ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ ԴԻՄԵԼ Է ԵԱՀԿ ԳՈՐԾՈՂ ՆԱԽԱԳԱՀԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՀՀ ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը իր լիազորությունների շրջանակում հրատապ կարգով դիմել է ԵԱՀԿ գործող նախագահ` Լեհաստանի արտգործնախարար Զբիգնեւ Ռաուին եւ Հարավային Կովկասում ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Վիորել Մոսանուին Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների անհապաղ վերադարձի հարցով։ Թագուհի Թովմասյանը ԵԱՀԿ նախագահի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների վերադարձի խնդրի հետեւողական քաղաքականացման եւ նոր նախապայմանների առաջ քաշման անընդունելիությունը։

 

Ուղերձի մեջ մասնավորապես ասվում է.

«Հարգելի՛ պարոն նախագահ,

Սույն գրությամբ ցանկանում եմ Ձեզ իրազեկել, որ 2020 թվականի 44-օրյա արցախյան պատերազմից 3 տարի անց Հայաստանի Հանրապետության համար ռազմագերիների վերադարձի հարցը դեռեւս շարունակում է մնալ ամենահրատապ խնդիրը, որն անհապաղ լուծում է պահանջում:

Ստեղծված իրավիճակում, առանց միջազգային գործընկերների կոշտ արձագանքի, մենք իրական տեղաշարժ չենք կարող ապահովել։

Հայտնի է, որ ռազմագերիների վերադարձը ձգձգելը, մարդկանց պահելը քաղաքական ու ռազմական առեւտրի նպատակով պատերազմական հանցագործություն է համարվում, մինչդեռ Ադրբեջանը մինչ օրս ոչ միայն չի վերադարձնում, այլեւ քաղաքականացնում է ռազմագերիների վերադարձի հարցը, առաջ քաշում նոր նախապայմաններ:

Ադրբեջանը, կոպտորեն ոտնահարելով միջազգային մարդասիրական իրավունքով ողջ միջազգային հանրության հանդեպ ստանձնած պարտավորությունները, խախտելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից կիրառված միջանկյալ միջոցների պահանջները, թաքցնում է իր վերահսկողության ներքո գտնվող հայ ռազմագերիների եւ ներկալված քաղաքացիական անձանց իրական թիվը եւ անթույլատրելի կերպով ձգձգում է նշված անձանց, այդ թվում՝ կանանց անհապաղ հայրենադարձման մարդասիրական գործընթացը։ Ավելին՝ Ադրբեջանը անցկացնում է արհեստական դատավարություններ, գերեվարվածներին անմարդկային կտտանքների ենթարկում՝ ռասսայական եւ կրոնական հողի վրա։ Ադրբեջանը, շինծու քրեական հետապնդման ապօրինի գործընթաց նախաձեռնելով, փորձում է զրկել իր վերահսկողության ներքո գտնվող հայ ռազմագերիներին եւ քաղաքացիական անձանց Ժնեւի կոնվենցիաներով սահմանված կարգավիճակից՝ չտրամադրելով վերջիններիս նշված կոնվենցիաներով նախատեսված իրավունքները, արտոնությունները եւ այլ երաշխիքները:

Ցանկանում եմ հիշեցնել, որ «Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին» 1949 թ. օգոստոսի 12-ի Ժնեւի կոնվենցիայի 118-րդ հոդվածի համաձայն՝ «Ռազմագերիներն ազատվում եւ հայրենադարձվում են անմիջապես ակտիվ ռազմական գործողությունները դադարեցվելուց հետո»:

«Պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին» 1949 թ. օգոստոսի 12-ի Ժնեւի կոնվենցիայի հոդված 113-ի 1-ին մասը սահմանում է նաեւ, որ «Ներկալումը պետք է դադարի, որքան հնարավոր է, շուտ՝ ռազմական գործողություների ավարտից հետո»:

«Բռնությամբ անհետացած անձանց պաշտպանության մասին» 2007թ. փետրվարի 6-ի միջազգային կոնվենցիան սահմանում է, որ ոչ ոք չպետք է ենթարկվի բռնությամբ անհետացման, նույնիսկ պատերազմական իրավիճակում: Գերիների առկայության փաստի ժխտումը կամ

անհետացած անձի ճակատագրի կամ գտնվելու վայրի մասին տեղեկությունները թաքցնելը համարվում է միջազգային հանցագործություն:

Հաշվի առնելով վերոնշյալ բոլոր հանգամանքները եւ ցցուն փաստարկները՝ ակնկալում եմ, որ Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպությունը՝ Ձեր գլխավորությամբ, քաղաքական լուրջ ճնշումներ կգործադրի, որպեսզի Ադրբեջանը հարգի իր միջազգային պարտավորությունները: Ադրբեջանցի զինվորականների կողմից գերեվարված հայ զինծառայողները եւ քաղաքացիական անձինք պետք է անհապաղ ազատ արձակվեն եւ վերադարձվեն Հայաստան:

Դա պետք է արվի առանց որեւէ նախապայմանի»։

Ն. Պ.

 

 

ԶԻՆՎԱԾ ՀԱՐՁԱԿՈՒՄ՝ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

Նախօրեին Շիրակի մարզում դիմակավորված եւ զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել. ժամը 03։35-ի սահմաններում ոստիկանության Կումայրիի բաժին ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Խանջյան փողոցի 9 հասցեում գործող գազալցակայանի վրա հարձակում է տեղի ունեցել։ Գազալցակայանի հերթափոխի պետը ժամը 03։00-ի սահմաններում գազալցակայանի հարակից տարածքում նկատել է 2 դիմակավորված անձանց, եւ ինքը գնացել է հանգստի սենյակ, որից հետո իր հետեւից դիմակավորվածներից մեկը մտել է սենյակ, ձեռքին եղած ինքնաձիգով կրակել է հատակին եւ իրենից պահանջել գումար։ Ինքը այդ զինված դիմակավորին հայտնել է, որ գումարը գտնվում է դրամարկղում, եւ մի քանի րոպե անց դուրս է եկել ու նկատել, որ դիմակավորված անձինք հեռացել են դեպքի վայրից։ Հետո պարզել է, որ դրամարկղից հափշտակել են մոտ 150 հազար դրամ։ Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Խաչատրյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։

 

 

ԿԱԼԱՆԱՎՈՐԸ ՓՈՐՁԵԼ Է ՍՊԱՆԵԼ

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում իրականացվում են քննչական եւ դատավարական այլ գործողություններ՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավորի կողմից նույն հիմնարկի աշխատակցի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախնական տվյալներով՝ 2022թ. փետրվարի 6-ին` ժամը 13:00-ից 13:15-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կարանտինային մասնաշենքի խցերից մեկում պահվող կալանավորը, հեռախոսակապից օգտվելու պատրվակով, անվտանգության ապահովման բաժնի առաջատար մասնագետին խնդրել է դուրս բերել իրեն խցից, ինչին աշխատակիցն ընդառաջել է: Մինչեւ հեռախոսին հասնելը հիշյալ աշխատակցին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ նախապես խցից իր հետ վերցրած մետաղյա ծակող առարկայով, այնուհետեւ՝ բռունցքներով, կալանավորը հարվածել է վերջինիս գլխին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, որից հետո սեղմել պարանոցի հատվածը՝ փորձելով խեղդամահ անել նրան, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողացել հանցանքն ավարտին հասցնել: Դեպքի առթիվ նշված քրեակատարողական հիմնարկի գլխավոր հետաքննիչի կողմից հարուցել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն եւ ընդունվել վարույթ: Նախաքննությունը շարունակվում է:

 

 

ՆՈՐ ԴԵՆԴՐՈՊԱՐԿ

2021թ. օգոստոսի 16-ին «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրենի  պարտականությունները կատարող Արա Հակոբյանի հրամանով պաշտոնից ազատվել է Իջեւանի դենդրոպարկի երկարամյա տնօրեն Մեխակ Սայադյանը։ Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի Տավուշի տարածքային բաժնի կողմից ակտ էր կազմվել դենդրոպարկում խախտումների վերաբերյալ։ Մ. Սայադյանի խոսքով՝ կանխակալ, ոչ պրոֆեսիոնալ, ոչ գրագետ կազմված այդ ակտը կասեցված է,  այդ ակտի հիման վրա  էին գրել պաշտոնից իր ազատման հրամանը։ Մ. Սայադյանի խոսքերով՝ պաշտոնից իր ազատման հրամանում գրված է՝ վստահությունը կորցնելու հիմքով դա ֆինանսների հետ կապ ունեցող հոդված է, ինչը նշանակում է գործատուի կողմից հատկացված դրամական կամ նյութական միջոցների հափշտակում, փոշիացում, կամ ոչ նպատակային ծախսում։ Մ. Սայադյանն ասել է, որ Իջեւանի դենդրոպարկը հիմնած, այն 28 տարի ղեկավարած  իր հայրը՝ Լյուդվիգ Սայադյանը, եւ ծառայգին 32 տարի տնօրինած ինքը երբեւէ պետության կողմից ֆինանսներ  չեն ստացել դենդրոպարկի տնկանյութի, սերմերի, կտրոնների ձեռք բերման, կոմունալ եւ այլ ծախսերի համար, դրանք արվել են իրենց ընտանիքի միջոցներով։ Մ. Սայադյանը դատի է տվել աշխատանքում վերականգնվելու, Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի  ակտի չեղարկման հայցով, նաեւ  դիմել է իրավապահներին՝ քրեական գործ հարուցելու պահանջով, Աղստեւ գետի ավերման, դրա հետեւանքով տասնյակ հազար խմ հողի լվացման, դենդրոպարկի 0,6հա տարածքի եւ մոտ 2000խմ ծավալով ժայռի վերացման համար։ Այդ գործողությունների հետեւանքով դենդրոպարկի ոռոգման համակարգը ավերվել է, այգին զրկվել է ջրից, չորացել են հարյուրավոր թանկարժեք ու հազվագյուտ ծառեր ու թփեր։ Կան մի քանի տասնյակ կիսաչորացած ծառեր եւ թփեր, որոնց սպասում է նույն ճակատագիրը, եթե չվերականգնվի ծառայգու ոռոգման համակարգը։ Չորացել են նաեւ հազարավոր տնկիներ, որոնք նախատեսված էին այգու լրացման եւ տեսականու ավելացման համար։ «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի ղեկավարները վնասները հաշվելու եւ վերականգնելու նպատակով չեն կազմել հանձնաժողովներ։ Մ. Սայադյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնել է, որ 2006 թվականին իրենց ընտանիքը Իջեւանի տարածաշրջանի  Դիտավան գյուղում  գնել է մոտ 1,5 հա տարածք, մինչեւ այժմ չէին կարողանում իրականացնել իրենց վաղեմի նպատակը՝ ստեղծել բուսաբանական այգի, քանի որ ամբողջ ֆինանսական միջոցներն ուղղում էին Իջեւանի դենդրոպարկը պահելուն։ Ներկայումս Մեխակը իր տղայի՝ կենսաբան, մագիստրոս Ռոբերտի հետ ձեռնամուխ են եղել Դիտավանում ստեղծելու փոքր բուսաբանական այգի, նախատեսում են  ստեղծել աշխատատեղեր, հիմնականում՝ բանվորական։ Մ. Սայադյանի խոսքով՝ ունեն ֆինանսական խնդիրներ, բայց դրանք կհաղթահարեն։ Իջեւանի դենդրոպարկի տնօրենի պաշտոնում վերականգնվելու համար Մ. Սայադյանը սպասում է դատարանի որոշմանը։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 




Լրահոս