Ինչպես աշխարհի մի շարք երկրներում, Հայաստանում եւս վերջին ժամանակաշրջանում կորոնավիրուսի «Օմիկրոն» տեսակի տարածման արդյունքում շատացել են հիվանդության դեպքերը` հատկապես երեխաների շրջանում։ Գրանցվում է հոսպիտալացումների աճ։ Այս մասին հաղորդում է ՀՀ Առողջապահության նախարարությունը: «Հիմնվելով վերջին շաբաթների ընթացքում արտերկրյա հրապարակումների վրա, ինչպես նաեւ ամփոփելով մեզանում արդեն իսկ կուտակված փորձը՝ ՀՀ ԱՆ մանկաբուժության հարցերով խորհրդատու Սերգեյ Սարգսյանը պատասխանում է «ինչպե՞ս բնութագրել «Օմիկրոն» տարբերակը երեխաների շրջանում», «որո՞նք են դրա արտահայտությունները» հարցերին։
Ընդհանուր առմամբ «Օմիկրոնը» նման է այլ սուր շնչառական վարակներին եւ կորոնավիրուսի նախկին տեսակներին։ Հիմնական ախտանշաններն են տարբեր աստիճանի թուլությունը եւ ջերմության բարձրացումը, կոկորդի ցավը, քթահոսությունը, գլխավորապես չոր կամ քիչ խորխոտ, երբեմն սպաստիկ հազը, գլխացավը, մարմնի ցավը։ Երբեմն հանդիպում են ոչ ծանր փորլուծություն, փսխում։
Կորոնավիրուսի այլ տարբերակների համեմատ՝ «Օմիկրոն»-դրական երեխաների շրջանում որոշակիորեն նվազել է թոքաբորբի հաճախականությունը, դեպքերի մեծ մասում հիվանդությունն անցնում է 2-3 օրվա ընթացքում, այն սահմանափակվում է քիթըմպանի գանգատներով։ Վաղ տարիքի երեխաների մոտ երեբեմն զարգանում է կոկորդի եւ շնչափողի բորբոքում՝ «կրուպ» կամ «բրոնխիտ»՝ ուղեկցվող շնչառական անբավարարության նշաններով, կան նաեւ ականջի բորբոքման դեպքեր։ Եզակի հիվանդների մոտ կորոնավիրուսը բարդացել է նյարդային համակարգի ախտահարումով, դիտվել են ցնցումներ կամ նույնիսկ ուղեղի թաղանթի բորբոքում։
Ինչպես եւ բոլոր այլ շնչառական հիվանդությունների դեպքում, կորոնովիրուսային վարակը, ներառյալ «Օմիկրոնը», առավել ծանր է ընթանում երեխայի մոտ ուղեկցող հիվանդությունների առկայության դեպքում։ Միեւնույն ժամանակ, կարող է նկատվել այնպիսի ընթացք, որ բոլոր վերահիշյալ նշանները շատ թույլ են արտահայտված եւ գրեթե աննկատելի են ծնողների համար։
Վերջին շրջանում, ինչպես եւ այլ երկրներում, ծնողները եւ մանկաբույժները նկատում են կորոնավիրուսային վարակի մաշկային արտահայտությունների դեպքեր։ Մասնավորապես` դիտվել են մաշկի կարմրություն, մանր բշտիկավոր եւ/կամ բծավոր ցաներ՝ երբեմն կապտավուն երանգով։ Նկատվել են նաեւ ալերգիկ բնույթի ցաներ, մասնավորապես՝ եղնջացան, որը որոշ դեպքերում ունի դեղորայքային ծագում։ Ցաները երբեմն ուղեկցվում են տարբեր աստիճանի արտահայտության քորով։
Երեխայի մոտ կորոնովիրուսային վարակի կասկածի դեպքում անհրաժեշտ է հնարավորինս շուտ դիմել ընտանեկան բժշկին կամ մանկաբույժին։ Տնային բուժման դեպքում հիմնական կանոնները շատ պարզ են. հետեւել երեխայի ընդհանուր վիճակին, տրամադրությանը, շնչառությանը, հնարավոինս կառավարել ջերմությունը, տալ բավարար եւ հավելյալ քանակությամբ հեղուկներ եւ համարժեք կերակրել երեխային։ Սակայն կան նշաններ, որոնց առկայության դեպքում պետք է անհապաղ դիմել բժշկի։ Դրանցից են, մասնավորապես, հաճախացած եւ դժվարացած շնչառությունը (որը չի պայմանավորվում քթի շնչառության խանգարումով), տնքացող շնչառություն, ցնցումներ, խիստ թուլություն, երբ որ երեխան չի կարողանում խմել եւ ուտել, անսովոր քնկոտություն, արտահատված շարունակական գլխացավ, անզուսպ կրկնակի փսխումներ։ Կյանքի առաջին ամիսների երեխաների մոտ պետք է հետեւել մարմնի ջերմության նույնիսկ թեթեւակի բարձրացմանը կամ իջեցմանը (37,5 բարձր կամ 36,5 ից ցածր), հաջորդաբար կերակումներից հրաժարվելուն, անշարժությանը, միապաղաղ լացին, որը չի անցնում կերակրելուց եւ/կամ խնամելուց հետո։
Եվ, իհարկե, կարեւոր է ինքնուրույն չօգտագործել դեղեր, հատկապես՝ հակաբիոտիկներ. փորձը ցույց է տալիս, որ կովիդի դեպքերի բացարձակ մեծամասնությունում հիվանդ երեխան դրա կարիքը չունի»,- հայտնում է նախարարությունը։
Ն. Պ.
ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՀԱՅՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ
«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը դրամաշնորհային մրցույթ է հայտարարում իրավաբանական անձանց համար: Բարեգործական հիմնադրամը մեկնարկել է օնլայն դիմում հայտերի ընդունման գործընթացը, որը կտեւի մինչեւ ս.թ. մարտի 15-ը ներառյալ։ Ներկայացվող ծրագրերը պետք է ուղղված լինեն սոցիալ-տնտեսական, կրթական եւ գիտական, առողջապահական եւ մշակութային ոլորտներից մեկի կամ միաժամանակ մի քանիսի զարգացմանը։ Ծրագրերը պետք է իրականացվեն բացառապես ՀՀ տարածքում։ Հիմնադրամը նախապատվություն կտա այն ծրագրերին, որոնք նպաստում են նոր աշխատատեղերի ստեղծմանը, օգտագործում են հնարավորինս մեծ ծավալով տեղական արտադրություն եւ հումք, առաջարկում են նորարարական լուծումներ, միտված են հայ-ֆրանսիական կապի ամրապնդմանը: Տրամադրվող մեկ դրամաշնորհի առավելագույն չափը կազմում է 5.000.000 ՀՀ դրամ:
«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է «Ակբա» բանկի, ֆրանսիական «Կրեդիտ Ագրիկոլ» բանկային խմբի, «Կրեդիտ Ագրիկոլ» ազգային ֆեդերացիայի եւ Ստեփան Գիշյանի ընտանիքի կողմից:
ՊԱՅԹՅՈՒՆ Է ԵՂԵԼ
Երեւանի Արցախի 8 հասցեի բենզալցակայանում պայթյունի հետեւանքով կա մեկ վիրավոր։ Նախնական տվյալներով՝ վիրավորը բենզալցակայանի աշխատակից է, որը տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»։ Ականատեսները թղթակցին պատմել են, որ պայթյունի ձայնը լսվել է բենզալցակայանի ներսից։ Բենզալցակայանի դիմաց այրվել է նաեւ ավտոմեքենա։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման եւ փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը եւ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ. դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից եւս երկու մարտական հաշվարկ։
2021-ԻՆ 76 ԶԻՆԾԱՌԱՅՈՂ Է ՄԱՀԱՑԵԼ
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ներկայացնում է 2021 թվականին Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության/Լեռնային Ղարաբաղի զինված ուժերում զինծառայողների մահվան դեպքերի վերաբերյալ տվյալները։ 2021 թ. ընթացքում ՀՀ եւ ԱՀ/ԼՂ զինված ուժերում գրանցվել է 76 զինծառայողի մահվան դեպք։ Մահվան 76 դեպքերի պատճառներն են՝ 19-ը՝ հրադադարի ռեժիմի խախտում, 17-ը՝ առողջական խնդիրներ, 15-ը՝ ավտովթար (որից 2-ը՝ վրաերթի հետեւանքով մահվան դեպք է, որը դատախազության կողմից ներառվել է ավտովթարի հետեւանքով մահվան դեպքերի թվի մեջ), 11-ը՝ սպանություն (3-ը որակվել է որպես 2 կամ ավելի անձանց սպանություն, 4-ը՝ մարտական ծառայության կազմակերպման կանոնների խախտում, 2-ը՝ զենքի օգտագործման կանոնների խախտում (ԶՕԿ), 1-ը՝ սպանություն՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, 1-ը՝ դիտավորյալ սպանություն), 9-ը՝ ինքնասպանություն կամ ինքնասպանության հասցնել, 5-ը՝ դժբախտ պատահար (1-ը՝ ձնահյուս, 1-ը՝ կայծակնահարում, 1-ը՝ ավտոմքենայի դետալի հարված, 1-ը՝ ծառի տապալում, 1-ը՝ հանկարծամահ, որը դատախազության կողմից ներառվել է դժբախտ պատահարի հետեւանքով մահվան դեպքերի թվի մեջ): Հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով մահացած 19 զինծառայողներից 2-ը վիրավորում են ստացել 2020 թ.հոկտեմբեր եւ նոյեմբեր ամիսներին՝ պատերազմական գործողությունների ժամանակ, եւ մահացել են 2021 թ.-ին։ 6 զինծառայող մահացել է 2021թ. նոյեմբերին հայ-ադրբեջանական շփման գծում ծավալված ռազմական գործողությունների հետեւանքով։ Համեմատության համար նշենք, որ 2020 թ. գրանցվել է պատերազմական գործողությունների հետ անմիջական առնչություն չունեցող 100 զինծառայողի մահվան դեպք, որից 25-ը առողջական խնդիրների հետեւանքով են, 22-ը՝ ավտովթարի, 18-ը՝ ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու, 17-ը՝ հրադադարի ռեժիմի խախտման, 9-ը՝ դժբախտ պատահարի (3-ը՝ ձնահյուսի, 1-ը՝ ձորն ընկնելու, 1-ը՝ մեքենայում բռնկվծ հրդեհի, 1-ը՝ տրակտորի շրջվելու, 1-ը՝ մեղվի խայթոցի, 1-ը՝ էթիլ սպիրտով թունավորման, 1-ը՝ տանը շինարարական աշխատանքների ժամանակ տեղի ունեցած փլուզման հետեւանքով), 4-ը՝ սպանության (2-ը՝ դիտավորյալ, 1-ը` խուլիգանական դրդումներով սպանության, 1-ը՝ այլ հանցանքը թաքցնելու կամ դրա կատարումը հեշտացնելու նպատակով կատարված սպանության), 3-ը՝ զենքի օգտագործման կանոնների խախտման, 1-ը՝մարտական հերթապահություն/ ծառայություն կրելու կանոնների խախտման, 1-ը՝ ականի պայթյունի։ Շարունակում է մտահոգիչ մնալ ինքնասպանության եւ սպանության հետեւանքով մահվան դեպքերի վիճակագրությունը: Ի դեպ, սպանության 11 դեպքերից 3-ն արձանագրվել են մեկ ամսվա՝ օգոստոսի ընթացքում, իսկ ինքնասպանության 9 դեպքերից 3-ն արձանագրվել են մայիս ամսվա ընթացքում: