Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վերնախավը գոհ է իր իսկ նախագահի թեկնածու Վահագան Խաչատուրյանին առաջադրելու որոշումից: Կուսակցության ներկայացուցիչները «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում գոհունակությամբ նշեցին, որ կարողացել են բոլորի համար քիչ թե շատ ընդունելի ու ընկալելի թեկնածու առաջադրել: Ի տարբերություն ՔՊ կուսակցության՝ խորհրդարանական համանուն խմբակցության անամները, սակայն, մեծամասամբ հրաժարվում են Խաչատուրյանի մասին կարծիք հայտնել: Երկու օր անընդմեջ «Ժողովուրդ» օրաթերթը ջանքեր գործադրեց՝ իմանալու համար ՔՊ-ական պատգամավորների կարծիքը հանրապետության ապագա նախագահի մասին, բայց ապարդյուն: Իշխող խմբակցության անդամներն ամենատարբեր պատճառաբանություններով ՀԱԿ արդեն նախկին անդամի մասին ո՛չ լավը, ո՛չ էլ վատն ասել չեն ցանկանում: Տպավորություն է, թե ՔՊ-ականներն այդքան էլ համաձայն չեն նրա թեկնածությանը, պարզապես սուսուփուս, առանց վարչապետ Նիկոլ Փաշինյանին հակաճառելու համաձայնել ու առաջադրել են նրա թեկնածությունը: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ կուսակցության վարչության կազմը որպես վարչապետի թեկնածու քննարկել է նաեւ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի, նախագահի պաշտոնակատար Ալեն Սիմոնյանի, ինչպես նաեւ մի քանի կանանց թեկնածությունը: Սակայն ՔՊ խմբակցությունը ոչնչից տեղյակ չի եղել. վերջում հայտնել են կայացված որոշման մասին: Ի դեպ, նախագահի պաշտոնի համար դիտարկվող կանայք եղել են թե՛ իշխանության ներսից, թե՛ ՔՊ-ի հետ կապ չունեցող անձինք: Հավելենք, որ նախագիծն արդեն մուտք է արվել խորհրդարան, սակայն քննարկման օրը դեռ հայտնի չէ: Սահմանադրությանը հղում անելով՝ նշենք, որ այն կքննարկվի փետրվարի 25-ից մարտի 5-ն ընկած հատվածում:
Փետրվարի 8-ին ՀՀ ազգային ժողովը գումարելու է հերթական նստաշրջանը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հերթական նիստերի օրակարգում այս պահի դրությամբ ընդգրկված է ընդամենը ութ հարց: Օրակարգը հաստատվելու է փետրվարի 7-ին կայանալիք ԱԺ խորհրդի նիստում եւ կհաստատվի նաեւ քննարկվելիք հարցերի հաջորդականությունը: Այսպիսով, այդ նախագծերից միայն մեկն է քննարկվելու երկրորդ ընթերցմամբ. «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին է խոսքը, իսկ, ահա, մյուս նախագծերը քննարկվելու են առաջին ընթերցմամբ: Սակայն դատելով օրակարգից՝ այս նստաշրջանը շուտ է ավարտվելու, քանի որ այնպիսի նախագիծ չկա, որը կարող է երկար քննարկվել, կամ էլ թեթեւ հարցեր են: Օրինակ՝ «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքով առաջարկում են սահմանել «երթուղային թերթիկ» հասկացությունը, որի վրա երթուղու սպասարկման իրավունքը հատկացնող մարմնի լիազորած կազմակերպության կողմից կատարվող համապատասխան նշումը հնարավորություն կտա ապահովելու երթակարգավարական ծառայությունների պատշաճ որակը: Չորեքշաբթի օրն էլ Ազգային ժողով կգան ՀՀ վարչապետն ու կառավարության անդամները եւ կպատասխանեն պատգամավորների հարցերին:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ մեկ տարի առաջ ճաշած դատավորին ուզում են նոր ստեղծվելիք պալատի նախագահ դարձնել: Բանն այն է, որ 2022 թվականի հունվարի 17-ին ԱԺ նիստում քննարկվեց կառավարության ներկայացրած «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որն առաջարկում է Վճռաբեկ դատարանում Քաղաքացիական եւ վարչական պալատի փոխարեն ստեղծել երկու առանձին պալատներ: Ու մինչ ԱԺ-ն այս մասով որոշում կկայացնի, ՀՀ վճռաբեկ դատարանում դեռեւս չստեղծված պալատի նախագահի նշանակման շուրջ «գզվռտոց» է սկսվել: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ պալատի նախագահի իշխանության թեկնածուն Վճռաբեկի դատավոր Հովսեփ Բեդեւյանն է, սակայն նախագահի պաշտոնի համար այլ դատավորներ եւս պայքարում են: Ավելին, անգամ քաղաքական իշխանությունը գտել է, թե ով պետք է դառնա Քաղաքացիական պալատի նախագահ: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ նրանց թեկնածուն Վճռաբեկ դատարանի դատավոր Արսեն Մկրտչյանն է, որը դեռեւս անցած տարի եղել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առանձնատանը։ Այն ժամանակ դեռեւս դատավորի թեկնածու հանդիսացող Մկրտչյանը ճաշել էր Նիկոլ Փաշինյանի հետ, քննարկել անելիքները։ Եվ, ահա, ճաշելու արդյունքում մեկ տարի անց նրան նախագահ են ուզում դարձնել: