2 ՄԼՐԴ ԴՐԱՄ՝ «ՊԻՆՑԵՏՈՎ» ՀԵՌԱՑՎՈՂ ՎԱՐԱԿԻ ՀԱՄԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի՝ ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 2 մլրդ 150 մլն դրամ կհատկացվի ՀՀ առողջապահության նախարարությանը: Կառավարության այսօրվա նիստում ընդգրկված նախագծի հիմնավորման մեջ նշվում է, թե անհրաժեշտ գումարը ուղղվելու է վարակիչ հիվանդության՝ ՀՀ-ում կորոնավիրուսային վարակի (COVID-19) արագ կանխարգելման, վերահսկման, բուժման եւ հաղթահարման ապահովման նպատակով իրականացված միջոցառուների ծախսերի իրականացմանը։ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, թե գումարը ինչի վրա է ծախսվելու: Մասնավորապես, 590 մլն դրամ ուղղվելու է վերապրոֆիլավորված ԲԿ-ների հունվար ամսվա պահպանման ծախսերին, 490 մլն դրամ՝ ԲԿ-ների աշխատակիցների աշխատավարձին։ Իսկ միայն 1 մլրդ դրամ ուղղվելու է Կորոնավիրուսային հիվանդության (Covid-19) դեմ պատվաստումներ իրականացնող բուժանձնակազմի լրավճարի համար։ Հավելենք, որ ընթացիկ ամսում ՀՀ-ում վերապրոֆիլացված բժշկական կենտրոնները, ըստ նախագծի, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնը», «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը», Սպիտակի եւ Կապանի բժշկական կենտրոններն են: Այսինքն՝ կորոնավիրուսից չվախենալու, այն պինցետով եւ օղիով ախտահանելու խոստում տված վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունն այժմ միայն հունվար ամսվա ծախսերի համար 2 մլրդ դրամ է փոխանցելու հենց այդ վարակի դեմ պայքարելու նպատակով: Բայց նկատենք, որ միայն չորս հիվանդանոցների վրա է բաշխվելու 2 մլրդ 150 մլն դրամ գումարը։ Թե ինչպես են ծածկվելու մյուս հիվանդանոցների ծախսերը, նախագծում խոսք չկա:

 

 

Երկարատեւ փնտրտուքներից ու տարբեր անուններ շրջանառելուց հետո իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» վերջապես գտել է արդեն նախկին նախագահ Արմեն Սարգսյանին փոխարինողին։ Կուսակցության վարչությունը հաստատել է որպես նախագահի թեկնածու առաջադրել Բարձր տեխնոլոգիաների եւ արդյունաբերության նախարար Վահագն Խաչատրյանին։ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության ու հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ Վահագն Խաչատրյանն այդ պաշտոնում ամենայն հավանականությամբ սոսկ տեղապահ է լինելու։ «Ինչպես գիտեք, կառավարությունն արդեն իսկ լծվել է սահմանադրական փոփոխություններ իրականացնելու գործին: Դատելով ստացվող տեղեկություններից եւ վերլուծություններից՝ պետք է ասել, որ ձեւավորված սահմանադրական փոփոխությունների խորհրդի առջեւ խնդիր է դրված երկրի կառավարման մոդելի փոփոխություն կազմակերպել՝ խորհրդարանականից, ըստ երեւույթին, նախագահական կամ կիսանախագահական համակարգի անցնել։ Սա նշանակում է, որ ՀՀ նախագահի պաշտոնում ենթադրաբար ընտրվող Խաչատրյանը նախագահի աթոռը կզբաղեցնի այնքան ժամանակ, քանի դեռ դրա իրական հասցեատերը չի հայտնվել՝  նոր կոստյումով ու առավել ընդգրկուն լիազորություններով»,- նշեց պատգամավորը։ Հավելենք, որ, ըստ քաղաքագետների ու վերլուծաբանների, սահմանադրական փոփոխություններից հետո, երբ Հայաստանը կանցնի կառավարման նախագահական կամ կիսանախագահական մոդելի սեփական իշխանության անցնցում վերարտադրության համար, այդ պաշտոնը  Նիկոլ Փաշինյանին կանցնի։

 

 

44-օրյա պատերազմին մասնակցած զինծառայողներին համաներելու գործընթացը նորից սկսվել է։ Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթն իր աղբյուրներից տեղեկացավ, որ այդ հարցի շուրջ քննարկումներն իրավապահ համակարգում նորից մեկնարկել են։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ իրավապահ համակարգի ներկայացուցիչները կարծում են, որ խիստ անհրաժեշտ է համաներման գործընթացը` քրեական գործերի թեթեւացման համար: Արդյունքում իրավապահ համակարգում այս հիմնավորմամբ սկսվել է զինվորականների համաներման նախագծի նոր քննարկում, նոր լրացումներ են կատարվում հին տեքստի վրա, եւ չի բացառվում, որ առաջիկայում նոր նախագիծը կտեղադրվի էլեկտրոնային նախագծերի միասնական հարթակում: Ինչպես հայտնի է, ՀՀ քննչական կոմիտեն նման նախագիծ առաջարկել էր 2021 թվականի օգոստոսին։ Այն տեղադրվել էր այդ հարթակում, սակայն ավելի ուշ գործընթացը կասեցվել էր։ Հիմա կփորձեն կրկին համաներում անել, տեսնենք` այս գործընթացն ինչով կավարտվի։ Թեեւ վիճակագրություն չի նշվում ու հայտնի չէ, թե ընդունելու դեպքում քանի հոգու վրա կտարածվի համաներումը, բայց նախագծում նշվում է, որ կհամաներվեն ինչպես մինչեւ պատերազմի սկիզբը՝ սեպտեմբերի 26-ը ներառյալ ոչ մեծ եւ միջին ծանրության հանցանք կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ այդ հանցանքը կատարելու համար դատապարտված անձինք, այնպես էլ ռազմական գործողությունները դադարելուց հետո՝ նոյեմբերի 9-ից մինչեւ մարտի 24-ը զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցանք կատարելու համար դատապարտված զինծառայողները։

 

 

Հայաստան արտերկրից ուղարկված փողերի ներհոսքն ավելացել է: «Ժողովուրդ»  օրաթերթը տեղեկացավ, որ նախորդ տարվա դեկտեմբերին ֆիզիկական անձանց անունով բանկերի միջոցով արտերկրից ստացված տրանսֆերտների զուտ ներհոսքը կազմել է 77 միլիոն 287 հազար դոլար: Նկատենք, որ, նոյեմբեր ամսվա համեմատ, Հայաստան ուղարկված դրսի փողերի տրանսֆերտների զուտ ներհոսքը ավելացել է 14 մլն 248 հազար դոլարով: Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ դեկտեմբերին տրանսֆերտները շարունակել են նոյեմբեր ամսվա համեմատ ավելանալ: Բացի այս, նշենք, որ Ռուսաստանի Դաշնությունից ստացված զուտ ներհոսքը, այլ կերպ ասած՝ Հայաստան եկած ու մնացած գումարը դեկտեմբեր ամսին կազմել է 37 մլն 921 հազար դոլար։ Այս ցուցանիշը, 2021 թվականի նոյեմբեր ամսվա համեմատ, թեկուզ չնչին, բայց աճել է: Հասկանալի է՝ այդ գումարների մեծ մասը փոխանցում են արտերկրում աշխատող հայերը, եւ ուղարկված գումարները այստեղ ապրող նրանց ընտանիքների ապրուստի հիմնական միջոցներն են: Ի դեպ, ԱՄՆ-ից Հայաստան ստացված տրանսֆերտների զուտ ներհոսքն է ավելացել. եթե նախորդ տարվա նոյեմբերին այն կազմել է 33 մլն 211 հազար դոլար, ապա դեկտեմբերին դարձել է 44 մլն 212 հազար դոլար:

 

 




Լրահոս