ԳՈՐԾՆԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մենք շատ մոտ ենք արձանագրելու կոմունիկացիաների բացման եռակողմ աշխատանքային խմբի առաջին գործնական արդյունքները»,- կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 

Աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի փոխվարչապետ, եռակողմ աշխատանքային խմբի համանախագահ Ալեքսեյ Օվերչուկը երեկ հանդիպել էր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ։ Փաշինյանը որոշ մանրամասներ հայտնեց՝ նշելով, որ Օվերչուկի այցն ամբողջությամբ գործնական էր եւ նվիրված էր Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղային գծի կառուցման աշխատանքներին։

Նրանք քննարկել են Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետերի եռակողմ աշխատանքային խմբի օրակարգային հարցերը, ինչպես նաեւ Հարավային Կովկասի տարածաշրջանում տրանսպորտային կոմունիկացիաների վերականգնման հեռանկարները. հաղորդում է Մհեր Գրիգորյանի աշխատակազմը:

Փոխվարչապետերի եռակողմ հանձնաժողովում Հայաստանը ներկայացնող Մհեր Գրիգորյանը օրերս ասել էր, որ առաջիկա հանդիպման ամսաթվի մասին լրացուցիչ կհայտարարվի` չհամաձայնելով, որ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների նոյեմբերի 26-ի Սոչիի հանդիպումից հետո համաձայնության գալ չի հաջողվել։ Նա հիշեցրել էր նաեւ, որ առնվազն երկաթգծի հարցով կա փոխըմբռնում։

Աշխատանքային խմբի վերջին հանդիպումը դեկտեմբերի 1-ին էր կայացել:

Մի քանի այլ հարցեր եւս, այդ թվում` ռուս-հայկական երկկողմ հարաբերությունները, առեւտրատնտեսական համագործակցությունը Գրիգորյանի ու Օվերչուկի հանդիպման օրակարգում են եղել։

«Մենք պետք է այդ երկաթուղին կառուցենք, եւ երկաթուղին պետք է գործի Հայաստանի տարածքում՝ Հայաստանի օրենսդրության շրջանակներում, Ադրբեջանի տարածքում՝ Ադրբեջանի օրենսդրության շրջանակներում։ Եվ երեկվա այցն, ըստ էության, գործնականացմանն էր ուղղված։ Մենք արդեն քննարկում ենք տեխնիկական առաջադրանքի ձեւակերպման հարցերը, նաեւ նախագծման եւ շինարարության մեկնարկի ու ֆինանսավորման հարցերը»,- կառավարության նիստում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով՝ այս դինամիկայով շարունակելու պարագայում կարող են վստահություն հայտնել, որ առաջիկայում այդ հնարավորությունն իրագործելը դառնում է առարկայական։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն իր հերթին տեղեկացրեց, որ երկաթգծի վերականգնման հետ կապված ռուսական կողմի հետ պարբերաբար երկկողմ շփումներ են ունենալու, քանի որ ենթակառուցվածքի օպերատորը Հարավկովկասյան երկաթուղիներն են։

«Մենք ճիշտ ենք համարում այս փուլից ծրագրի հետ կապված առաջընթացներում ինտենսիվ փորձագիտական շփումներ ունենալ նաեւ երկկողմ հարթակում։ Նախագծային փուլից սկսած ճիշտ է, որպեսզի օպերատորի հետ մեր համագործակցությունը սերտ լինի, որպեսզի նախագիծն ունենա այնպիսի տրամաբանություն, որ կառուցվի ու դրանից հետո անմիջապես շահագործվի՝ առանց խութերի եւ խոչընդոտների», – ասաց Գրիգորյանը։

Հավելենք, որ 44-օրյա պատերազմին հաջորդած ավելի քան մեկ տարվա բանակցություններից եւ բրյուսելյան՝ Փաշինյան-Ալիեւ մի քանի ժամանոց հանդիպումներից հետո, հստակեցվեց՝ Հայաստանն ու Ադրբեջանը առաջիկայում վերագործարկելու են Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթգիծը։ Չնայած երկաթուղու վերագործարկման շուրջ հստակ հայտարարություն հնչեց բրյուսելյան բանակցություններից հետո, սակայն պայմանավորվածությունը ձեռք է բերվել Մոսկվայի միջնորդությամբ եւ փոխվարչապետերի մասնակցությամբ գործող եռակողմ՝ Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան աշխատանքային խմբի քննարկումների արդյունքում՝ նոյեմբերի 26-ին Սոչիի Պուտին-Փաշինյան-Ալիեւ հանդիպմանը։

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ԺԱՄԿԵՏ ՉԿԱ

Ռուսաստանի Դաշնության նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը խոսել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հնարավոր հանդիպումից։  «Ռուսաստանի Դաշնության եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են հանդիպման ժամկետների տարբեր տարբերակներ՝ ներառյալ փետրվարի վերջը, սակայն առայժմ ստույգ ժամկետ չկա»,-ասել է Պեսկովը։ Ավելի վաղ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել էր, որ Վլադիմիր Պուտինը թուրքական կողմին ասել է, որ Չինաստան այցից հետո կայցելի Թուրքիա։

 

 

ԲԱՐՁՐ Է ԳՆԱՀԱՏՈՒՄ

Հայաստանի երկաթուղու Երասխ-Ադրբեջանի Հանրապետության սահման եւ Մեղրիի հատվածների վերականգնման հարցով զբաղվող աշխատանքային խումբը սկսել է իր դաշտային աշխատանքները, տեղում գնահատում է իրավիճակը: Կառավարության նիստի ժամանակ այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Վարչապետի խորհրդական Արտաշես Թումանյանի գլխավորությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը արդեն դաշտային աշխատանքով է զբաղվելու: Նայում են տարածքները, շինարարության հրապարակների տեղերը: Աշխատանքային խումբը եղել է Երասխում եւ Մեղրիում, գնահատել իրավիճակը»,- ասաց Փաշինյանը:

 

 

ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՎԻԶԱ

Մոսկվայում ԱՄՆ դեսպանությունը, հյուպատոսական գործողությունների սահմանափակմամբ պայմանավորված, ուսանողական կամ ակադեմիական վիզա ստանալ ցանկացող ռուսաստանցիներին խորհուրդ է տվել դիմել ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչություններ Ղազախստանում, Երեւանում եւ Բելգրադում:

«Պայմանավորված Մոսկվայում հյուպատոսական գործողությունների խիստ սահմանափակումներով՝ ԱՄՆ Պետքարտուղարությունը ՌԴ-ում բնակվողների համար որոշակի հայտարարությունների մշակման մի քանի կետեր է նշանակել ոչ էմիգրացիոն վիզաների տրամադրման  համար»,- ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ասվում է ամերիկյան դիվանագիտական առաքելության կայքում:

 

 

ՀԱՆԴԻՊԵԼ Է ՊՈՒՏԻՆԻՆ

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը տեսագրություն է հրապարակել, որն արվել է Մոսկվայի Կրեմլում, որտեղ նախօրեին աշխատանքային հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, հանդիպման մասին ավելի վաղ տեղեկացրել էր Չեչնիայի ղեկավարի մամուլի ծառայությունը: Հանդիպման ժամանակ Կադիրովը զեկուցել է հնարապետությունում տիրող սոցիալ-տնտեսական իրավիճակի մասին:

«Չեչնիայի ղեկավար եւ համատեղության կարգով «Գրոզնի» չեչենական պետական հեռուստառադիոընկերության թղթակից Ռամզան Կադիրովը մեզ տեսագրություն է ուղարկել մոսկովյան Կրեմլից, որտեղ նախօրեին երկրի նախագահը նրա հետ աշխատանքային հանդիպում է անցկացրել»,- ասվում է «Գրոզնի» հեռուստառադիոընկերության ինստագրամյան հաղորդագրության մեջ:

 

 

ԴԱՏԻ Է ՏՎԵԼ

Դեկտեմբերի 16-ից կալանքի տակ գտնվող Վանաձոր համայնքի նախկին ղեկավար Մամիկոն Ասլանյանը դատի է տվել ՀՀ գլխավոր դատախազության, ՀՀ քննչական կոմիտեի, ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության եւ ՀՀ արդարադատության նախարարությանը: Վերջինս պահանջում է, որպեսզի վարչական դատարանը ապհովի 05.12.2021 թվականի ընտրությունների արդյունքների հիման վրա ընտրված եւ ձեւավորված Վանաձոր համայնքի ավագանու առաջին նիստին իր մասնակցությունը եւ քվեարկելու իրավունքը: Հիշեցնենք, որ Մամիկոն Ասլանյանին միանգամից 3 հոդվածով մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը), 309-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորություններն անցնելը), 314-րդ հոդվածի 1-ին մասի (պաշտոնեական կեղծիքը) հատկանիշներով։ Ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ 2016թ. հոկտեմբերի 10-ից մինչեւ 2021թ. հոկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում Ասլանյանը պաշտոնական լիազորությունները չարաշահելու եւ անցնելու, անձնական այլ դրդումներով պաշտոնեական կեղծիք կատարելու առերեւույթ հանցանք է կատարել։ Բացի այդ, առանց համապատասխան թույլտվության, Ասլանյանը հողամասի նպատակային նշանակության փոփոխություն է արել, ինչի հետեւանքով համայնքին էական վնաս է հասցվել: Հիշեցնենք նաեւ, որ դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքներով Մամիկոն Ասլանյանի ղեկավարած «Ասլանյան դաշինքը» զբաղեցրել էր առաջին տեղը՝ երկրորդ տեղում թողնելով իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, որի ցուցակը գլխավորում էր Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը:

 

 

ՔՊ-Ն ՀԱՂԹԵՑ

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հայցն ընդդեմ Վարդենիս խոշորացված համայնքի ավագանու «Ահարոն Խաչատրյան» դաշինքի վարչական դատարանը, նախագահությամբ դատավոր Մերի Համբարձումյանի, բավարարել է՝ անվավեր ճանաչելով դեռեւս հունվարի սկզբին տեղի ունեցած համայնքապետ ընտրությունը, ինչի ժամանակ Խաչատրյանը համայնքապետ էր ընտրվել։ «Ահարոն Խաչատրյան» դաշինքի շահերը ներկայացնող փաստաբան Վարազդատ Հարությունյանն ArmLur.am-ի հետ զրույցում նշում է, որ դատարանը մասնակի է բավարարել հայցը։ «ՔՊ ավագանու անդամների հայցը մասնակի է բավարարվել է, ավագանու ընտրության արդյունքներն ամփոփելու որոշումն է անվավեր ճանաչվել։ Դատարանի որոշումը հիմնավորված ու արդարացված չէ։ Ավելին, մեր մի շարք փաստարկների դատարանը չի անդրադարձել, ինչը վիճահարույց է դարձնում Դատական ակտը»,- ներկայացնում է նա։ Հարությունյանը հավելում է նաեւ, որ դատական ակտն ուժի մեջ է մտնելու մեկ ամսից, ինչի ընթացքում իրենք, ըստ երեւույթին, Վերաքննիչ դատարան բողոք կներկայացնեն։

 




Լրահոս