ԿԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐՆ ՈՒՆԵՆ ԱՌԱՋԽԱՂԱՑՄԱՆ ԽՈՉԸՆԴՈՏՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կին զինծառայողներն ունեն առաջխաղացման խոչընդոտներ, չկան երաշխիքներ ամուսնացած կամ հղի կանանց համար եւ այլն. նոր առաջարկներ կուղարկվեն ԱԺ պաշտպանության հանձնաժողով եւ ՊՆ։ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մասնագիտացված ստորաբաժանումը՝ Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժինը, իրականացրել է ուսումնասիրություն, որի նպատակն է պաշտպանել եւ խթանել զինված ուժերում կանանց իրավունքները: Հայաստանի զինված ուժերում խտրականության արգելքի երաշխավորումը, կին զինծառայողների իրավունքների ապահովումն ու նրանց կարգավիճակի ու դերի բարձրացումը Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության առաջնահերթություններից է:

 

Նախ՝ օրենսդրությունը հիմնականում սեռով պայմանավորված չեզոք (gender-neutral) է, սակայն հստակ երաշխիքների պակասը (նաեւ բացակայությունը) բերում է նրան, որ գործնականում ոչ միշտ են հաշվի առնվում սեռային առանձնահատկությունները Զինված ուժերում: Սա կին զինծառայողներին հաճախ է կանգնեցնում խոչընդոտների առջեւ: Օրենքը պետք է լրացուցիչ երաշխիքներ նախատեսի զինվորական ծառայություն անցնող կանանց համար: Չնայած ՊՆ եւ ԳՇ իրավասու ստորաբաժանումները կին զինծառայողների իրավունքների ապահովման ուղղությամբ կատարել են որոշակի աշխատանք, այդուհանդերձ կան օրենսդրական խոչընդոտներ, որոնք Զինված ուժերում հանգեցնում են կանանց իրավունքների ոտնահարումների՝

1) թեեւ Հայաստանում կանայք կրթությամբ չեն զիջում տղամարդկանց, Զինված ուժերում կին զինծառայողների տոկոսային հարաբերակցությունը, տղամարդ զինծառայողների համեմատությամբ, բավական ցածր է: Այս մասին են վկայում նաեւ Պաշտպանության նախարարության տվյալները: Զինված ուժերում ներգրավվածության փորձի բացակայության պարագայում կանայք ավելի քիչ են հնարավորություն ունենանում արտահայտելու իրենց կարծիքը անվտանգությանն առնչվող խնդիրների վերաբերյալ:

Շատ ժամանակ նրանք ներգրավված չեն զինվորական ստորաբաժանումներում որոշումների կայացմանը:

2) Դրանից բացի, հասարակությունում կա կարծրատիպային վերաբերմունք կին զինծառայողների նկատմամբ, եւ կանայք բավարար կերպով ներկայացված չեն զինվորական բարձր պաշտոններում: Ավելին՝ կին զինծառայողները հիմնականում զրկված են առաջխաղացման հնարավորությունից: Կանայք առավել մեծ թիվ են կազմում միայն շարքային կազմի եւ ավագ ենթասպայական կազմի պաշտոններում, մինչդեռ սպայական կազմում կին զինծառայողների հարաբերակցությունը բավական ցածր է: Կին զինծառայողները բախվում են խոչընդոտների նաեւ սպայական կոչում ստանալիս: Այս մտահոգության մասին զորամասեր այցերի եւ առանձնազրույցների ընթացքում մեզ հայտնել են հենց կին զինծառայողները:

3) «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքը հնարավորություն չի տալիս երեխայի խնամքի համար արձակուրդի ժամանակահատվածը հաշվի առնել հերթական զինվորական կոչում շնորհելու համար: Սա այն խոչընդոտներից է, որի պատճառով կին զինծառայողները բավարար ներկայացված չեն բարձր պաշտոններում եւ հիմնականում զրկված են առաջխաղացման հնարավորությունից:

Բացի այդ, նշված սահմանափակման հետեւանքով կին զինծառայողները կարող են կանգնել, մի կողմից, ընտանիք եւ երեխաներ, մյուս կողմից՝ աշխատանք եւ աշխատանքում առաջընթաց ունենալու երկընտրանքի առաջ:

4) Զինվորական օրենսդրությամբ առկա չեն խրախուսական նորմեր այն կին զինծառայողների համար, ովքեր ունեն մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդից օգտվելու հնարավորություն, սակայն ծառայելու նպատակով այդ արձակուրդից իրենց ցանկությամբ չեն օգտվել:

5) Հղի կին ծառայողների համար հատուկ հանդերձանք նախատեսված չէ, մինչդեռ հղի կանանց համազգեստի հարմարավետության տեսանկյունից, հաշվի առնելով նաեւ այլ երկրների փորձը, ճիշտ կլինի նրանց համար նախատեսել հատուկ համազգեստ:

6) Որեւէ իրավական ակտում հրապարակված չեն, թե որոնք են կանանց համար հասանելի զինվորական հաշվառման ենթակա մասնագիտությունները, ինչը խոչընդոտ է կանանց համար զինվորական հաշվառման նպատակով դիմելու եւ հետագայում զինվորական ծառայություն անցնելու համար:

7) Կանանց զինվորական ծառայության խրախուսման տեսանկյունից կարեւոր կլինի նաեւ ընդհանրապես ընտանեկան կյանքի առանձնահատկությունների հաշվառմամբ օրենսդրության վերանայումը: Միեւնույն ժամանակ, առկա չեն օրենսդրական երաշխիքներ պայմանագրային զինծառայողին ծառայության նոր վայր տեղափոխելու դեպքում նույն զորամասում քաղաքացիական հաստիք զբաղեցնող նրա ամուսնուն (կնոջը) նրա հետ ծառայության նոր վայր տեղափոխելու, ինչպես նաեւ տարբեր համակարգերում ծառայող ամուսիններից մեկին ծառայության նոր վայր տեղափոխելու դեպքում մյուս ամուսնուն հնարավորին մոտ զորամասում ծառայության տեղափոխելու վերաբերյալ:

Նախատեսված չէ նաեւ զինծառայողին մինչեւ վեց ամիս ժամկետով վերապատրաստման գործուղելու դեպքում զինծառայող հանդիսացող նրա ամուսնուն (կնոջը) նրա հետ գործուղելու կամ դրա անհնարինության դեպքում՝ չվճարվող արձակուրդ տրամադրելու հնարավորություն։ Վերը նշված խնդիրները տարիներ շարունակ բարձրացվել են Մարդու իրավունքների պաշտպանի ինչպես տարեկան հաղորդումներով, այնպես էլ Պաշտպանության նախարարության եւ ԶՈՒ Գլխավոր շտաբի հետ քննարկումների ժամանակ: Անհրաժեշտ է անհապաղ իրագործել նշված առաջարկները: Այս հայտարարությամբ ներկայացված առաջարկները կուղարկվեն Ազգային ժողով, այդ թվում՝ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով, խմբակցություններին, ինչպես նաեւ Պաշտպանության նախարարություն:

Ն. Պ.

 

 

 

ՀԱՑԱԴՈՒԼ ԵՎ ՋՐԱԴՈՒԼ՝ ԳՈՐԻՍԻ ԲԱՆՏՈՒՄ

ArmLur.am-ի հետ զրույցում փաստաբան Յուրա Ավայանը հայտնեց.

 

«44-օրյա պատերազմին կամավոր մասնակից Արտակ Խարտխալյանը , ով ռազմաճակատի ամենաթեժ հատվածներում մասնակցել է մարտերի, ապա նաեւ հրադադարից հետո է շարունակել կամավոր պաշտպանել հայրենիքի սահմանները, ապօրինի կալանավորվել է եւ պահվում է «Գորիս» ՔԿՀ-ում: 31.01.2022 թվականից հացադուլ եւ ջրադուլ է հայտարարել՝ վերջինիս նպատակն է վերջ դնել վարույթն իրականացնողի եւ դատարանների ապօրինություններին: 2021 թվականի փետրվարի 24-ից մինչեւ 2021թվականի օգոստոսի 24-ը Արտակ Խարտխալյանը գտնվել է անազատության մեջ, որից հետո շուրջ 4 ամիս գտնվել է ազատության մեջ՝ դրեւորելով պատշաճ վարքագիծ, սակայն 27.12.2021 թվականին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ն. Օհանյանը ապօրինի անձին 1 ամսով զրկել է ազատությունից կալանվորման հիմքում՝ դնելով այնպիսի հիմքեր, որոնք նույնիսկ նախնական կալանքի ժամանակ դատարանների որոշումներով առկա չեն եղել, նույնիսկ քննիչը նման հիմքեր չի նշել իր միջնորդության մեջ: Բացի այդ, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լ. Սեփխանյանը կրկին ապօրինի, առանց որեւէ հիմքի, որոշել է 2 ամսով երկարացնել Խարտխալյանի կալանավորման ժամկետը: Այսինքն՝ Օհանյանի կողմից քննիչի միջնորդությունը մասնակի բավարարելով՝ ակնկալվում էր, որ 1 ամսում կա՛մ կհայտարարվի գործի նախաքննության ավարտ, կա՛մ Արտակ Խարտխալյանը ազատ կարձակվի: Արդյուքում անձը, առանց որեւէ իրավական հիմքի, այն պարագայում, երբ նույնիսկ քննիչն է հայտնում, որ որեւէ գործողություն չունի անելու, միայն սպասելու են փորձաքննությունների եզրակացությունների ստացմանը, դատարանը անձին զրկում է ազատությունից, այն էլ՝ չկատարած արարքի համար: Բացի այդ, սույն գործով ի սկզբանե կատարվել են մի շարք ապօրինություններ, եւ փորձեր են արվում կատարել վարույթն իրականացնողի անգործությունը, ենթադրյալ հանցագործութունը կատարած իրական մեղավորին ազատության մեջ պահելու համար: Ըստ ամիսներ տեւած նախաքննության՝ պարզ է դարձել, որ Վահե Մկրտչյանին մահ պատճառվել է ոչ թե Արտակ Խարտխալյանի կողմից, այլ մեկ այլ անձի: Վարույթն իրականացնողը իր հիմնարկի ղեկավարների հետ տարբեր պաշտոնատար անձանց միջոցով փորձեր է կատարել Արտակ Խարտխալյանին լռեցնելու եւ ապօրինի առաջադրված մեղադրանքը վերացնելուց հետո վերջիններիս ապօրինությունների արդյունքում ամիսներ շարունակ կալանքի տակ գտնվելու մասով համապատասխան մարմիններին չբողոքելու համար»:

Ք.Մ.

 

 

ՄՏԱԴԻՐ Է  ՍԵՐՎԻՏՈՒՏ ԿԻՐԱՌԵԼ

Խորհրդային տարիներին Իջեւան քաղաքի հյուսիսային ծայրին գործում էր հանքային ջրերի գործարանը, որը  Աչաջուր եւ Ակնաղբյուր գյուղերի սահմանին գտնվող հանքային ջրի ակունքից  հանված հումքից «Իջեւան»  հանքային ջուր էր արտադրում։  Հայաստանի անկախացումից հետո հանքային ջրերի գործարանը սեփականաշնորհվեց, դրանից հետո հիմնականում փոքր խմբաքանակներով լիմոնադ էր արտադրում, հանքային ջրի արտադրություն չիրականացրեց։ Հանքային ջրի վերոհիշյալ ակունքը շահագործելու մտադրություն ունի Իջեւան քաղաքի հարավային ծայրին գործող «Իջեւանի գինու, կոնյակի գործարան» ՓԲԸ-ն։  2019թ. փետրվարի 11-ին «Իջեւանի գինու, կոնյակի գործարան» ՓԲԸ-ի ներկայացուցի Էմիլ Ամիրխանյանը  հայցադիմում է ներկայացրել դատարան՝ ընդդդեմ Տավուշի մարզի Աչաջուր համայնքի՝ հողամասի նկատմամբ հարկադիր  սերվիտուտ  սահմանելու պահանջով։ 2019թ. ապրիլի 10-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Սիմա Իսկանդարյանը որոշում է կայացրել երրորդ անձ ներգրավելու մասին եւ սույն գործով որպես երրորդ անձ է ներգրվավել «Տավուշ հոլդինգ» ՍՊԸ-ն։ Այդ ՍՊԸ-ն նախկինում հանքային ջրի ակունքի  մուտքի մոտ հողամաս է ձեռք բերել։ 2021թ. հուլիսի 7-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի նախագահ, դատավոր Սարգիս Արմենակյանը, դատարանի  Դիլիջան քաղաքի նստավայրում կայացած  նախնական դատական նիստում քննության առնելով «Իջեւանի գինու, կոնյակի գործարան» ՓԲԸ-ն ընդդեմ  Տավուշի մարզի Աչաջուր համայնքի, Արսեն Սամվելի Մնացականյանի, Սիրամարգ Սարգսի Մնացականյանի, Արշակ Արսենի Մնացականյանի, Աննա Արսենի Մնացականյանի, Սերոժ Լեւոնի Խաջանյանի, Սոֆյա Վերգոյի Գրիգորյանի, Լեւոն Սերոժի Խոջանյանի, Արտակ Սերոժի Խոջանյանի, «Սլովակիա» ՍՊԸ-ի, Տավուշի մարզի Ակնաղբյուր համայնքի, երրորդ անձ՝ «Տավուշ  հոլդինգ» ՍՊԸ-ի՝ հողամասի նկատմամբ հարկադիր սերվիտուտ սահմանելու մասին պահանջը, քաղաքացիական գործով լուծել է ապացուցման պարտականությունը կողմերի միջեւ բաշխելու հարցը։ Դատարանը որոշել է, որ գործի համար նշանակություն ունեցող փաստերն են Աչաջուր եւ Ակնաղբյուր համայնքներում գտնվող թվով 6 հողամասերի նկատմամբ մշտական սերվիտուտ սահմանելու փաստի առկայությունը, «Իջեւանի գինու, կոնյակի գործարան» ՓԲԸ-ի կողմից առանց սերվիտուտի սահմանման օգտակար հանածոյի արդյունահանումն իրականացնելը տեխնիկապես հնարավոր չլինելու փաստի առկայությունը, հայցվորի, պատասխանողների եւ երրորդ անձի միջեւ կամավոր սերվիտուտ սահմանելու կամ դրա պայմաննների վերաբերյալ համաձայնություն ձեռք չբերելու փաստի առկայությունը եւ այլն եւ դրանց ապացուցման պարտկանությունը դրել «Իջեւանի գինու, կոնյակի գործարան» ՓԲԸ-ի վրա։ Սույն քաղաքացիական գործը դատաքննության փուլում է, դատական վերջին նիստը կայացել է 2021թ. հունվարի 11-ին։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 




Լրահոս