Freedom House հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունը կոչով դիմել է Հայաստանի իշխանություններին: Մասնավորապես, նրանց մտահոգել է Հայաստանում պետական ծառայողներին վիրավորելու համար հարուցված 260 քրեական գործերը։ Եվ այդ պատճառով իրավապաշտպան կազմակերպությունը ՀՀ խորհրդարանին կոչ է արել չեղարկել օրենսդրական այդ նորմը։
Freedom House–ը հիշատակում է փետրվարի սկզբին դատարանի կայացրած վճիռը` վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու ՀՀ նախագահի թեկնածու առաջադրված բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Վահագն Խաչատրյանին վիրավորելու համար ՀՀ քաղաքացուն 1000 դոլարով տուգանելու վերաբերյալ։
«Մեծ մտահոգությամբ ենք նշում ՀՀ քաղաքացու առաջին դատվածությունը` Քրեական օրենսգրքի նոր հոդվածով, որը քրեական պատասխանատվություն է նախատեսում պետծառայողներին վիրավորելու համար։ Միայն 2022 թվականին այս դրույթի կիրառումը, որի արդյունքում հարուցվել է ավելի քան 260 քրեական գործ, վկայում է Հայաստանում ժողովրդավարական նորմերի ակնհայտ դեգրադացիայի և խոսքի ազատության նկատմամբ սպառնալիքի մասին»,- ասվում է հայտարարության մեջ։
Հիշեցնենք` 2021 թվականի հուլիսի 30-ին Ազգային ժողովն ընդունեց հայհոյանքը քրեականացնելու մասին նախագիծը, որի համաձայն` հայհոյանքը, անգամ հեռավար պայմաններում (օնլայն), առաջացնում է պատիժ` տուգանքից մինչև կալանք։ Օրենքն ընդունվեց 75 կողմ ձայնով, ձեռնպահ և դեմ քվեարկողներ չկային։ Փետրվարի 3-ին հայտնի դարձավ, որ Հայաստանում քաղաքացին վարչապետ Նիկոլ Փաշինյանին հայհոյելու համար տուգանվել է 500 հազար դրամով։
Մանրամասները՝ տեսանյութում: