Երեկ Armlur.am-ը գրել էր, որ Հայաստան վերադարձած 8 հայ ռազմագերիների հարցաքննությունը անցել է բավականին լարված ու բարդ: Բանն այն է, որ մինչ քննիչները, քրեական գործի անհրաժեշտությունից ելնելով, հարցաքննել են նրանց, ռազմագերիների հարազատները զայրացած աղմուկ են բարձրացրել եւ փորձել են կոտրել զինվորական քննչական վարչության շենքի պատուհանները, իրավիճակը զսպել են ոստիկաության աշխատակիցները։ Ծնողների պահանջը մեկն էր, որ իրենց երեխաներին իրավապահները շուտ բաց թողնեն:
«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ հարցաքննությունը սկսվել է մոտ ժամը 15:00-ին եւ տեւել է մոտ 7-8 ժամ: Ու հիմա մի հարց է կարեւոր՝ կկալանավորե՞ն հայրենադարձված գերիներին, թե՞ ոչ: Իրավապահ համակարգի մեր աղբյուրներից տեղեկացանք, որ նախաքննական մարմինը Հայաստան վերադարձած տղաներից որեւէ մեկի նկատմամբ դեռ մեղադրանք չի առաջադրել, չի ձերբակալել: Իսկ թե հետագայում քրեական գործով ինչ նոր հանգամանքներ ի հայտ կգան, դժվար է կանխատեսել: Լավ է, որ գերիները տուն եկան:
Հ.Գ. Զինվորական քննչական բաժնում ուշ երեկոյան ավարտվեց 8 ռազմագերիների հարցաքննությունը: Մեզ հայտնի դարձավ, որ 8 ռազմագերիներից 6-ին քննչական մարմինը ազատ է արձակել, նրանք տուն են գնացել: Իսկ 2-ին, որոնք ժամկետային զինծառայողներ են, տեղափոխել են ռազմական ոստիկանություն՝ հետագայում նրանց ծառայության հարցը լուծելու նպատակով:
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ներսում հանրապետության նախագահի թեկնածու առաջադրել-չառաջադրելու հարցի քննարկումը բավականին բուռն է անցել: «ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ խմբակցության պատգամավորների մի մասը պնդել է՝ թեկնածու պետք է առաջադրել նախեւառաջ քննադատությունից խուսափելու ու չթիրախավորվելու համար, թե ընդդիմադիրները, սեփական թեկնածու չառաջադրելով, լեգիտիմացնում են իշխանության թեկնածուին: Մեր տեղեկություններով՝ խմբակցության պատգամավորներ Անդրանիկ Թեւանյանն ու Արթուր Ղազինյանը կարողացել են հասնել նրան, որ ընդդիմությունը նախագահի թեկնածու չառաջադրի: Ի՞նչն էր պատճառը: Այս հարցի շուրջ զրուցեցինք պարոն Թեւանյանի հետ: «Քնարկմանը բոլորն են մասնակցել, այնպես չի, որ մեկ հոգի է միայն տեսակետ հայտնել: Ինչ վերաբերում է իմ՝ նախագահի թեկնածու չառաջադրելու հարցում «խիստ ակտիվ լինելուն», ապա Covid-ով հիվանդ եմ եղել, ինչպե՞ս կարող էի շատ ակտիվ քննարկումների մեջ լինել: Այո, դեմ եմ եղել, որ ընդդիմությունը թեկնածու ունենա, ու այնպես չի, որ մենակ ես եմ դեմ եղել»,- մեզ հետ զրույցում ներկայացրեց Թեւանյանը: Տեղեկացանք նաեւ, որ հարցի քննարկումից հետո ընդդիմադիր խմբակցության պատգամավորների մեծ մասը, այնուամենայնիվ, չի հաշտվում թեկնածու չառաջադրելու որոշման հետ՝ համարելով, որ թեկնածու չառաջադրելու բոյկոտն անհիմն ու անտրամաբանական է:
Ամենեւին առաջին անգամ չէ, երբ Freedom House հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունը քննադատել է ՀՀ իշխանություններին: Այս անգամ նրանց մտահոգել է Հայաստանում պետական ծառայողներին վիրավորելու համար հարուցված 260 քրեական գործերը։ Այդ պատճառով իրավապաշտպան կազմակերպությունը ՀՀ խորհրդարանին կոչ է արել չեղարկել օրենսդրական այդ նորմը։ Նախկինում այլ կոչեր եւս եղել են: Օրինակ՝ 2021 թվականի սեպտեմբերին նրանք եւս նույն կոչով էին հանդես եկել՝ ասելով, թե պետք է չեղարկել այդ օրենքի կիրառումը, իսկ, ահա, հունիսին Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը մտահոգություն է հայտնել Հայաստանում նախընտրական շրջանում քաղաքական գործիչների կողմից ատելության եւ բռնության խոսքի կիրառման կապակցությամբ: Նախորդ տարի էլ իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է Nations in Transit. Antidemocratic Turn («Անցումային շրջանի երկրներ. հակաժողովրդավարական շրջադարձ») զեկույցը, ըստ որի՝ Հայաստանի գնահատականը 2018-ի հեղափոխությունից հետո առաջին անգամ ընկել էր: «Հեղափոխությունից հետո երկրում առաջին անգամ ժողովրդավարության ցուցանիշը նվազել է, եւ այս տարի տեղի ունեցած իրադարձությունները, այդ թվում՝ լարվածությունը զինվորականների եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջեւ (երբ ԳՇ-ն պահանջում էր նրա հրաժարականը-խմբ.), ցույց են տալիս, որ իրավիճակը կարող է սրվել»,- նշել էին զեկույցի հեղինակները:
Հայաստանի կառավարությունը մտադիր է վաճառել Սեւանա լճից հանվող բուսահողը։ Նկատենք, որ օգտակար հանածոների արդյունահանման աշխատանքներ կատարելիս հողի բերրի շերտի վաճառքն արգելվում է: ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունն առաջարկում է օրենսդրական փոփոխություն կատարել. այսպես, ՀՀ հողային օրենսգրքում լրացում կկատարվի, եւ Սեւանա լճի մակարդակի բարձրացման արդյունքում ջրածածկ եւ ջրածածկման ենթակա տարածքներում մաքրման աշխատանքներ կատարելիս հողի բերրի շերտի վաճառքի թույլատրելիության վերաբերյալ դրույթ կներառվի Հողային օրենսգրքում: Բանն այն է, որ Սեւանա լճի մակարդակի բարձրացման ժամանակ հողը մնում է ջրի տակ՝ հանդիսանալով աղտոտման աղբյուր, անհրաժեշտություն է առաջանում Սեւանա լճի շրջակայքում ջրածածկման ենթակա տարածքներում անտառմաքրման աշխատանքներ իրականացնել՝ տարածքը ազատել ծառերից եւ թփերից։ Հանվող բուսահողը չի օգտագործվում։ Ըստ Շրջակա միջավայրի նախարարության՝ հողի բերրի շերտը համապատասխան նորմատիվները պահպանելու դեպքում կարող է դառնալ վաճառքի առարկա, քանի որ գոյություն ունի բերրի հողի պահանջարկ: Պարզվում է՝ մարզերում, ջերմոցային տնտեսությունների թվաքանակի աճին զուգընթաց, դրա նկատմամբ պահանջն ավելի է մեծանում: Եթե այս որոշման նախագիծն իրականություն դառնա, հուսանք՝ վաճառվող հողից ստացված շահույթը չի մտնի որեւէ մեկի գրպանը, իսկ ջրածածկ լինելու անվան տակ Սեւանի շրջանից այլ հողեր չեն վաճառվի: