ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտնել է կորոնավիրուսի համավարակն այս տարի հաղթահարելու պայմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պատվաստանյութերի բաշխման անհավասարությունը մեր ժամանակների ամենամեծ սխալն է, սակայն, համատեղելով ջանքերը, աշխարհը կարող է վերջ տալ կորոնավիրուսի համավարակին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարություն է արել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը՝ հանդես գալով ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներին կորոնավիրուսի բուժման հարցում աջակցելուն ուղղված ACT-Accelerator ծրագրի համար դրամահավաք միջոցառմանը:

«Պատվաստանյութերի բաշխման անհավասարությունը մեր ժամանակների ամենամեծ բարոյական սխալն է: Սակայն լավ նորությունն այն է, որ վերջին շրջանի առաջընթացը ցույց է տալիս, որ մենք կարող ենք հասնել ցանկալիին, եթե միավորենք ռեսուրսները»,- ասել է Գուտերեշը:

Նրա խոսքով՝ ջանքերի միավորումը կօգնի արդեն այս տարի հաղթել համավարակին: «Մենք կարող ենք արդեն այս տարի տեսնել համավարակի ավարտը: Մենք կարող ենք տնտեսությունը վերադարձնել վերականգնման ուղի և փրկել կայուն զարգացման նպատակները, սակայն դրա համար պետք է գործենք հիմա»,- ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:




Լրահոս