ԲԱՔՎԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆԸ ՄԵԶ ՎՆԱՍՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Հայաստանի ու Ադրբեջանի հռետորաբանության միջեւ տարվող զուգահեռները կամ համեմատականները ադրբեջանագետ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Տաթեւիկ Հայրապետյանի համար ոչ միայն անտրամաբանական, այլ նաեւ անհիմն են: Տասնամյակներ շարունակ խոսել ենք Ադրբեջանի կողմից պետական մակարդակով տարվող հայատյաց քաղաքականության մասին: Դրա վառ օրինակը, հիշեցնում է Հայրապետյանը, Ռամիլ Սաֆարովի կողմից հային կացնահարելու, այնուհետ նրան հերոսացնելու դեպքն էր: Բացի այդ, շարունակում է ադրբեջանագետը, Ալիեւը շարունակ նվաստատցուցիչ խոսքեր է ասում հայերի հասցեին՝ մեր զինվորականներին անվանելով դասալիքներ կամ փախչող նապաստակներ եւ այլն:

 

Այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է նախկին պատգամավորի հետ:

-Վերջերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսի ժամանակ բավականին ծավալուն անդրադարձավ 44-օրյա պատերազմին, Արցախի հիմնահարցին եւ այլ հարցերին։ Մի հետաքրքիր դրվագ դուրս մնաց բոլորիս ուշադրության կենտրոնից. արցախյան առաջին պատերազմը, զինադադարից հետո եղած իրավիճակը վարչապետը համեմատում է ներկա իրավիճակի հետ։ Այսպես ասած, Հայաստանի եւ Ադրեբջանի միջեւ զուգահեռներ էր տարվում, դրվում էր նաեւ հավասարության նշան, ու դա կապված էր երկու երկրների իշխանությունների միջեւ տարբերության քարոզի հետ։ Ի՞նչ կարծիք ունեք։ Հավասարության նշան դնելու համար տրամաբանվա՞ծ մոտեցում էր։ Ի՞նչ կասեք։

-Ես կարծում եմ՝ ոչ միայն տրամաբանված չէ, այլ նաեւ անհիմն է: Ինչո՞ւ. որովհետեւ մենք տասնամյակներ շարունակ խոսել ենք Ադրբեջանում պետական մակարդակով տարվող հայատյաց քաղաքականության մասին, դրա վառ օրինակը ժամանակին Ռամիլ Սաֆարովն էր, դրանից հետո նրա հերոսացումը Ալիեւի կողմից, դասագրքերում նույնպես կան հայատյացության մասին հոդվածներ։ Ալիեւը անձամբ (երբ մտածում են, թե Ադրբեջանն իր առջեւ դրված խնդիրները լուծել է, եւ այժմ պետք է այլ ձեւաչափ ու բառամթերք որդեգրի) նվաստացնում է հայ ժողովրդին, անվանում է նապաստակներ, որոնք փախան։ Ասում է՝ դասալիքներ են բոլորը, հայերը հավերժ կապրեն՝ որպես պարտված ժողովուրդ, եւ այս հռետորաբանությունը, որը հստակ է, հասանելի է բոլոր կայքերին, Հայաստանի վարչապետը համարում է էմոցիոնալ։ Ինձ համար սա անտրամաբանական է, որովհետեւ էմոցիաների հետ կապ չունի, սա պետական քաղաքականություն է։ Ես չեմ հիշում, որ Հայաստանի որեւէ ղեկավար, որեւէ պաշտոնյա, որը ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունը, նման տեքստեր արտաբերի։ Միգուցե բակերում կամ իրար մեջ ինչ-որ արտահայտություններ են արել, բայց դա բերել համեմատել Ադրբեջանում տարվող պետական քաղաքականության հետ, նշանակում է հայկական կողմին զրկել կարեւոր փաստարկներից, կռվաններից։ Այն, որ նման քաղաքականություն է տանում Բաքուն, ցույց է տալիս, որ Արցախը չի կարող որեւէ կարգավիճակով լինել Ադրբեջանի կազմում։

-Ըստ Ձեզ՝ ինչի՞ համար են արվում այս հայտարարությունները։ Մի բան էլ եվրոպացի փորձագետներն ու պաշտոնյաները ողջունում են՝ ասելով՝ ինչ լավ է, որ դուք վերջապես հասկացաք, որ նույն բանն էլ դուք էիք անում 90-ականներին։

-Իրականում դա զավեշտի է հասնում, որովհետեւ շատ հաճախ 90-ականներին Լեւոն Տեր-Պետրոսյանը մեղադրվել է իր դիրքորոշումների համար։ Այսինքն՝ նա հրաժարական տվեց այն բանի ներքո, որ գնում էր փուլային լուծման տարբերակին։ Ուստի այն ղեկավարը, որ համարվում է հաղթող ղեկավար Հայաստանի Հանրապետության պատմության մեջ, գնում էր լուծման։ Իր գնահատմամբ ու դիրքորոշմամբ դա լուծում էր, որը բխում էր մեր շահերից։ Նա այդպես էր գնահատում, բայց ինքը գնում էր այդ զիջումների, փոխզիջումների ճանապարհով։ Այդ նույն ճանապարհով գնացել է նաեւ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը՝ Կազանում, վերջերս այդ մասին անդրադարձ արվեց, եւ ըստ էության Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ ինքը շարունակել է բանակցային գործընթացը իր կետից։ Եվ մինչ օրս պարզ չէ, թե դա ինչ կետ է։ Համենայնդեպս այն ժամանակ տարածված արտահայտություն էր, որ լուծումը պետք է ընդունելի լինի բոլոր ժողովուրդների համար։ Այսինքն՝ այս տրաբանությունը որեւէ աղերս չունի Ալիեւի կողմից տարվող քաղաքականության հետ։ Այս համեմատությունը վնասում է մեզ, որովհետեւ եթե մենք միջազգային կառույցների կողմից ունենք ամրագրված փաստարկներ, որ Ադրբեջանը պետական մակարդակով ատելության քաղաքականություն է վարում, եւ վերջերս ՀԱԱԳԱ-ի դատարանն արձանագրեց այդ փաստն ու կոչ արեց զերծ մնալ այդ գործողություններից, Հայաստանի վարչապետն ուղղակի ի չիք է դարձնում այդ փաստարկները։

-Գիտակցվա՞ծ, թե՞ ոչ։

-Դժվարանում եմ ասել, որովհետեւ արդեն չեմ կարող մեկնաբանել մի մարդու, որի գործողություններն ինձ համար անտրամաբանական են։ Այն մարդը, որը ժամանակին Արցախի վերածննդի հրապարակում գոռում էր, որ Արցախը Հայաստան է եւ վերջ, այսօր պնդումներ է անում, որ, գիտեք, ԼՂԻՄ-ը երբեք չի ընկալվել զուտ հայկական միավոր։ Այսինքն՝ ամբողջութհամբ իրար հակասող տեքստեր արտաբերող դրդապատճառները չեմ կարող հասկանալ։ Փաստը մնում է փաստ, որ դրանով հսկայական վնասներ է հասցվում։

Զրուցեց ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ

 

 

 

ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շուրջ հայտարարությունները շարունակվում են ամենաբարձր մակարդակով։ Նախօրեին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը վերահաստատեց, որ Երեւանը կողմ է առանց նախապայմանների Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը եւ սահմանի վերաբացմանը։

 

Մասնավորապես, երկօրյա աշխատանքային այցով Երեւան ժամանած Ավստրիայի եվրոպական եւ արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ համատեղ ասուլիսում արտգործնարար Արարատ Միրզոյանը ընդգծեց՝ Թուրքիայի հետ հարաբերությունների առումով Հայաստանի դիրքորոշման մեջ նախորդ երեսուն տարիներին մեծ հաշվով ոչինչ չի փոխվել, ու Երեւանը կողմ է առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը եւ սահմանի վերաբացմանը։

«Ահա այս նպատակադրումով, այս ակնկալիքով է, որ մենք մտել ենք այս երկխոսության գործընթացի մեջ։ Գիտեք, որ առայժմ տեղի է ունեցել մեկ հանդիպում։ Պետք է ասեմ, որ առաջին հանդիպումը իհարկե շատ բովանդակային հարցերի չի կարողացել անդրադառնալ, բայց կան որոշակի դրական ազդակներ, որ գործընթացը կընթանա բարեհաջող։ Բայց կրկնում եմ՝ սա այն հարցերից է, որոնք ակնհայտորեն միայն մեկ կողմի դիրքորոշումից չեն կախված»,- ասաց Միրզոյանը։

Միեւնույն ժամանակ Հայաստանը հրավիրվել է այս մարտին կայանալիք Անթալիայի դիվանագիտական ֆորումին։ Նախորդ շաբաթ վարչապետ Նիկոլ Փաշինյանը առցանց ասուլիսի ժամանակ հայտարարեց, թե հավանականությունը մեծ է, որ Հայաստանը կընդունի ֆորումին մասնակցելու Թուրքիայի հրավերը, սակայն առ այսօր Երեւանը պաշտոնապես չի պատասխանել։ Այս հարցի շուրջ խոսել է նաեւ Արարատ Միրզոյանը։ «Այո, ես եւ պարոն Ռուբինյանը հրավեր ենք ստացել մասնակցելու Անթալիայի միջոցառմանը։ Մենք միջոցառումը քննարկել ենք նաեւ պարոն Շալենբերգի հետ քիչ առաջ։ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը այս մասով դեռեւս որոշում չունի, հարցը քննարկվում է։ Ուղղակի ուզում եմ նշել, որ ըստ էության կարեւոր է ընդգծել, որ երկկողմ այց չի եւ երկկողմ համատեքստում պետք չի դիտարկել։ Սա միջազգային դիվանագիտական իրադարձություն է, որին կարող է եւ Հայաստանի Հանրապետությունը որոշի մասնակցել։ Ես այդտեղ ոչ միայն խնդիր չեմ տեսնի, այլեւ կարծում եմ, որ նույնիսկ եթե այն շաղկապենք Հայաստան-Թուրքիա երկխոսության հետ, դրական երանգներ հաղորդելուց բացի, այլ բան չունի»,- նշեց Հայաստանի արտգործնախարարը ասուլիսի ժամանակ։

Հավելենք, որ Ալեքսանդր Շալենբերգը Երեւան է ժամանել շուրջ երկու տասնյակ ավստրիացի գործարարների ուղեկցությամբ։ Երեկ կայացել է հայ-ավստրիական միջկառավարական հանձնաժողովի նիստ եւ գործարար համաժողով։

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ՎԱԽԵՑՆՈՂ Է

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ոչ պաշտոնապես հաստատել է, որ Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի հետ Անթալիա կմեկնի՝ մասնակցելու միջազգային համաժողովին: Օրերս լրատվամիջոցների համար ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Միրզոյանը նշել է, որ Մոսկվայում տեղի ունեցած Հայաստանի ու Թուրքիայի բանագնացների հանդիպումից շաբաթներ անց որոշակի դրական ազդակներ կան, որ կնպաստեն հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացի բարեհաջող ընթացքին:

Բացի թուրքալեզու պետությունների ներկայացուցիչները, նախորդ տարի Անթալիայի համաժողովին մասնակցել են նաեւ դիվանագետներ, պետական գործիչներ Լատինական Ամերիկայից, Աֆրիկայից, Իրանի արտաքին գործերի նախարարն ու այլք: Ռուսաստանն, օրինակ, հաշվի առնելով, որ նախորդ տարի համաժողովին նաեւ Ղրիմի թաթարների ներկայացուցիչներ էին մասնակցում, որոնք հայտնի հակառուս պանթուրքիստներ էին, կտրուկ բոյկոտել է այն: Ի՞նչ է տալու Հայաստանին այս համաժողովին մասնակցելը. թուրքագետ Տիրան Լոքմագոզյանը դժվարանում է ասել, բայց ընդգծում է, որ համաժողովին միայն Թուրքիայի բարեկամները չէ, որ մասնակցում են:

Մասնակիցների թվում է նաեւ, օրինակ, Կիպրոսը: Հայաստանը 2009-ին նույնպես, հիշում է, Թուրքիայի հետ հարաբերություններ կարգավորելու պատրաստակամություն էր հայտնել, բայց ի տարբերություն 2009-ի, համեմատում է, պաշտոնական Երեւանն այժմ թույլի դիրքերից է հանդես գալիս: Ու այժմ, ահազանգում է, ամեն մի հանդիպում թուրքի հետ իրեն վախ է ներշնչում:

 

 

 

ԿՍՏԱՆԱՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության կողմից ավիատոմսի ծախսի փոխհատուցում կարող են ստանալ 16-ից մինչեւ 30 տարեկան երիտասարդները կամ նշված տարիքի երիտասարդներից կազմված մինչեւ հինգհոգանոց խմբի անդամները հետեւյալ միջոցառումներին մասնակցելու համար.

  1. Միջազգային երիտասարդական ծրագրեր՝ ֆորումներ, հանդիպումներ, կլոր սեղաններ, սեմինարներ, դասընթացներ (թրեյնինգ), համաժողովներ, գագաթնաժողովներ, նիստեր,
  2. միջազգային գիտաժողովներ, կոնֆերանսներ, գիտական համաժողովներ, գիտական նստաշրջաններ,
  3. միջազգային գիտատեխնիկական մրցույթներ,
  4. միջազգային մշակութային մրցույթներ, փառատոներ, ցուցահանդեսներ,
  5. միջազգային ինտելեկտուալ մրցույթներ,
  6. միջազգային ստարտափ ծրագրեր:

Ի դեպ, ավիատոմսի ծախսի փոխհատուցում ստանալու համար միջոցառման մասնակիցները պետք է դիմում ներկայացնեն նախարարություն:




Լրահոս