամակներ է ստանում համայնքներից, բազմազավակ կամ սոցիալապես անապահով ընտանիքներից, որոնք ցանկանում են մեր միջոցով շնորհակալություն հայտնել՝ այս կամ այն բարերարին: Նամակ կամ զանգ ստանալուց հետո մենք սկսում ենք փոքրիկ հետաքննություն, ու եթե ներկայացվածը համապատասխանում է իրականությանը` արձագանքում ենք քաղաքացիների խնդրանքին: Հերթական զանգը  Արարատի մարզի Լուսառատ համայնքից էր, որտեղ կառուցված ֆուտբոլային նոր դաշտն ու տեղում մանկապատանեկան թիմերի ստեղծումը նիդերլանդահայ բարերար, շուրջ 30 տարի Նիդերլանդների թագավորությունում ապրած Արմեն Սարգսյանի եւ նրա ընտանիքի ներդրումների արդյունքնն է:  Մեր հաշվարկներով` բարերարի կողմից միայն գյուղական ֆուտբոլային դաշտի վերակառուցման եւ տեղում մանկապատանեկան թիմ պահելու վրա ծախսվել է շուրջ 70հզ ամերիկյան դոլարին համարժեք դրամ. կա ոչ միայն ֆուտբոլային որակյալ պարագաների անհրաժեշտ քանակ, այլեւ` տեղում ձեւավորված թիմը մասնակցում է Հայաստանի իրենց հասակակիցների առաջնությանը, իսկ տրանսպորտային ծախսերն ու մարզչի աշխատավարձը նույնպես հոգում է Արմենը: Մեզ փոխանցեցին, որ Սարգսյանների ընտանիքը պլանավորում է մշտական բնակություն հաստատել հայրենիքում. մասնավորապես, տարվա մեծ մասը ծննդավայրում է բարերարի հայրը` Արցախյան առաջին պատերազմի վետերան Հակոբ Սարգսյանը: Մեզ տեղեկացրին, որ պլանավորված են խոշոր այլ ներդրումներ, որոնց կյանքի կոչվելու դեպքում Արարատի մարզի Լուսառատ համայնքը կարող է դառնալ օրինակելի, ու գյուղից  եկած ու հաջողություններ գրանցած մեր մյուս հայրենակիցներն էլ մի քիչ գումար կներդնեն իրենց ծննդավայրերի համար` ինչպես անում են Արմենի նման մարդիկ: Տարիների ընթացքում շատ ենք լսել դեպքեր, երբ  այս կամ այն չինովնիկը նեղացրել է բարերարներին. հույս ունենք, որ երկրում գոնե այս մասով իրավիճակ իրապես փոխվել է, եւ նման մարդկանց անկեղծորեն կօգնեն ու կգնահատեն: Շղթայական ռեակցիան կսկսվի այդպես:

 

 

 

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ

Արմեն Սարգսյանի լիազորությունները Հայաստանի նախագահի պաշտոնում դադարեցին. Ազգային ժողովի խոսնակ Ալեն Սիմոնյանն ստորագրել է համապատասխան արձանագրությունը։ «Հիմք ընդունելով Հանրապետության նախագահի հրաժարականի մասին դիմումը եւ առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 142-րդ հոդվածի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 1-ին մասի եւ 2-րդ մասի 2-րդ կետի պահանջներով՝ դադարած համարել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ նախագահի լիազորությունները», – ասված է ԱԺ հրապարակած արձանագրությունում։ Ինչպես հայտնի է, ըստ ՀՀ Սահմանադրության՝ ՀՀ նախագահի պաշտոնանկության, լիազորությունների կատարման անհնարինության, հրաժարականի կամ մահվան դեպքերում մինչեւ նորընտիր նախագահի կողմից պաշտոնի ստանձնումը, հանրապետության նախագահի լիազորությունները կատարում է Ազգային ժողովի նախագահը: Կրկին ՀՀ Սահմանադրության համաձայն՝ ՀՀ նախագահի պաշտոնանկության, լիազորությունների կատարման անհնարինության, հրաժարականի կամ մահվան դեպքերում՝ նախագահի պաշտոնը թափուր մնալուց ոչ շուտ, քան 25, եւ ոչ ուշ, քան 35 օր հետո անցկացվում է նախագահի արտահերթ ընտրություն: Եվ, ըստ հաշվարկների, չի բացառվում, որ նախագահի ընտրությունը կարող է տեղի ունենալ փետրվարի 25-ից սկսած տասն օրվա ընթացքում։

 

 

 

ՍԱԿԱԳԻՆ

Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը փետրվաի 1-ից բարձրանում է. բաժանորդները միջինը 4.7 դրամով ավելի կվճարեն սպառած յուրաքանչյուր կՎտ*ժ-ի համար։ Տեղեկացնենք, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դեռեւս նախորդ տարեվերջին քննարկել եւ սահմանել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագները, որոնք գործելու են այս տարվա փետրվարի 1-ից: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ սոցիալապես անապահով ընտանիքների (բնակիչ-բաժանորդների շուրջ 11%-ի) համար գործող սակագները կմնան անփոփոխ։ Իսկ ահա ամսական մինչեւ 200 կՎտ*ժ սպառում ունեցող բնակիչների (բնակիչ-բաժանորդների 55%-ը) համար սակագները կավելանան 1.5 դրամ/կՎտ*ժ-ով, ամսական 201-400 կՎտ*ժ սպառում ունեցող բնակիչների (բնակիչ-բաժանորդների 25%-ը) համար սակագները կավելանան 3.5 դրամ/կվտ/ժ-ով։ Նշենք, որ մնացած սպառողների համար սակագները կավելանան 5.5 դրամ/կՎտ*ժ-ով։ Սրան զուգահեռ նկատենք, որ հունվարի 1-ից ջրի սակագինն է բարձրացել. 2022 թվականի համար սոցիալապես անապահով բաժանորդների համար սակագինը կմնա անփոփոխ՝ 180 դրամ, իսկ մյուս բաժանորդների համար այն կկազմի 200,47 դրամ: Գաղտնիք չէ, որ ջրի եւ էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումը խիստ բացասական կանդրադառնա քաղաքացու գրպանի վրա: Չէ որ ե՛ւ ջրի ե՛ւ էլէներգիայի սակագների բարձրացումը հանգեցնելու է թանկացումների հսկայական շղթայի: Բայց միաժամանակ արձանագրենք, որ գնաճը զսպող որեւէ քայլ չի անում կառավարությունը:

 




Լրահոս