Հունա-հայկական բարեկամության ընկերակցությունը հայտարարությամբ դատապարտել է Ադրբեջանի կողմից հայկական եկեղեցիներից հայկական ներկայության վերացման համար աշխատանքային խումբ ստեղծելու Ադրբեջանի կառավարության նախաձեռնությունը։ Հայտարարության հայերեն և հունարեն տարբերակները «Ֆեյսբուք»-ի իր էջում ներկայացրել է Հունաստանում Հայաստանի դեսպանությունը։
«Հունա-հայկական բարեկամության ընկերակցությունը դատապարտում է աշխատանքային խումբ ստեղծելու Ադրբեջանի կառավարության նախաձեռնությունը, որի նպատակն է` նպաստելու Ադրբեջանի կողմից Արցախից գրավված տարածքներում հայկական տաճարներից հայկական ներկայության ոչնչացնելը այն պատրվակով, թե իբր այդ տաճարները պատկանել են Կովկասի ալբանական եկեղեցուն»,- նշել են հայտարարության հեղինակները։
Նրանց համոզմամբ՝ իրականությունն այն է, որ Կովկասի ալբանական եկեղեցին եղել է ինքնավար եկեղեցի, ստեղծվել է կարճ ժամանակով 5-րդ դարում և 705 թ-ին ենթարկվել է Հայ առաքելական եկեղեցուն: Ալբանական այբուբենը ստեղծվել է Մեսրոպ Մաշտոցի կողմից 405 թ-ին: «Հետևաբար, գրեթե անհնարին է, որ հայկական եկեղեցին օգտագործեր ալբանական տաճարները: Ակնհայտ է, որ Բաքվի նպատակն է` մշակութային ֆաշիզմի գործողությամբ` հերթական անգամ մշակութային ցեղասպանություն իրականացնելը»,- շեշտվում է հայտարարության մեջ։
Հունա-հայկական բարեկամության ընկերակցությունը, դատապարտելով այդ արարքը, կոչ է արել «ՅՈՒՆԵՍԿՕ-ին ու այլ միջազգային կազմակերպություններին դիրքորոշվելու ու ձեռնարկելու այն ամենն, ինչ անհրաժեշտ է դա կանխելու համար»: