ԶԳՈՒՇԱՑԵՔ ԿԱՍԿԱԾԵԼԻ ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ՀԵՏ ՇՓՈՒՄՆԵՐԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի   ազգային   անվտանգության   ծառայությունը   հայտարարություն  է   տարածել. «2020   թվականի   44-օրյա   պատերազմը   աննկարագրելի   արհավիրք   էր   Արցախի Հանրապետության   քաղաքացիների  համար, ու թեեւ   2020թ.   նոյեմբերի   9-ի եռակողմ   հայտարարությունից   հետո   ակտիվ   ռազմական   գործողությունները դադարեցվել են, այդուհանդերձ Ադրբեջանը չի հրաժարվել իր նենգ ծրագրերից ու շարունակում  է  Արցախի Հանրապետության խաղաղ  բնակչությանն   ահաբեկելուն, արցախցիների մեջ պլանավորված խուճապ ձեւավորելուն եւ այն պահպանելուն ուղղված քայլերը:

 

2020թ. նոյեմբերի 9-ից հետո Ադրբեջանի հատուկ ծառայությունները իրենց   ողջ  ներուժն   ուղղել   են   համացանցային  հնարավորությունների կիրառմամբ  կիբերհարձակումների   ու   արցախցիներին   սոցիալական   ցանցերում տարբեր դավադիր գործընթացների մեջ ներգրավելուն ուղղված գործողությունների կազմակերպմանն ու իրագործմանը: Հատկանշական  է, որ այդ  մեթոդներն   ու   հնարքները   պարբերաբար   փոփոխվում, կատարելագործվում են: Սկզբում հայկական համացանցային տիրույթից պատճենվել են Ստեփանակերտի ու Արցախի Հանրապետության հանրաճանաչ այլ վայրերից տեսարաններ եւ    ադրբեջաներեն  տեքստերի  ուղեկցությամբ վերահրապարակվել՝ այդկերպ արցախցիների   մոտ   փորձելով   ձեւավորել   անպաշտպանության զգացողություն եւ ադրբեջանցիների կողմից Արցախի Հանրապետության տարածք ազատորեն ներթափանցելու տպավորություն: Արցախի  Հանրապետության   ազգային   անվտանգության   ծառայության  կողմից  այդ տեսանյութերի   կեղծ ու   բեմականացված   լինելը   բացահայտելուց   հետո   կատարվել է   հանրային  գիտակցության   վրա   ներազդելու   մեթոդի փոփոխություն   եւ նորացում:   Ամենատարբեր   միջոցներով   շահագրգռելու եւ   տարբեր պատճառաբանություններով   համոզելու եղանակով սոցիալական   ցանցերի   արցախցի օգտատերերից ձեռք են բերվել Ստեփանակերտի Վերածննդի հրապարակի, «Մենք ենք մեր սարերը» հուշարձանի եւ այլ վայրերի լուսանկարներ կամ նույն վայրերում կատարված   տեսանկարահանման արդյունքներ եւ  կրկին   ադրբեջաներեն   խոսակցության ուղեկցմամբ հրապարակվել: Արցախի  Հանրապետության ազգային անվտանգության ծառայության  կողմից  այդօրինակ դեպքերը բացահայտելուց եւ  դրանց  ծագման աղբյուրները   մերկացնելուց  հետո  ադրբեջանական հատուկ  ծառայությունները կրկին վերափոխել են գործողությունների բնույթը: Այս անգամ որպես թիրախ սկսել  են  ընտրվել  ոչ  միայն  քաղաքացիական անձինք,  այլեւ  զինծառայողները, որոնց հետ «Ֆեյսբուք», «Վկոնտակտե», «Թելեգրամ» եւ սոցիալական այլ ցանցերում բացված կեղծ ու գայթակղիչ էջերով տեւական ժամանակ շփվելուց եւ կապ ձեւավորելուց հետո ձեռք են բերվել անձնական տվյալներ՝ անձնագրի, զինվորական գրքույկի լուսանկարներ, վարել   ինտիմ   բնույթի   ու   անպարկեշտ  արտահայտություններ պարունակող գրագրություն, ստացել մարմնի տարբեր մասերի լուսանկարներ, որից հետո դրանք հրապարակելու սպառնալիքի   գործադրմամբ  մեր  քաղաքացուն   դարձրել   սեփական պահանջները բավարարելու գործիք: Անձնական   տվյալների   եւ   պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող տեղեկությունների հրապարակման  վտանգի ռիսկով շղթայված անձանցից հետագայում փորձ է արվել ստանալ Արցախի Հանրապետության տարբեր վայրերի լուսանկարներ, զորամասերի   տեղակայման վայրերի, սպառազինության   մեջ   մտնող   զենքի   ու զինամթերքի տեսակի եւ  քանակի   վերաբերյալ տեղեկություններ: Արցախի Հանրապետության ազգային անվտանգության   ծառայությունը պարբերաբար  եւ յուրաքանչյուր նմանատիպ դեպք ի հայտ բերելու պահին ոչ միայն հանրությանը տրամադրել է   անհրաժեշտ տեղեկություններ, այլեւ ներկայացրել հանրության գիտակցության եւ տրամադրությունների վրա ազդեցության ադրբեջանական ձեռագիրն ու հնարքները՝ դրանց տիրապետելու եւ հնարավոր դրսեւորումներից պաշտպանվելու համար, այդուհանդերձ շարունակում են գտնվել անձինք, ովքեր դառնում են նման գործողությունների զոհ եւ միաժամանակ Արցախի ներքին անվտանգությանն ուղղված սպառնալիքների իրագործման գործիք: Նմանատիպ դեպքերից խուսափելու   նպատակով  Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը կրկին հորդորում է սոցիալական ցանցերում զերծ մնալ  կասկածելի  օգտատերերի հետ   շփումներից,   անձնական   բնույթի տեղեկություններ, լուսանկարներ   կամ  տեսանյութեր, Արցախի Հանրապետության անվտանգությանն  առնչվող   տեղեկություններ փոխանցելուց, իսկ   նման իրավիճակում հայտնվելու դեպքում անմիջապես իրազեկել մեզ»:

Ն. Պ.

 

 

 

8 ՄԼՆ ԴՐԱՄ ՎՆԱՍ

ՀՀ   քննչական   կոմիտեի   Արմավիրի   մարզային   քննչական   վարչությունում իրականացված գործողությունների արդյունքում պարզվել են Մերձավան համայնքի ղեկավարի կողմից չարաշահումներ կատարելու դեպքի հանգամանքները, այդ թվում՝ համայնքին պատճառված վնասի չափը: 1996 թվականից Մերձավան համայնքի ղեկավարի պաշտոնը   զբաղեցրած   անձը  2007-2008   թվականների   ընթացքում իր ստորագրությամբ հաստատված, համայնքի բնակիչներ չհանդիսացող անձանց տրամադրել է բովանդակությամբ կեղծ քաղվածքներ այն մասին, թե, իբր, վերջիններիս անունով շրջխորհրդի գործկոմի՝ իրականում գոյություն չունեցող որոշման հիման վրա համայնքում   գրանցված   են   տարբեր   չափերի   հողամասեր՝ այդկերպ   համայնքին պատճառելով 8.613.000 ՀՀ դրամ գումարի վնաս եւ անզգուշությամբ առաջացնելով ծանր հետեւանքներ: Արդյունքում հիշյալ անձինք, քաղվածքների հիման վրա, ՀՀ կադաստրի   կոմիտեում   նշված   հողամասերի   նկատմամբ   գրանցել   են   իրենց իրավունքներն   ու   ստացել   համապատասխան   սեփականության   վկայականներ:   Մերձավան համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի   2-րդ   մասով   եւ   314-րդ   հոդվածի   1-ին   մասով:   Կեղծ  քաղվածքներն   օգտագործած վերոհիշյալ   անձինք   դիմումներ   են   ներկայացրել   նախաքննական   մարմնին   այն մասին, որ համաձայն են եւ չեն առարկում իրենց նկատմամբ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով քրեական հետապնդում չիրականացնելուն, բացառությամբ մեկի, ում   վարույթն   իրականացնող   մարմինը   մեղադրանք   է   առաջադրել   ՀՀ   քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով: Նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

 

 

 

ՏՐԱԿՏՈՐ ԵՆ ՊԱՅԹԵՑՐԵԼ

Armlur.am-ը   գրել   էր,   որ   գիշերը   ուշագրավ   դեպք   է   եղել   Երեւանում. Շենգավիթում   տրակտոր   են   պայթեցրել   եւ   մեկ   այլ  տեխնիկա   եւս:   Դեպքի առնչությամբ մանրամասներ  է ներկայացրել   Քննչական  կոմիտեն:  ՀՀ   քննչական կոմիտեի Երեւան   քաղաքի   քննչական   վարչության Երեւան քաղաքի  Շենգավիթ   վարչական շրջանի քննչական բաժնի վարույթ է ընդունվել Արտաշատի խճուղում ասֆալտապատող մեքենան վնասելու  դեպքի  առթիվ  հարուցված քրեական   գործը:  Ըստ   նախնական տեղեկությունների՝ 2022թ. հունվարի 26-ին՝ ժամը 05:00-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ Նորագավիթում տրակտոր են պայթեցրել: Նույն օրը հաղորդում է ստացվել նաեւ ՍՊ ընկերության աշխատակցից այն մասին, որ ժամը 04:30-ի սահմաններում պայթուցիկ առարկայի միջոցով վնասել են «ԱՄՄ ԱՆՆ»մակնիշի   ասֆալտապատող   մեքենա: Հաղորդումների   հիման վրա   նյութերի նախապատրաստման ընթացքում կատարվել են դեպքի վայրի եւ տրանսպորտային միջոցի զննություններ,   որի   ընթացքում   Արտաշատի   խճուղում՝   տրանսպորտային միջոցների   երթեւեկելի   հիմնական   եւ   երկրորդական   գոտիների   միջնամասում, հայտնաբերվել է ասֆալտապատող մեքենա՝ վնասված վիճակում, ինչպես նաեւ նռնականետ եւ դետալներ: Փաստի առթիվ ՀՀ  ոստիկանության Երեւան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի եւ 235-րդ հոդվածի 2-րդ մասով, որը նախաքննություն կատարելու   համար   ուղարկվել  է  ՀՀ   քննչական   կոմիտեի   Երեւան   քաղաքի   քննչական վարչության   Շենգավիթ   վարչական   շրջանի   քննչական   բաժին   եւ  ընդունվել   վարույթ: Նախաքննության ընթացքում կատարվել են անհետաձգելի քննչական եւ դատավարական այլ գործողություններ, այդ  թվում՝   առգրավվել   են   դեպքի   վայրում   առկա տեսանկարահանող սարքերի տեսագրությունները, նշանակվել են դատաապրանքագիտական եւ դատաձգաբանական փորձաքննություններ:

 

 

 

ԱՆՀԵՏԱՑԵԼ Է

Նոյեմբերյան խոշոր համայնքի Կողբ գյուղի բնակիչ Նորիկ Մկրտչյանը 2021թ.-ի փետրվարի   8-ին զորակոչվել   է   ժամկետային   զինվորական   ծառայության,   ծառայել մինչեւ 2021 թվականի  մայիսի 14-ը,   այդ օրվանից   նրա   մայրը   որդու   մասին որեւէ   տեղեկություն  չունի:  Ն. Մկրտչյանի  մասին  տեղեկություն   չունի   նաեւ զինվորական հրամանատարությունը, նրա անունը  չկա  գերիների,  մահացածների, անհետ կորածների ցուցակներում, Ն.  Մկրտչյանը  մարտական  գործողությունների  չի  մասնակցել: 2021թ.  հուլիս ամսին հարուցվել է քրեական գործ, Ն.  Մկրտչյանին  մեղադրանք է առաջադրվել դասալքության համար,  ռազմական   ոստիկանության   կողմից   հայտարարվել է հետախուզում: Կողբ համայնքի   նախկին ղեկավար, Նոյեմբերյան   խոշոր համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանը հայտնեց, որ Ն.  Մկրտչյանի ծնողները ամուսնալուծված են, Նորիկն ունի քույր։ Ա. Աղաբաբյանն ասաց, որ ինքը շատ է զբաղվել Ն. Մկրտչյանի խնդրով, զրուցել է նրա  հրամանատարների, ծառայակիցների, զինվորական  քննիչների հետ, սակայն որոշակի ոչինչ չի պարզել, անհետանալու օրը Ն. Մկրտչյանը   սահմանապահ հենակետ չի հասել։

 

 

 

ՄԵՂԱԴՐՎՈՒՄ Է

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում ընթանում է Վարդան Մկրտչյանի եւ  Հակոբ  Մուշեղյանի դատավարությունը։ Վ.  Մկրտչյանին  մեղադրանք  է  առաջադրվել  այն բանի  համար,  որ  նա,  զբաղեցնելով  ՀՀ  ՊԵԿ  արեւելյան  մաքսատուն  վարչությանԲագրատաշենի  մաքսային  կետ-բաժնի  4-րդ  բաժանմունքի  մաքսային   տեսուչի   պաշտոնը, 2020թ.  դեկտեմբերի 23-ին ձեռնարկատիրական գործունեությամբ  զբաղվող անձանց օգտին ակնհայտ ապօրինի  անգործություն  դրսեւորելու համար ստացել  է  կաշառք,  ինչպես  նաեւ շահադիտական դրդումներից ելնելով, իր պաշտոնեական  դիրքն օգտագործելով՝ ծառայության շահերին   հակառակ, չի   կատարել   իր  ծառայողական   պարտականությունները՝  էական  վնաս հասցնելով պետության օրինական շահերին։ Հ. Մուշեղյանին մեղադրանք է առաջադրվել այն  բանի համար,  որ  2020թ. դեկտեմբերի  23-ին նախնական համաձայնության գալով Բագրատաշենի  մաքսային կետ-բաժնի աշխատակից Վարդան Մկրտչյանի  հետ՝  իր  օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու համար վերջինիս տվել է կաշառք։ Վ. Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասով, եւ 311 հոդվածի 2-րդ մասով, Հ. Մուշեղյանին՝  312  հոդվածի  1-ին  մասով։ Հ. Մուշեղյանի նկատմամբ խափանման միջոց է  ընտրվել  չհեռանալու  մասին  ստորագրությունը, Վ.  Մկրտչյանի նկատմամբ՝  կալանավորումը։  2021թ.  սեպտեմբերի 2-ին Տավուշի մարզի  առաջին  ատյանի դատարանի  դատավոր  Զոյա  Զաքինյանը,  քննության  առնելով ամբաստանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոցի  հիմնավորվածության հարցը, որոշել է  Վ.  Մկրտչյանի  խափանման միջոցը փոխել, կալանքը փոխարինել 5 միլիոն դրամ գրավով։

ՈՍԿԱՆ  ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 




Լրահոս