ՎԱՐՈՐԴՆԵՐԸ ՆՈՐ ՑՈՒՅՑԻ ԵՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 31-ին Հանրապետության   հրապարակում   ընդդեմ   ԱՊՊԱ-ի   թանկացման   բողոքի   ցույցի մասնակիցներից որոշների նկատմամբ ոստիկանությունը տուգանքներ  է կիրառել, մեքենաները   տարել   տուգանային   հրապարակ։   Նաեւ   քաղաքացիների   էին   տուգանել հրապարակի գորգի վրա ոչ մեքենայով կանգնելու համար։ Վարորդների իրավունքների պաշտպան Արտակ Խաչատուրովի խոսքով՝ նախօրեին՝ օրվա վերջում, բոլոր մեքենաները տուգանային հրապարակից հանել էին, տասից ավելի վարորդի նկատմամբ էլ 5 հազարական դրամ   տուգանք   են   կիրառել,   որը   վարորդները   բողոքարկելու   են։ 

 

Ցույցի մասնակիցներից մեկին էլ բերման ենթարկելիս ոստիկանները վնասել են, ավելի կոնկրետ՝   քիթն   էին   վնասել,   ինչի   հետեւանքով   քաղաքացու   մոտ   քթից արնահոսություն էր եղել։  «Մենք   ոչ   մի   դիմադրություն   ցույց   չենք   տվել,   մեր   բողոքն   էինք արտահայտում։ Թե  ինչի  էդպես   համատարած   տուգանքներ   գրեցին,   չգիտեմ։  Ինձ տուգանեցին հրապարակի գորգի վրա ոտքով կանգնելու համար, ասացին՝ գորգի վրա չի կարելի կանգնել։  Բայց  մենք  չենք   դադարեցնելու  ցույցը,  շարունակելու   ենք պայքարը, մինչեւ ապահովագրողների բյուրոն վերանայի որոշումը, այսինքն՝ վերացնի իր որոշումը։ Մենք թույլ չենք տալու, առանց մեզ հետ քննարկելու, նման   թանկացումներ  կիրառեն»,-ասել   է   Ա.  Խաչատուրովը։   Ֆեյսբուք  սոցիալական ցանցում վարորդների իրավունքներն ու խնդիրները քննարկելու համար խումբ է գործում։ Այս խմբում օգտատերերն արդեն նոր առաջարկներ են անում, միայն թե պայքարը չմարի։ Օրինակ՝ առաջարկում են բոլորով համախմբված, ով որքան կարող է, գումար ներդնի, բոլորով միասին տուգանքների գումարը հավաքեն ու վճարեն։ Խմբի   իրավաբաններն   էլ   առաջարկում   են   իրենց   իրավաբանական   աջակցությունը տուգանքները բողոքարկելու համար։  «Անհասկանալի   պահանջներ են, իրենք  թաքուն որոշում  են ընդունել,  ինչի իրավունքը չունեին։ Պետք է էս նոր որոշումը վերացնեն, հետո նոր նստենք, քննարկենք, լսեն վարորդների կարծիքը։ Վարորդների մասին չեն մտածել, միայն ապահովագրող ընկերությունների շահերից է բխում այս որոշումը, միայն թե իրենք   ֆինանսական   խնդիրներ   չունենան։   Ամբողջությամբ   փոփոխում   են համակարգը, ինչի արդյունքում բոլոր վարորդները տուժում են՝ չնայած նախկին համակարգն էլ մի բան չէր։ Հիմա հնարավոր է մի վթարից հետո ԱՊՊԱ-ն 300%-ով թանկանա»,- ասել է նա։ Հիշեցնենք, որ, ապահովագրողների բյուրոյի որոշմամբ, բացի   այն,   որ   ԱՊՊԱ-ն   տարեկան   երեք   հազար   դրամով   թանկանում   է,   նաեւ ավտոտրանսպորտային միջոցն առաջին անգամ ապահովագրողների համար սահմանվել է 41 հազար դրամ վճար։  Ընդ   որում,   բարձր   ձիաուժով   մեքենաների   կամ   տաքսի   մեքենաների  համար, որպես խոցելի խումբ, ապահովագրավճարը բարձր է եղել, հիմա բյուրոն որոշել է «արդար սկզբունք» կիրառել եւ, ինչպես նշված է որոշման մեջ, չեզոքացնել խմբային հատկանիշների վրա հիմնված ռիսկայնության գործոնների (ինչպիսիք են, օրինակ,  ավտոտրանսպորտային   միջոցի   տեսակը,   շարժիչի   հզորությունը, օգտագործման   նպատակը եւ   այլն)  կիրառումը։ «Արդյունքում  այսուհետ կնույնականացվեն   հիմնական   եւ   բազային  ապահովագրավճարների   չափերը։ Հետագայում՝   մինչեւ   2022թ.   դեկտեմբերի 31-ը,  ընդունվելու  են   նոր կարգավորումներ,   որոնք   ենթադրելու   են   յուրաքանչյուր   ապահովագրական ընկերության կողմից արդեն անհատական ռիսկերի վրա հիմնված ապահովագրավճարների գնագոյացում»,-նշված է որոշման մեջ։

Ն. Պ.

 

 

 

ԵՎՐՈՊԱԿԱՆ ՕՄԲՈՒԴՍՄԵՆԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԱՐՁԱԳԱՆՔԸ

Խիստ մտահոգիչ է, որ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունն իրականացնում է Մարդու իրավունքների  պաշտպանի գործունեության հեռարձակումն արգելափակելու արդեն   երկարաժամկետ   քաղաքականություն (Եվրոպական  օմբուդսմանի  ինստիտուտի հայտարարությունը). այս  մասին  հայտնում  է  Հայաստանի ՄԻՊ Արման Թաթոյանը:

 

Նա նշել   է.  «Եվրոպական   օմբուդսմանի   ինստիտուտը   հայտարարություն   է  տարածել «Հայաստանի   մարդու   իրավունքների   պաշտպանի   գործունեության   հեռարձակումը Հայաստանի հանրային հեռուստաընկերության կողմից արգելափակելու վերաբերյալ»։ Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է? «Մեզ համար խիստ մտահոգիչ է, որ Հայաստանի   հանրային   հեռուստաընկերությունը,   ստեղծված  լինելով   Կառավարության կողմից, իրականացնում  է  Մարդու   իրավունքների պաշտպանի   գործունեության հեռարձակումն   արգելափակելու   արդեն   երկարաժամկետ քաղաքականություն:   Հայաստանի մարդու   իրավունքների   պաշտպանն   անկախ   է   եւ   վայելում   է   իրական   հարգանք,   նրա հեղինակությունն ունի միջազգային ճանաչում: Հայաստանի մարդու իրավունքների ազգային հաստատությունը կարեւոր դեր ունի մարդու իրավունքների պաշտպանության եւ ժողովրդավարության   խթանման   գործում:   Այն   բարձրացնում   է   քաղաքացիների իրազեկվածությունն   իրենց   իրավունքների   վերաբերյալ   ոչ   միայն հայտարարությունների,   այլ   նաեւ  իրազեկվածության   բարձրացման   հանրային արշավների միջոցով,  ինչպես   նաեւ նպաստում  է քաղաքացիների   կողմից հանրային իշխանության մարմինների նկատմամբ վերահսկողությանը:  Չափազանց   կարեւոր   է   այն,   որ   Հայաստանի մարդու իրավունքների   պաշտպանը տեղեկության   անփոխարինելի   աղբյուր  է  մի   շարք   ոլորտներում   (օրինակ՝ խոշտանգումների կանխարգելումը Կանխարգելման ազգային   մեխանիզմի   կողմից քրեակատարողական հիմնարկներ այցերի միջոցով՝ որպես բացառիկ իրավասություն) եւ ծառայում է այլընտրանքային տեսակետների կամ իրական վիճակի վերաբերյալ տեղեկության վստահելի   աղբյուր   հասարակության   համար։   Մարդու   իրավունքների ազգային հաստատությունները   պաշտպանված   են   միջազգայնորեն   (Եվրոպայի   խորհուրդ,   ԵԱՀԿ   եւ այլն):   Հայաստանի   հանրային   հեռուստաընկերության քաղաքականությունը ինստիտուցիոնալ  վնաս   է   սահմանադրական   այս   հաստատության   հանրային հեղինակությանը եւ,   հետեւաբար, դրա   արդյունավետությանը՝ մարդու իրավունքների պաշտպանության նրա կարողությունները սահմանափակելու միջոցով: Մենք ուշադիր հետեւում   ենք   այն   դժվարություններին,   որոնց   բախվում  է   Հայաստանի մարդու իրավունքների ազգային հաստատությունը մի շարք   ոլորտներում հանրային իշխանության մարմինների հետ հարաբերություններում, սակայն դա չպետք է ազդի Կառավարության կողմից հիմնադրված Հանրային   հեռուստաընկերության վերաբերմունքի   վրա՝   կապված   հեռարձակման   հետ։   Այսպիսով,   մենք   կոչ   ենք   անում Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը եւ Հայաստանի հանրային հեռարձակողի խորհրդին անհապաղ վերջ դնել այս անընդունելի քաղաքականությանը եւ վերականգնել Հայաստանի   մարդու իրավունքների պաշտպանին   առնչվող   բնականոն   հեռարձակման քաղաքականությունը։ Սա է  երկրում  ճիշտ   հանրային  դիսկուրսը   խթանելու ճանապարհը»։

Ն. Պ.

 

 

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ԶԵՂՉԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ  «Առեւտրի  եւ  ծառայությունների մասին», «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին»  օրենքներում լրացումներ կկատարվեն: Այս մասին   որոշման   նախագիծը   հանրային   քննարկման   է   դրել   Մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը: Մեզ հայտնի դարձավ, որ այս նախագծերի ընդունման   արդյունքում   կկարգավորվեն  ակցիայի,  զեղչի   հասկացությունը, եղանակները, կիրառման պայմանները, այդ թվում՝ ժամկետային սահմանափակումը, ակցիայի  մասին   իրազեկմանը   ներկայացվող պահանջները:   Իսկ   մինչ   այդ, տեղեկանենք,   որ   մեր   երկրում   տնտեսվարողների   գերակշիռ   մասը   ապրանքների գների   նկատմամբ   գործող   զեղչերի   վերաբերյալ   թերի,   կեղծ   կամ   ոչ   լիարժեք տեղեկատվություն են տրամադրում եւ սպառողներին մոլորեցնում են: Լինում են դեպքեր նաեւ, որ տնտեսվարողները հայտարարում են, որ իրենց մոտ գործում   է   զեղչ,   մինչդեռ   զեղչն   իրականում   չի   կիրառվում   կամ   գործում է   սահմանափակ   կամ   շատ   քիչ   քանակությամբ   ապրանքների   նկատմամբ   կամ   միայն որոշակի տեսականու համար: Ավելին՝ գործնականում հանդիպող խնդիրներից է նաեւ ակցիայի   իրականացմանը   նախորդող   ժամանակահատվածում ապրանքի   իրացման   գնի   կամ ծառայության մատուցման գնի կտրուկ բարձրացումը, որին հաջորդում է ակցիայի կիրառումը արդեն իսկ բարձրացված գնից: Մեզ մոտ ակտիվորեն գովազդում են 70-80 տոկոս   զեղչերի   մասին,   բայց   իրականությունն   այլ   է.   գինն   ուղղակի արհեստական բարձրացնում են, ապա չնչին տարբերությամբ իջեցնում:  ArmLur.am-ը   տեղեկացավ,   որ   այս   խնդիրների լուծման   նպատակով   նախատեսվել է   օրենսդրական   բարեփոխումներ   իրականացնել: Ըստ  այդմ՝   գնի  իջեցման մասին ցանկացած   հայտարարություն պետք   է  պարունակի   նախորդ   գինը, իսկ   նախորդ   գինը ամենացածր գինն է, որը կիրառվում է վաճառողի կողմից գնի իջեցմանը նախորդող ոչ պակաս քան 30 օրվա ընթացքում։ Բացի այս, զեղչը յուրաքանչյուր դեպքում կարող է տեւել ոչ ավել, քան մեկնարկի պահից հետո երեք ամիս անընդմեջ։ Ի դեպ, տեղեկացնենք,   որ   սեզոնային   գնիջեցումը   սեզոնի   ավարտից   հետո   եւ առավելագույնը  տարին   երկու  անգամ   իջեցված   գնով   ապրանքների   վաճառքն   է։  Իսկ սեզոնային զեղչը կիրառվում է դեկտեմբերի 25-ից հունվարի 10-ը եւ հուլիսի 1-ից 15-ը։ Սեզոնային   գնիջեցումը   կարող   է   տեւել   առավելագույնը  60   օր:  Այս փոփոխությունները կսթափեցնեն արդյոք անբարեխիղճ տնտեսվարողներին, թե ոչ,   ցույց   կտա   ժամանակը:  Նկատենք,   որ   առջեւում   սիրահարների   տոնն   է՝ փետրվարի 12-ը, փետրվարի 14-ը, որին հաջորդում է կանանց տոնը՝ մարտի 8-ը, եւ ինչպես հայտնի է, այս օրերին տնտեսվարողները մեծ զեղչեր են հայտարարում:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս