«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Փետրվարի 8-ին ՀՀ ազգային ժողովը գումարելու է հերթական նստաշրջանը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հերթական նիստերի օրակարգում այս պահի դրությամբ ընդգրկված է ընդամենը ութ հարց:
Օրակարգը հաստատվելու է փետրվարի 7-ին կայանալիք ԱԺ խորհրդի նիստում եւ կհաստատվի նաեւ քննարկվելիք հարցերի հաջորդականությունը: Այսպիսով, այդ նախագծերից միայն մեկն է քննարկվելու երկրորդ ընթերցմամբ. «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին է խոսքը, իսկ, ահա, մյուս նախագծերը քննարկվելու են առաջին ընթերցմամբ: Սակայն դատելով օրակարգից՝ այս նստաշրջանը շուտ է ավարտվելու, քանի որ այնպիսի նախագիծ չկա, որը կարող է երկար քննարկվել, կամ էլ թեթեւ հարցեր են:
Օրինակ՝ «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքով առաջարկում են սահմանել «երթուղային թերթիկ» հասկացությունը, որի վրա երթուղու սպասարկման իրավունքը հատկացնող մարմնի լիազորած կազմակերպության կողմից կատարվող համապատասխան նշումը հնարավորություն կտա ապահովելու երթակարգավարական ծառայությունների պատշաճ որակը: Չորեքշաբթի օրն էլ Ազգային ժողով կգան ՀՀ վարչապետն ու կառավարության անդամները եւ կպատասխանեն պատգամավորների հարցերին:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում