Ե՞ՐԲ Է ԱՅՍ ՏԱՐԻ ՆՇՎԵԼՈՒ ՍՈՒՐԲ ԶԱՏԻԿԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարի Ս. Սարգիս զորավարի տոնը փետրվարի 12-ին է: ArmLur.am-ը տեղեկացավ, որ Մեծ Պահք կսկսվի փետրվարի 28-ից: Միջինքը կլինի մարտի 23-ին, Ծաղկազարդը` ապրիլի 10-ին, Ս. Հարությունը` ապրիլի 17-ին:

 

Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաեւ Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից եւ վերադարձ առ Աստված: Զատիկը Հայ Առաքելական Ս. Եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է: Հիսուս Քրիստոսի խաչելությունից եւ մահից հետո` երեկոյան, բարեպաշտ մարդիկ նրա մարմինը իջեցրին խաչից եւ դրեցին վիմափոր գերեզմանի մեջ՝ փակելով մեծ քարով: Երեք օր հետո` կիրակի առավոտյան, յուղաբեր կանայք` Մարիամ Մագդաղենացին, Հակոբի մայր Մարիամը եւ Սողոմեն, գնացին գերեզման՝ անուշաբույր յուղերով օծելու Քրիստոսի մարմինը, սակայն զարմանքով տեսան, որ քարայրի մուտքի քարը հեռացված է, իսկ գերեզմանը` թափուր: Մինչ նրանք տարակուսում էին, երեւացին երկու հրեշտակ եւ ասացին. «Ինչո՞ւ եք ողջին մեռելների մեջ փնտրում: Այստեղ չէ, այլ Հարություն առավ» (Ղուկ. 24:5-6):

Հարության լուրը կանայք ավետեցին առաքյալներին, որից հետո Հիսուսը երեւաց նրանց: Քրիստոսի Հարությունը դարձավ քրիստոնեական վարդապետության եւ հավատի հիմքը: «Եթե մեռելների հարություն չկա, ապա եւ Քրիստոս հարություն չի առել: Եվ եթե Քրիստոս Հարություն չի առել, իզուր է մեր քարոզությունը, իզուր է եւ ձեր հավատը» (Ա Կորնթ. 15:13-14):

Ս. Հարության տոնի նախընթաց երեկոյան եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Ս. Պատարագ, որով սկսվում են զատկական տոնակատարությունները: Առավոտյան եկեղեցիներում կատարվում է ժամերգություն, Անդաստանի արարողություն, ապա մատուցվում տոնական Ս. Պատարագ: Ս. Հարության տոնին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս Յարեաւ ի մեռելոց» ավետիսով, պատասխանում՝ «Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»:

Զատկի տոնին հավատացյալները ձու են ներկում: Ներկված ձուն համարվում է Հարության եւ նոր կյանքի խորհրդանիշ: Կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար արյունը, որ թափվեց մարդկության փրկության համար: Ըստ Ս. Գրիգոր Տաթեւացու՝ «Միայն Զատկին ենք ձու ներկում, որովհետեւ ձուն օրինակ է աշխարհի», եւ ինչպես իմաստուններն են ասում. «Դրսի կեղեւը նման է երկնքին, թաղանթը՝ օդին, սպիտակուցը՝ ջրին, դեղնուցն էլ երկիրն է: Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է Քրիստոսի արյունը: Եվ մենք, կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով, հռչակում ենք մեր փրկությունը»:

Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը Հայ Եկեղեցին նշում է հիսուն օր շարունակ՝ մինչեւ Հոգեգալստյան տոն (Պենտեկոստե): Այս ընթացքը կոչվում է Հինանց շրջան կամ Հինունք, որը ծագում է «հիսունք» բառից:

Հինանց շրջանի քառասուն օրերը Հարուցյալ Քրիստոսի՝ աշակերտներին երեւալու եւ Աստծո արքայության մասին վկայություններ տալու հիշատակությունն են (Գործք 1:3), իսկ վերջին տասն օրերը նվիրված են Քրիստոսի Համբարձմանը: Հինանց շրջանը ավարտվում է Հոգեգալստյան տոնով: Համբարձումից տասն օր հետո, ըստ Քրիստոսի խոստման, առաքյալների վրա իջավ Աստծո Ս. Հոգին, եւ զորացած առաքյալները վկայեցին Քրիստոսին ամբողջ աշխարհով:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

«ԼՈՌԵՑԻ ՍԱՔՈՆ» ԿԲԵՄԱԴՐՎԻ

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ հայ-իրանական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի շրջանակում Սոս Սարգսյանի անվան «Համազգային» թատրոնը կմեկնի Իրան՝ հյուրախաղերի:

 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության վարչությունը, թատերախումբը կմասնակցի փետրվարի 6-15-ն Իրանում անցկացվելիք «Ֆաջր» փառատոնին. Թեհրանում եւ Սպահանում կներկայացվի «Լոռեցի Սաքոն» բեմադրությունը:

Երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի շրջանակում նախատեսվում են նաեւ մի շարք այլ նախաձեռնություններ: ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան մշակույթի կենտրոնի հետ համագործակցությամբ իրանցի ռեժիսոր Ջոնաս Մոհամադին արդեն նկարահանել է «6.60» կինոնկարը, որը շուտով կներկայացվի հանդիսատեսի դատին: Ռեժիսոր Անահիտ Աբադը բեմադրում է իրանական էպոսը, «Համազգային» թատրոնում նախատեսվում են իրանական պիեսների թատերայնացված ընթերցումներ: Անդրադառնալու են ժամանակակից դրամատուրգների գործերին, ներկայացնելու են Ֆիրդուսու «Շահնամեն» եւ այլ ստեղծագործություններ: Նշենք, որ «Համազգային» թատրոնը հաջորդ տարի հանդիսատեսին կհյուրընկալի թատրոնի նոր շենքում, որտեղ այժմ ընթանում են շինարարական աշխատանքներ:

 

 

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ Է ԿՆՔԵԼ

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» պայմանագրեր է կնքել մրցաշրջանի առաջին հատվածը «Վանում» անցկացրած պաշտպան Անդրանիկ Ոսկանյանի, նաեւ եզրայիններ Գագիկ Դաղբաշյանի ու Վահագն Այվազյանի հետ. հաղորդում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը։ 31-ամյա Դաղբաշյանը եւ Ոսկանյանը «Ալաշկերտում» հաջողությամբ հանդես գալու հարուստ փորձ ունեն, իսկ 29-ամյա Այվազյանն առաջին անգամ կխաղա «Ալաշկերտում»։ Դաղբաշյանը 15 հանդիպման է մասնակցել Հայաստանի ազգային հավաքականի կազմում, 9 խաղի՝ Մ-21 հավաքականում։ Վերջերս ազգային թիմ հրավիրված Ոսկանյանը երկրի գլխավոր թիմում մեկ խաղ է անցկացրել, եւս 5 հանդիպման Անդրանիկը մասնակցել է Մ-21 հավաքականի կազմում։ Հուժկու հարվածներով հայտնի Այվազյանը 4 հանդիպում է անցկացրել Մ-21 հավաքականի, եւս 3 խաղ` Մ-19 հավաքականի կազմում։

 

 

 

ՄԵՐԺԵԼ Է ԱՌԱՋԱՐԿԸ

Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը նոյեմբերին եւ դեկտեմբերին մերժել է փարիզյան ՊՍԺ-ի առաջարկները։ 49-ամյա ֆրանսիացի մասնագետը աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականը գլխավորելու հույս ունի. հաղորդում է RMC Sport-ը։ Հնարավոր է՝ Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը չցանկանա շարունակել աշխատանքն ազգային թիմում նոյեմբեր-դեկտեմբերին Քաթարում անցկացվելիք աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարից հետո։ Եթե նման մտադրության մասին հայտնի դառնա ամռանը, Զիդանը չի ընդունի ՊՍԺ-ի առաջարկը նաեւ այդ ժամանակ։

 

 

ԿՆԵՐԿԱՅԱՑՆԵՆ

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 21-ակի չեմպիոն, իսպանացի Ռաֆայել Նադալը եւ 20-ակի չեմպիոն, շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը կներկայացնեն Եվրոպան թենիսի Լեյվերի գավաթի խաղարկությունում. հաղորդում է կազմկոմիտեն։ Մրցաշարը կանցկացվի սեպտեմբերին Լոնդոնում։ Այս թիմային մրցաշարն ամեն տարի անցկացվում է ԱՄՆ-ի բաց առաջնության ավարտից երկու շաբաթ հետո Եվրոպայի եւ աշխարհի հավաքականների միջեւ։ Աշխարհի հավաքականում ընդգրկվում են ոչ եվրոպական երկրների խաղացողներ։

 

 




Լրահոս