«Երբեք չեմ զբաղվել քաղաքականությամբ». դատավոր Բորիս Բախշիյանը պատրաստ է կալանավորվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վաղը պարզ կլինի, թե ինչ ճակատագիր է սպասվում Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանին. դատավոր Դավիթ Արղամանյանը նրան կտանի՞ կալանքի, թե՞ ոչ:

Վաղվա որոշման եւ առհասարակ դատավորի շուրջ տարածված տեղեկությունների շուրջ ArmLur.am-ը զրուցել է Բորիս Բախշիյանի հետ:

-Պարո՛ն Բախշիյան, ի՞նչ կասեք Ձեր նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման մասին։

-Ես արդեն մեկ անգամ այդ հարցին պատասխանել եմ և հիմա էլ կրկնում եմ, որ իմ համոզմամբ սա միջամտություն է իմ՝ որպես դատավորի գործունեությանը։ Նման իրավիճակը լուրջ վտանգներ է ստեղծում դատական իշխանության անկախության համար։

-Բայց կարծիքներ կան, որ Դուք Ձեր քաղաքական հայացքների համար եք քրեական հետապնդման ենթարկվում, ի՞նչ կասեք այս մասին։

-Կարծիքները չեն համապատասխանում իրականությանը, քանզի ես իրականում որևէ քաղաքական հայացք չունեմ։ Ես՝ որպես դատավոր, օրենքով իրավունք չունեմ զբաղվել քաղաքականությամբ, երբեք չեմ զբաղվել և ապագայում էլ քաղաքականությամբ զբաղվելու մտադրություն չունեմ։ Հենց այս համատեքստում էլ ցանկանում եմ ընդգծել, որ 16 տարեկանից ոստիկանության համակարգում եմ, սովորել եմ ոստիկանության ակադեմիայում, հետո աշխատել եմ որպես քննիչ, դատախազ, հիմա էլ՝ դատավոր։ Երբևէ որևէ կուսակցության չեմ հարել, քանի որ իմ կուսակցությունը Հայաստանի Հանրապետությունն է։

-Ի՞նչ ակնկալիքներ ունեք վաղը դատավորի կողմից կայացվելիք որոշումից։ Պատրա՞ստ եք արդյոք կալանավորվել, եթե հանկարծ դատարանը նման որոշում կայացնի։

-Ակնկալում եմ, որ օրինական և արդարացի որոշում է կայացվելու։ Համոզված եմ, որ արդարությունը հիվանդանում է, սակայն չի մահանում։ Ինչ վերաբերում է հարցի երկրորդ մասին, ապա կարող եմ ասել, որ եթե Հայաստանի Հանրապետության դատարանը նման որոշում կայացնի, ապա ես պատրաստ եմ ենթարկվել դրան ու կալանավորվել, սակայն դա չի նշանակում, որ դադարելու եմ պայքարել իմ իրավունքների համար, քանզի ես վստահ եմ և պնդում եմ, որ օրինական որոշում եմ կայացրել, որոշումը կայացրել եմ գործի փաստական տվյալների և ամենակարևորը՝ իմ ներքին համոզման հիման վրա։ Այդ որոշման հետևում որևէ շահ չի կարելի և անիմաստ է փնտրելը, քանզի այդպիսին չկա և իմ պարագայում չէր էլ կարող լինել։ Դա կհաստատեն ինձ ճանաչող և ինձ հետ առնչված բոլոր անձինք։

Ք.Մ.




Լրահոս