ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՊՏԱԿԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Freedom House հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունը կոչով դիմել է Հայաստանի իշխանություններին: Մասնավորապես նրանց մտահոգել է Հայաստանում պետական ծառայողներին վիրավորելու համար հարուցված 260 քրեական գործերը։ Այդ պատճառով իրավապաշտպան կազմակերպությունը ՀՀ խորհրդարանին կոչ է արել չեղարկել օրենսդրական այդ նորմը։

 

Freedom House-ը հիշատակում է փետրվարի սկզբին դատարանի կայացրած վճիռը` վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու ՀՀ նախագահի թեկնածու առաջադրված բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Վահագն Խաչատրյանին վիրավորելու համար ՀՀ քաղաքացուն 1000 դոլարով տուգանելու վերաբերյալ։

«Մեծ մտահոգությամբ ենք նշում ՀՀ քաղաքացու առաջին դատվածությունը` Քրեական օրենսգրքի նոր հոդվածով, որը քրեական պատասխանատվություն է նախատեսում պետծառայողներին վիրավորելու համար։ Միայն 2022 թվականին այս դրույթի կիրառումը, որի արդյունքում հարուցվել է ավելի քան 260 քրեական գործ, վկայում է Հայաստանում ժողովրդավարական նորմերի ակնհայտ դեգրադացիայի եւ խոսքի ազատության նկատմամբ սպառնալիքի մասին»,- ասվում է հայտարարության մեջ։

Հիշեցնենք` 2021 թվականի հուլիսի 30-ին Ազգային ժողովն ընդունեց հայհոյանքը քրեականացնելու մասին նախագիծը, որի համաձայն` հայհոյանքը՝ անգամ հեռավար պայմաններում (օնլայն), առաջացնում է պատիժ` տուգանքից մինչեւ կալանք։ Օրենքն ընդունվեց 75 կողմ ձայնով, ձեռնպահ եւ  դեմ քվեարկողներ չկային։ Փետրվարի 3-ին հայտնի դարձավ, որ Հայաստանում քաղաքացին վարչապետ Նիկոլ Փաշինյանին հայհոյելու համար տուգանվել է 500 հազար դրամով։

Սակայն ԱԺ պետաիրավական հարցերով հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն այլ կերպ է մեկնաբանում հեղինակավոր կազմակերպության կողմից տարածած հաղորդագրությունը:  «Այդ ամենին անդրադարձել է Եվրոպայի խորհրդի վեհաժողովը՝ ըստ էության ասելով, որ տվյալ պարագայում անհրաժեշտ է ապահովել բալանս՝ կոնվերցիայի 10 եւ 8-րդ հոդվածների հետ կապված։ Սա դատարանները պետք է ընկալեն այն նեղ ընկալմամբ, որպեսզի իրավիճակ չստեղծվի, երբ անձն ըստ էության ենթարկվում է պատասխանատվության խոսքի ազատության թույլատրելիության սահմաններում», – նշեց նա: Ըստ Վ. Վարդանյանի՝ որեւէ փաստարկ, որ հայհոյանքը, որպես այդպիսին, կարող է դիտարկվել թույլատրելիության սահմաններում տեղակայվող երեւույթ, չի արտացոլվել։

«Հայ հասարակությունում հայհոյանքը տաբուի վերածված մի երեւույթ է։ Ես նման բան չեմ լսել, որ մեզ հորդորեն՝ այդ օրենքը հետ կանչենք, բայց ես ասել եմ, որ նոր Քրեական օրենսգրքում նման կարգավորումներ չկան։

Սակայն հաշվի առնելով այն պրակտիկան, որը ձեւավորվել է, չեմ բացառում, որ այն կշարունակի կիրառվել 2022 թվականի հուլիսից հետո։ Մենք կարող ենք ասել, որ, այո՛, խոսքի ազատությունը ժողովրդավարության կարեւորագույն սկզբունքներից է, բայց պետք է հասկանանք, որ խոսքի ազատությունն ունի սահմանափակումներ, նաեւ, որ կան այնպիսի արտահայտություններ, որոնք բացարձակապես չեն տեղավորվում խոսքի ազատության սահմաններում։ Հայհոյանքը  կա ու դիտարկվել է՝ ոչ որպես խոսքի ազատություն, այլ որպես մարդու իրավունքների խոսքի ազատության անթույլատրելի կիրառություն»,- հավելեց Վլադիմիր Վարդանյանը։

Միաժամանակ նա շեշտեց, որ տեղյակ չէ, թե քանի հայհոյանք է եղել, ու քանի քրեական գործ է հարուցվել, սակայն դատավորները պարտավոր են նեղ ընկալմամբ իրականացնել արդարադատություն։

«Եկեք իրար հետ անկեղծ լինենք, եթե յուրաքանչյուրդ հայտնվի մի իրավիճակում, երբ ձեզ հայհոյեն, ձեզ հետ գտնվող ցանկացած անձ միջամտելու է։ Ցավոք, շատ դեպքերում դա վերածվում է այն կարգի միջամտության… Հայհոյանքը պետք է արգելված լինի, այն՝ որպես բարոյական նորմ, արգելված է եղել Հայաստանում, կա ու, հուսամ, կմնա։ Հայհոյանքը սոցիալական ցանցի ազդեցությամբ վերածվել է մի դաշտի, որը կարող է բերել կրիմինալ երեւույթների»,- ընդգծեց Վլադիմիր Վարդանյանը։

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ԱՇԽԱՏԱՎԱՐՁ ՉԵՆ ՍՏԱՆՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններ են հասել այն մասին, որ ՀՀ ոստիկանության «Երեխայի զարգացման կենտրոնի» աշխատակիցներն արդեն երկու ամիս է, ինչ աշխատավարձ չեն ստացել, ինչն էլ մեծ անհանգստություն եւ ներքին վրդովմունք է առաջացրել աշխատակիցների մոտ: ArmLur.am-ը ստացված տեղեկության շուրջ փորձեց պարզաբանում ստանալ ՀՀ ոստիկանության «Երեխայի զարգացման կենտրոնի» ՊՈԱԿ-ի տնօրեն Լուսինե Գալստյանից, որը մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ այս շաբաթ խնդիրը կկարգավորվի: «Ընդամենը մեկ ամիս չեն ստացել, այսինքն՝ հունվար ամսվա աշխատավարձը, տեխնիկական խնդիրների պատճառով: Մենք պետք է վերակազմակերպվեինք, դառնայինք համայնքային, եւ մեր ֆինանսավորման հետ կապված խնդիրներ են առաջացել, որն այս շաբաթվա ընթացքում կլուծվի»,- ասաց Լուսինե Գալստյանը: Սակայն նկատենք, որ խնդիրը նոր չէ, աշխատակիցներն արդեն երկար ժամանակ է, ինչ փորձում են հաշտվել ուշացումների հետ, ինչն էլ դարձել է ներքին վրդովմունքի պատճառ:

 

 

ՋՐԾԱՂԻԿԻ ԴԵՊՔԵՐՆ ԱՎԵԼԱՑԵԼ ԵՆ

Հայաստանում ջրծաղիկի դեպքերն ավելացել են. ArmLur.am-ը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ մեկ ամսվա ընթացքում ջրծաղիկի դեպքերը 620-ով ավելացել են: Մեզ հայտնի դարձավ, որ 2021 թվականի նոյեմբեր ամսին Հայաստանում գրանցվել է ջրծաղիկի 1130 դեպք, իսկ հոկտեմբերին այն կազմել է 510: Ավելին՝ նշենք, որ հունվար-նոյեմբեր ամիսներին մեր երկրում արձանագրված ջրծաղիկի դեպքերը կազմել են 4150: ArmLur.am-ին դիմած քաղաքացիները փոխանցեցին, որ այս օրերին իրենց երեխաների մոտ ախտորոշվում է ոչ միայն ջրծաղիկ, այլեւ կորոնավիրուս: Երեխաները երկու վարակով միաժամանակ են հիվանդանում: Նշենք, որ ջրծաղիկի ամենաբնորոշ նշանը քոր հարուցող բշտիկային ցանավորումն է, որն ի հայտ է գալիս վարակվելուց 10-21 օր անց եւ սովորաբար տեւում է 5-10 օր: Ջրծաղիկի ցանը կարող է հայտնվել մարմնի տարբեր մասերում՝ դեմքին, կրծքավանդակին, ազդրերին եւ որովայնին, սակայն խիստ բնորոշ է այն, որ ցանավորումը, որպես կանոն, լինում է նաեւ գլխի մազածածկ մասում։

 

 

ՆԱԽԿԻՆ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄԻ ԴԵՄ

Երեւանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության նախկին անդամ Սոնա Աղեկյանի դեմ հերթական քրեական գործն է հարուցվել։ Վերջինիս նկատմամբ հարուցվել է արդեն երկու քրեական գործ, նա մեղադրվում է, որ անձի հանրային գործունեությամբ պայմանավորված՝ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորել է նրա արժանապատվությունը եւ տեղեկատվական տեխնոլոգիաներն օգտագործելով՝ տարածել է անձի վերաբերյալ ծանր վիրավորանք պարունակող նյութեր:

 

 

 

ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒԻ ՈՒՆԵՑՎԱԾՔԸ

Ինչպես հայտնի է, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախագահի թեկնածուն բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատրյանն է: ArmLur.am-ը ներկայացնում է, թե նախագահի թեկնածուն ինչ ունեցվածք է ներկայացրել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով: Հայտարարագրից տեղեկանում ենք, որ նախագահի թեկնածուն ունի միանձնյա սեփականությամբ մեկ բնակարան, մեկ ավտոտնակ եւ երկու հողամաս։ Խաչատրյանը որպես կանխիկ գումար հայտարարագրել է 15 հազար ԱՄՆ դոլար։ ԵՊՀ, Շուշիի տեխնոլոգիական համալսարանից ստացած աշխատավարձը կազմել է 2 միլիոն 666 հազար դրամ, եւ «Հայէկոնոմ» բանկից 5 միլիոն 400 հազար դրամ է ունեցել որպես եկամուտ։ Իսկ, ահա, նրա կինը՝ Անահիտ Մինասյանը, հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ հայտարարագրել է միանձնյա սեփականությամբ մեկ բնակարան, բացի դրանից՝ 2480 եվրո, 1089 ԱՄՆ դոլար։ Կանխիկ գումար՝ 3 միլիոն 500.000 դրամ, եւ աշխատավարձ՝ 1 միլիոն 700 հազար դրամ՝ ստացված «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն»-ից։

 

 

ԿՐՊԵՅԱՆԸ ԿՓՈԽԱՐԻՆԻ

ԱԺ «Հայաստան» խմբակցությունը որոշել է նախորդ տարվա դեկտեմբերին մանդատ ստացած պատգամավոր Ասպրամ Կրպեյանին ընդգրկել մի քանի հանձնաժողովներում: Հենց այդ նպատակով էլ այսօր ԱԺ խորհրդի նիստում կքննարկվի ԱԺ նախորդ որոշումներից մեկում փոփոխություն կատարելու հարցը: Ըստ այդմ, Հայաստան-Կորեա (Կորեայի Հանրապետություն), Հայաստան-Ճապոնիա եւ Հայաստան-Մեծ Բրիտանիա բարեկամական խմբերում Արծվիկ Մինասյանին կփոխարինի հենց Ասպրամ Կրպեյանը: Հայաստան-Պորտուգալիա բարեկամական խմբում էլ Ասպրամ Կրպեյանը կփոխարինի Սեյրան Օհանյանին:

 

 

ԱՀԱԶԱՆԳ ԿԱԼԱՆԱՎՈՐՆԵՐԻՑ

ArmLur.am-ի խմբագրություն են ահազանգել ՀՀ քրեակատարողական հիմնարկի մի խումբ դատապարտյալներ եւ կալանավորներ եւ պահանջում են դադարեցնել քրեակատարողական ծառայության ղեկավար կազմի սպառնալիքով գործընթացը. «Արդեն քանի օր է՝ մեզ պարտադրում են պատվաստվել, մենք հրաժարվում ենք, եւ մեզ ասում են, որ եթե չպատվաստվեք, ապա մեր հարազատների հետ տեսակցություն չի լինի, կա՛մ պատվաստվում ենք, եւ այդ արգելքը մեզ վրա չի տարածվում, կա՛մ զրկվում ենք մեր հարազատներին տեսնելուց: Սա շանտաժ է, ուրիշ ինչպե՞ս բնորոշենք այս գործելաոճը»:




Լրահոս