Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարություններին Հայաստանի վերաբերյալ:
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը, ԶԼՄ-ների հարցերին ի պատասխան, Բելառուսի նախագահի հայտարարությանն արձագանքել է հետևյալ կերպ.
«Համոզված ենք, որ Բելառուսի նախագահի աշխարհաքաղաքական ինքնատիպ վերլուծությունները նպատակ ունեն սպասարկելու առաջին հերթին սեփական ներքին քաղաքական օրակարգը և որևէ առնչություն չունեն Հայաստանի և նրա արտաքին քաղաքականության հետ»:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ռուս լրագրող Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում, անդրադառնալով Ռուսաստան-Բելառուս միութենական պետությանը, մասնավորապես, նշել է․ «Բելառուսն արդեն այնտեղ է։ Կարծում եմ, Ղազախստանի համար լավ դաս էր։ Եթե ասում եք ժամկետը 15 տարի է, վստահ եմ, որ Ուկրաինան այնտեղ կլինի, եթե սխալներ թույլ չտանք։ Դե, իսկ մնացածը՝ ըստ պարագծի… այդ հզորության միավորման ավարտից հետո, կամ միավորման ընթացքում… իրենք որտե՞ղ են հայտնվելու։ Հայաստանը փախչելու տեղ չունի… ինչ է, կարծում եք, նրանք ինչ-որ մեկին պե՞տք են… իրենք արդեն տեսել են, Նիկոլ Վովաևիչը դա արդեն տեսել է»։