«ՆԱԽԿԻՆ ՈՒ ՆԵՐԿԱ» ԵՆ ԱՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ասես ելույթից հետո, բայց վերջին անգամ. Արթուր Գրիգորյանի հարազատները, ընկերներն ու նրա արվեստի երկրպագուները չդադարող ծափահարություններով են հրաժեշտ տալիս անվանի արվեստագետին։ Կոմպոզիտոր, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի էպոխան երգարվեստի անհատականություն ունեցող մի քանի սերունդների վրա է տարածվում։ Գրիգորիչի դպրոցն անցածներին անհնար է չտարբերակել թե՛ կատարողականով, թե՛ երաժշտական ճաշակով, թե՛ գրագիտությամբ։ Արամ Խաչատրյանի անվան համերգասրահի միջանցքից առանց հրաժեշտի ու ապրումակցման խոսքերի են հրաժեշտ տալիս մեծ արվեստագետին։

 

Կառավարության կողմից ստեղծված հանձնաժողովը, որ պետք է հոգեհանգստի, հուղարկավորության ու այլ հարցերով զբաղվեր, փաստորեն, միայն տեխնիկական հարցերով է զբաղվել՝ այն էլ թերի, ոչ հավուր պատշաճի։ Մշակույթի նախարարության որեւէ ներկայացուցիչ կամ արվեստագետ մեծարանքի ու հրաժեշտի խոսք չի ասել ո՛չ հոգեհանգստյան, ո՛չ հուղարկավորության արարողության ժամանակ։ Արտահայտվել ցանկացողներ, իհարկե, կլինեին, բայց դա նախ կազմակերպել էր պետք։ Իշխանությունն անվանի մարդկանց հրաժեշտ տալու ու սգո արարողություններին մասնակցելու հարցում էլ է ասես «նախկին ու ներկա» անում։ Ի տարբերություն Հայաստանի երկրորդ ու երրորդ նախագահների՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արթուր Գրիգորյանի ընտանիքին ու հարզատներին միայն ցավակցական հեռագիր հղելով է բավարարվել։ Նա, ի դեպ, երգահան, երգիչ Հայկոյի մահավան ժամանակ նույնպես սգո արարողություններին չէր ներկայացել։

Մշակույթի, արվեստի, քաղաքական գործիչների, պետական այրերի եւ, առհասարակ, պետության համար ավանդ ունեցող մարդկանց համար դեռեւս խորհրդային տարիներին ստեղծվել ու առանձնացվել է Երանի քաղաքային պանթեոնը, որտեղ էլ հենց հուղարկաորվել է Արթուր Գրիգորյանը, բայց ի՞նչ է պարզվում. վերոնշյալ գերազմանոցի որոշ հատվածներ տերեր ունեն, հողերը սեփականաշնորհված են տարբեր գործարարների կողմից։ ArmLur.am-ն ավելի վաղ գրել էր, որ Արթուր Գրիգորյանին ցանկացել են հուղարկավորել Կարեն Դեմիրճյանի այրու՝ Ռիմա Դեմիրճյանի կողքին, բայց տարածքը սեփականաշնորհած գործարարը պնդել է, որ կանաչապատ տարածքն իրենցն է, ու որեւէ մեկը չի կարող պանթեոնի այդ հատվածում հուղարկավորություն անել՝ անկախ նրանից՝ մահացածը արվեստի վաստակավոր գործիչ է, ժողովրդական արտիստ, թե ցանկացած այլ ոք:

Տեղեկացանք, որ կոմպոզիտորին հուղարկավորել են շատ ավելի նեղ հատվածում, այսպես ասած՝ երկու շիրիմների մեջտեղում։ Իրականությունը, որտեղ ապրում ենք, փաստորեն, մեղմ ասած, ճղճիմ է, ու վաստակ ունեցող մարդկանց պետությունն ըստ պատճաշի պատվել, նրանց վերջին հրաժեշտի արարողությունը կազմակերպել չի կարողանում կամ պարզապես չի ցանկանում՝ այս հարցում անգամ «սեւ» ու «սպիտակ» անելով։

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

 

 

 

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԽԻՍՏ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԵՆ

Ադրբեջանական իշխանությունները պետական մակարդակով հրահրում են կրոնական թշնամանք` բացարձակ կեղծիքով մեզ մեղադրելով իսլամաֆոբիայի մեջ: Այս մասին հայտնել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: «Բա ինչպե՞ս կբացատրեն, օրինակ, իսլամի հիմնադիր Մուհամեդի հայտնի կարեւոր հրովհարտակը կամ ֆերմանը, որը նա ընդունել է դեռ 626թ. Երուսաղեմի Հայոց Պատրիարք Աբրահամի իր 40 պատվիրակներով նրան այցից հետո ու դրանով պաշտպանության տակ առել «Երուսաղեմում, Դամասկոսում եւ արաբական շրջաններում» եկեղեցիները, վանքերը, այդ թվում՝ Երուսաղեմի Սուրբ Հակոբյանց վանքը, կրթական հաստատությունները, սեփականությունը: Հետագայում էլ դա պահպանվել է: Պատմական փաստերն են ապացուցում մեր ժողովրդի, ինչպես նաեւ Հայ եկեղեցու հարգանքը իսլամի ու մյուս կրոնների նկատմամբ՝ սկսած այն երկրներից, որտեղ իսլամ են դավանում: Իսլամ դավանող աշխարհի բազմաթիվ ժողովուրդների հետ հայերը դարերով ապրում են՝ որպես բարեկամներ, դարերով ադրբեջանական իշխանությունների այս քաղաքականությունը թշնամանք է հրահրում այն երկրներում ապրող հայերի նկատմամբ, որտեղ իսլամ են դավանում: Սա թշնամանքի հրահրում է ժողովուրդների միջեւ: Արցախում կանգուն էր մնացել ու պահպանվում էին, օրինակ, Շուշիի Վերին ու Ներքին մզկիթները, հիմնովին վերանորոգվել էին Վերին մզկիթն ու մեդրեսի՝ հոգեւոր վարժարանի շենքը, կառուցվել էր պուրակ: Երեւանում կա գործող մզկիթ: Փոխարենը՝ ադրբեջանական զինված ուժերը հրթիռակոծեցին ու պղծեցին Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եւ Կանաչ ժամ եկեղեցիները, ոչնչացրին Արցախում Մեխակավանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին կամ պղծեցին Մատաղիսի Սուրբ Եղիշե եկեղեցին, ոչնչացրին հայկական խաչքարերը Շուշիում եւ Հադրութում եւ այլն: Բաքվի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցին պղծված է, վերածված է գրադարանի պահոցի, գմբեթից իջեցված է խաչը, չկա խորանը, ոչնչացված են գերեզմանաքարերը, որ կային եկեղեցու հարեւանությամբ: Ներկայում պետական մակարդակով ամեն ինչ անում են` փոխելու համար Հայ եկեղեցիների ու վանքերի պատկանելիությունը: Այս քաղաքանությունն արդեն արտահայտվում է խոշտանգումների նոր ձեւերով, որոց ենթարկում են հայ գերիներին` կապված կրոնական պատկանելիության հետ: Այնպես որ, ադրբեջանական այս հայտարարությունները բացարձակ կեղծիք են, ունեն քաղաքական շարժառիթներ եւ խիստ վտանգավոր են խաղաղության համար: Այս բոլոր փաստերը մանրամասն ներկայացված են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2 օր առաջ հրապարակված այս զեկույցում են եւ այս ասուլիսում»:

Ն. Պ.

 

 

 

ԿՐԿԻՆ ԿԿԱԼԱՆԱՎՈՐԵՆ

Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը կրկին կկալանավորվի. այս մասին հայտնել է փաստաբան Երվանդ Վարոսյանը: «Վերաքննիչ դատարանին հրահանգեցին կրկին կալանավորել Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանին…»,- փոխանցել է փաստաբանը: Հիշեցնենք, որ Մանվել Փարամազյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասով, 311-րդ հոդվածի 4-րդ մասով եւ 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով: Առաջադրված մեղադրանքները Մանվել Փարամազյանը չի ընդունում, գտնում է, որ այս ամենը իր նկատմամբ սանձազերծված քաղաքական հետապնդման շղթայի մի մասն է: Մ. Փարամազյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասով, 311-րդ հոդվածի 4-րդ մասով եւ 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով: Առաջադրված մեղադրանքները Մանվել Փարամազյանը չի ընդունում, գտնում է, որ այս ամենը իր նկատմամբ սանձազերծված քաղաքական հետապնդման շղթայի մի մասն է: Ավելի վաղ նա կալանավորվել էր, սակայն Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ փոփոխվել էր կիրառված խափանման միջոց կալանավորումը, եւ որպես խափանման միջոց էր ընտրվել գրավը՝ 70 միլիոն դրամի չափով։

 

 

 

ՓՈՍՏԱՅԻՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԸ ԿՎԵՐԱԲԱՑՎԻ

Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ Ոսկեվան գյուղի բնակիչները  դժգոh են, որ 2021 թվականի դեկտեմբերի 20-ից  փակվել է գյուղում գործող Հայփոստի բաժանմունքը, շուրջ 1400 բնակիչ ունեցող գյուղի բնակիչները կիլոմետրերով  ճանապարհ են կտրում, հասնում հարեւան Բաղանիս գյուղի գյուղապետարանի շենքի առաջին հարկում գործող Հայփոստի բաժանմունք, որպեսզի մուծեն սպառած բնական գազի, էլեկտրաէներգիայի համար, ստանան կենսաթոշակների գումարները, նամակներ եւ  ծանրոցներ  ուղարկեն կամ ստանան։  Ոսկեվանում փոստային բաժանմունքի փակվելու պատճառ է նշվում այն, որ այն գործում էր հին շենքում անբարեկարգ պայմաններում։ Նոյեմբերյան խոշոր համայնքի նորընտիր ղեկավար Արսեն Աղաբաբյանը հայտնեց, որ   Ոսկեվանում տարածք կտրամադրվի, որտեղ կգործի փոստային բաժանմունքը, խնդիրը կլուծվի հաջորդ ամիս՝ մարտին։

 

 

 

ՏՈՒԳԱՆԵԼ ԵՆ 2,5 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄԻ ՉԱՓՈՎ

Իջեւան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը ստացել է ոստիկանության Իջեւանի բաժնի պետի 2021թ. դեկտեմբերի 3-ի գրությունը եւ Իջեւանի  համայնքապետարանի տարածքային  զարգացման եւ քաղաքաշինության  բաժնի պետ Արթուր Այդինյանի  զեկուցագիրը եւ դրան կից ներկայացված 2022թ. հունվարի 18-ի վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը, որը կապված է  Արամայիս Համաբարձումյանի կողմից Իջեւան քաղաքի Սպանդարյան 1/72 հասցեում գտնվող, իրեն պատկանող անշարժ գույքին կից համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի ինքնակամ զավթման փաստի առթիվ վարչական պատասխանատվության ենթարկելու հարցին։ Ա. Համբարձումյանը կրկին համայնքային սեփականություն հանդիսացող տարածքը մետաղական իրերով եւ քարերով ծանրաբեռնելու հետեւանքով  խոչընդոտել է տարածքին կից անշարժ գույքի  ելումուտը։ 2021թ. դեկտեմբերի 10-ին Ա. Համբարձումյանը ծանուցվել է սեփական ուժերով տարածքը ազատելու մասին, որի վերաբերյալ 2022թ. հունվարի 18-ին կազմվել է վարչական իրավախտման վերաբերյալ արձանագրություն։ «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին»  օրենքի 30-րդ հոդվածով սահմանած կարգով  համայնքապետարանի նախաձեռնությամբ  հարուցվել է վարչական վարույթ, եւ վարույթի քննությունը տեղի կունենա 2022թ. փետրվարի 3-ին՝ ժամը 12:30-ին, համայնքապետարանի շենքում, եւ այդ մասին նույն օրը տեղեկացվել է իրավախախտին։ 2022թ. փետրվարի 3-ին Իջեւան  համայնքի ղեկավար Ա. Ճաղարյանը որոշել է Արամայիս Համբարձումյանի նկատմամբ նշանակել վարչական տուգանք՝ 2 միլիոն 500 հազար դրամի չափով, նրան պարտավորեցնել դադարեցնել հողամաս ելումուտին խոչընդոտելը։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 




Լրահոս