Վիրավորանքի քրեականացման դրույթը պետք է շտապ չեղարկվի. Թագուհի Թովմասյանը` Freedom House-ի գրառման հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը սոցցանցի իր էջում գրում է․ «2021 թվականի հուլիսի 30-ին ընդունվեց պետական պաշտոնյաների նկատմամբ «ծանր վիրավորանքների» համար քրեական պատասխանատվություն սահմանող օրենսդրական փոփոխությունը։ Բազմիցս ահազանգել եմ, որ այս օրենքի ընդունումը խնդրահարույց է և ծանր հետևանքների կարող է հանգեցնել, քանի որ լուրջ հակասություններ ունի թե՛ ՀՀ Սահմանադրության, թե՛ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի հետ և վտանգելու է ժողովրդավարությունը ՀՀ-ում։ Ցավոք, ժամանակին խորհրդարանական մեծամասնությունը ականջալուր չեղավ ահազանգերին, քանի որ, ակնհայտ է, որ վիրավորանքի քրեականացումը որևէ սահմանադրական նպատակ չի հետապնդում, այլ ուղղված է ազատ խոսքի դեմ և պարզապես քրեաիրավական հարկադրանքի կիրառման սպառնալիքով նպատակ ունի կանխելու իշխանական պաշտոնյաների նկատմամբ հրապարակային քննադատությունը, հետևաբար վիրավորանքի քրեականացումը հակասահմանադրական է:

Այսօր սրան անդրադառնում է արդեն հեղինակավոր Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը և մտահոգություն հայտնում ՀՀ քաղաքացու քրեական դատապարտման առաջին դեպքի առնչությամբ։ Մասնավորապես՝ կազմակերպությունը նշում է, որ այս օրենսդրության կիրառումը, որը միայն 2022 թվականին հանգեցրել է ավելի քան 260 քրեական գործի հարուցման, խոսում է Հայաստանում ժողովրդավարական նորմերի հստակ քայքայման մասին և սառեցնող ազդեցություն է ունենում խոսքի ազատ արտահայտման վրա: Ինչպես նաև կոչ է անում Հայաստանի խորհրդարանին չեղարկել այս օրենքը, որը կոպտորեն խախտում է Հայաստանի Սահմանադրությամբ հաստատված սկզբունքները, երկրի հանձնառությունները Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի շրջանակներում։

Սա լուրջ ահազանգ է ՀՀ համար, և պետք է հրատապ միջոցներ ձեռնարկել ԱԺ-ի ընդունած վիրավորանքի քրեականացման դրույթը չեղարկելու համար, որպեսզի չվտանգվի Հայաստանի Հանրապետության շահը: Եթե այս գործերը դատական վախճան ունենան և քննվեն նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, ապա անխուսափելի է լինելու պետության պարտությունը, ինչն էլ իր հերթին հանգեցնելու է հարկատուների հաշվին գոյացող պետական միջոցներից փոխհատուցման տրամադրմանը»։




Լրահոս