«Մենք պատկերացնում ենք, որ մի օր դատախազությունը, ԲԴԽ-ն գալու են հայտարարեն՝ սիրելի հայրենակիցներ, մենք իրականացնում ենք քաղաքական հետապնդում կամ սելեկտիվ արդարադատությո՞ւն. Դա երբեք չեք տեսնելու»: Այս մասին նշել է Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը:
«Նույնիսկ Խորհրդային Միության ռեպրեսիաների ժամանակ սովետական իշխանությունից երբեք չէիք լսի, որ ռեպրեսիաներ են իրականացնում, բայց բոլորը հասկանում էին, որ իրականացվում են ռեպրեսիաներ: Սա այդ դեպքերից մեկն է: Ցավով պետք է նշեմ, որ ԲԴԽ-ն, որը Սահմանադրությամբ օժտված է այնպիսի կարգավիճակով, որ պաշտպանի դատավորներին, երաշխավորի դատավորների անկախությունը, իրականում հակառակն է անում: Միաձայն որոշել է, որ դատավորին թող հետապնդեն, թող տանեն՝ կալանավորեն: Իսկ ԲԴԽ 9 անդամների մոտ հարց չի առաջանո՞ւմ, որ դատավոր Բորիս Բախշիյանին հիշել են հենց հիմա: Այդ ոնց է ստացվում, որ 2019-ին դատավոր Դավիթ Գրիգորյանի մասին հիշեցին Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելուց հետո:
Ի դեպ, դեպքը, որով անհեթեթ մեղադրանք էին առաջադրել, վերաբերում էր ամիսներ առաջվա մինչեւ Ռ. Քոչարյանի գործով կայացված դատական ակտին: Ցանկացած անաչառ դիտորդ, եթե այս ամենը տեսնի, կարո՞ղ է ենթադրել կամ համոզված լինել դրանում, որ այստեղ ոչ մի պատահականություն չկա: Այն, որ հիմա են հետապնդում սկսել, բացառապես պայմանավորված է նրանով, որ կոնկրետ այս դատավորը վերջին ժամանակահատվածում ցուցաբերել է իրական անկախությունը: Կարծես «Աշոտ Երկաթի գործը» համբերության բաժակը լցվելու փուլն էր»,-ասել է պատգամավորը: Վարդեւանյանը անդրադարձել է եվրոպական կառույցների գնահատականներին, մասնավորապես ԵԽԽՎ-ի՝ Հայաստանին վերաբերող բանաձեւին, ասելով. «Իրենք իսկապես կարծում են, որ այսպիսի հասարակությունն է ժողովրդավա՞ր, այսպիսի ապօրինություննե՞րն են ողջամիտը, կարծում են՝ պատգամավորներին 6 ամիս կալանավորած պահելն է ժողովրդավարության բնորո՞շ»:
Նա նկատել է, որ ոչ մի իշխանություն հավերժ չէ. «Սադամ Հուսեյնն էլ էր ասում, որ ոչ մեկի նկատմամբ ռեպրեսիա չի իրականացվում, որ Իրաքի դատարաններն աշխարհի ամենաարդար դատարաններն են, բայց մարդկանց տանում էին, տարիներով անազատության մեջ էին պահում, այլակարծությունն էին ճնշում, լրագրողներին էին քաշքշում: Սա՞ է ժողովրդավարությունը»։ Արմեն Սարգսյանի լիազորությունները՝ որպես Հանրապետության նախագահի, դադարել են, 5-օրյա ժամկետ կա թեկնածու առաջադրելու կամ չառաջադրելու համար: Նման կարծիք է հայտնել Ա. Վարդեւանյանը։ «Սահմանադրությունն ասում է, որ ընդդիմությունը նույնպես կարող է թեկնածու առաջադրել, բայց այս հարցը պետք է քննության առարկա դառնա՝ առաջադրել թե ոչ: Այս իշխանությունները հայտարարել են, որ իրենք չեն էլ ակնկալում, որ իրենց թեկնածուն պետք է ԱԺ-ի 3/4-ը ունենա: Այսինքն՝ իրենք արդեն երկրորդ փուլի մասին են մտածում: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ վերաբերմունք է Սահմանադրության նկատմամբ: Ի վերջո, այդ 3/4-ը ինչի՞ են գրել Սահմանադրության մեջ: Գրել են նրա համար, որ այդ բոլոր քաղաքական ուժերը մտածեն՝ այնպիսի թեկնածու առաջադրեն, որը կարողանա նման լեգիտիմություն ունենա, անկախություն ունենա, որ կարողանա իր գործունեությունը իրականացնել: Իրենք նույն ոգեւորությամբ ասում են, որ մեկ ուժով կարողացել են ընտրել ՄԻՊ-ին: Սա շատ վատ բան է»,-ասել է նա:
Վարդեւանյանի խոսքով՝ Քաղաքացիական պայմանագրի կողմից նախագահի թեկնածու Վահագն Խաչատրյանը, բոլոր դեպքերում, իշխող թիմի անդամ է. «Սահմանադրությունն ասում է, որ նախագահը պետք է առաջնորդվի համազգային, համապետական շահերով:
«Եթե դու արդեն մի թիմի անդամ ես, ո՞նց ես այդպես առաջնորդվելու»: Նա նկատել է, որ Արմեն Սարգսյանը ՀՀ նախագահ էր ընտրվել ԱԺ պտգամավորների թվի 3/4-ով. «Ինչի նախկին իշխանությունները չէի՞ն կարող երկրորդ փուլով ընտրել Արմեն Սարգսյանին: Իհա՛րկե կարող էին, բայց ընտրվեց 3/4-ով, որովհետեւ դա կարեւոր բաղադրիչ է»,-ընդգծեց «Հայաստան»-ի պատգամավորը:
Ն. Պ.
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ՝ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ
ՀՀ ՔԿ ԶՔԳՎ հատկապես կարեւոր գործերի քննության վարչությունում ավարտվել է 2021 թվականի նոյեմբերի 16-ին ՀՀ ՊՆ N զորամասի պահպանությանը հանձնված՝ պաշտպանության շրջանի հենակետում մարտական հերթապահություն կրելու կանոնները խախտելու (որն առաջացրել է ծանր հետևանքներ) փաստի առթիվ քննվող քրեական գործի նախաքննությունը։
Պարզվել է, որ մայոր Գ.Գ.-ն, 2021 թվականի նոյեմբերի 16-ին իրականացնելով ՀՀ ՊՆ N զորամասի գումարտակի հրամանատարի պաշտոնակատարի պարտականությունները, նշանակված լինելով որպես նույն գումարտակի պահպանությանը հանձնված պաշտպանության շրջանի պատասխանատու եւ ընդգրկված լինելով մարտական հերթապահությունում գումարտակի պահպանությանը հանձնված տեղամասում, նույն գումարտակի հրամանատարի տեղակալ, մայոր Ն.Ե.-ն նույն ժամանակ ընդգրկված լինելով մարտական հերթապահությունում՝ որպես դիրքի ավագ, իսկ պայմանագրային զինծառայող, շարքային Ս.Մ.-ն՝ իրականացնելով մարտական դիրքի դիտորդի պարտականությունները, խախտել են «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքով, ՀՀ պաշտպանության նախարարի համապատասխան հրամանով հաստատված մարտական հերթապահության կազմակերպման եւ իրականացման կանոնադրությամբ սահմանված կանոնները, որպիսի գործողություններն առաջացրել են ծանր հետեւանքներ. Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք, հրամանատարական դիտակետ հանդիսացող N մարտական դիրքն անցել է հակառակորդի վերահսկողության տակ, մարտական դիրքում գտնվող ընդհանուր 21 զինծառայողներից 13-ը գերեվարվել են հակառակորդի կողմից. նրանցից երկուսի՝ Տարոն Ջիվանի Սահակյանի եւ Արսեն Սենիկի Գասպարյանի սպանված դիերը, համապատասխանաբար, 2021թ. նոյեմբերի 17-ին եւ 19-ին փոխանցվել են հայկական կողմին։ Գերեվարված զինծառայողներից 8-ը հետագայում վերադարձվել են հայկական կողմին, եւս 3 ռազմագերիներ դեռեւս պահվում են Ադրբեջանի Հանրապետությունում: Քրեական վարույթի շրջանակներում Գ.Գ.-ին, Ն.Ե.-ին եւ Ս.Մ-ին մեղսագրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցավոր արարքի կատարում: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված է կալանավորումը։ Նշված երեք անձանց մասով նախաքննությունն ավարտվել է: Քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու եւ դատարան ուղարկելու միջնորդությամբ՝ ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին: 2022 թվականի հունվարի 27-ին քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան։
ԿԱԼԱՆԱՎՈՐ Է ՄԱՀԱՑԵԼ
Նախօրեին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողն ահազանգել է, որ կալանավորված անձ, 2000 թվականին ծնված Ռ. Ք.-ն անշարժ պառկած է իր անկողնում եւ չի արձագանքում իր հարցերին: Ահազանգից անմիջապես հետո հիմնարկի բուժաշխատողի կողմից փորձ է արվել ցուցաբերել առաջին օգնություն, միաժամանակ կանչվել է շտապօգնություն: Շտապօգնության աշխատակիցները եւս փորձել են ցուցաբերել բուժօգնություն, սակայն վերջիններիս կողմից արձանագրվել է Ռ. Ք.-ի կենսաբանական մահը: ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի եւ Անիի քննչական բաժնում մահվան հանգամանքները պարզելու նպատակով նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
ՔՈՉԱՐՅԱՆԻ ՆԻՍՏԸ ՀԵՏԱՁԳՎԵՑ
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, կրկին ստիպված էր հետաձգել ԵԴ/0253/01/19 գործով քննությունը։ Դատական նիստին ներկա չէին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները։ Դատավոր Աննա Դանիբեկյանը հայտնեց, որ պաշտպաններ Հովհաննես Խուդոյանը եւ Արամ Օրբելյանը տեղեկացրել են դատարանին իրենց վատառողջ լինելու մասին, իսկ Հայկ Ալումյանը մասնակցում է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի մագիստրոսական թեզերի պաշտպանությանը։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց փետրվարի 8-ին։
ՎԱՎԵՐԱՑՎԵԼ Է ՇՈՒՇԻԻ ՀՌՉԱԿԱԳԻՐԸ
Ադրբեջանի խորհրդարանը լիագումար նիստում վավերացրել է Թուրքիայի հետ դաշնակցային հարաբերությունների մասին Շուշիի հռչակագիրը: Շուշիի հռչակագիրն ընդունվել էր 2021թ. հունիսի 15-ին, այն ստորագրել էին Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահները՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւ Իլհամ Ալիեւը: Հռչակագրի համաձայն՝ երկու երկրները պայմանավորվել էին միմյանց փոխադարձաբար ռազմական օգնություն տրամադրել՝ երկրներից մեկի անկախությանը, ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը սպառնացող վտանգի դեպքում: