Լուսանկարն արվել է Երեւանում
Երեկ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երեւանում: Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Կարիմ Դ.-ն իր վարած MAN մակնիշի բետնատարով Դավիթ Բեկի փողոցում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ բախվել էլեկտրասյանը: Վթարի հետեւանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան:
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել, թե ինչպես է հաշվարկվում աշխատանքային ստաժը:
Լուսինե Մարտիրոսյան (40 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ հայտնում ենք, որ աշխատանքային ստաժում հաշվարկվում են ՀՀ oրենսդրությամբ սահմանված կարգով աշխատանքի ընդունելուց մինչեւ ազատելու oրն ընկած ժամանակահատվածները, այլ գործու֊նեության ժամանակահատվածները, ինչպես նաեւ զինվորական ծառայության ժամանակահատվածները: Ստաժում հաշվարկվում են յուրաքանչյուր ժամանակահատվածի տարին, ամիսը, oրը, այնուհետեւ գումարվում, ընդ որում՝ յուրաքանչյուր 30 oրը հաշվառվում է որպես մեկ լրիվ ամիս, իսկ յուրաքանչյուր 12 ամիսը` մեկ լրիվ տարի: Կենսաթոշակի չափը հաշվարկելիս (վերահաշվարկելիս) աշխատանքային ստաժի հանրագումարի մեջ (տարի, ամիս, oր) մինչեւ 6 ամսվա (180 oրվա) ժամանակահատվածը չի հաշվառվում, իuկ 6 ամսվանից ավելի ժամանակահատվածը հաշվառվում է որպես մեկ տարվա ստաժ:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Աշխատանքային գրքույկի կամ ստաժը հաստատող այլ փաստաթղթերի բացակայության դեպքում ստաժը հաստատվում է արխիվային տեղեկանքով, իսկ այն չլինելու դեպքում` դատական կարգով:
ԿԱՐԳ
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել, թե ինչ կարգով է որոշվում երեխայի նկատմամբ հայրությունը։
Կարինե Միրաքյան (36 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Կ. Միրաքյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ հայրության ճանաչման պետական գրանցման հիմքերն են՝ 1) երեխայի ծննդյան պահին ամուսնության մեջ չգտնվող մոր եւ երեխայի նկատմամբ իրեն հայր ճանաչող անձի համատեղ հայտարարությունն առ այն, որ երեխան սերվել է հայտարարություն ներկայացնող անձից,
2) ՀՀ օրենքով նախատեսված դեպքերում մոր հետ ամուսնության մեջ չգտնվող՝ երեխայի նկատմամբ իրեն հայր ճանաչող անձի հայտարարությունն առ այն, որ երեխան սերվել է իրենից,
3) «Նոտարիատի մասին» օրենքով սահմանված կարգով նոտարի հաստատած իրավաբանական փաստի մասին նոտարական ակտը կամ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած համապատասխան վճիռը: Եթե երեխայի ծնունդը գրանցել է օտարերկրյա պետությունը, ապա հայրության ճանաչման պետական գրանցումը կարող է կատարվել Հայաստանի Հանրապետությունում, եթե այլ բան նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով: Օտարերկրյա պետության գրանցած ծննդյան ակտային գրանցման հիման վրա կատարված հայրության ճանաչման պետական գրանցման դեպքում դիմողին տրամադրվում է հայրության ճանաչման վկայական, եւ կատարված հայրության ճանաչման պետական գրանցման մասին հաղորդվում է երեխայի ծննդի ակտային գրանցման վայր՝ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված կարգով:
ՀՀ արդարադատության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ հայրության որոշման պետական գրանցումը կատարում է գործակալությունը: Դիմումները գործակալություն են ներկայացվում էլեկտրոնային եղանակով կամ սպասարկման կենտրոնների միջոցով: