Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, խոսելով Բելառուս-Ռուսաստան Միութենական երկրի մոդելից ու դրա ընդլայնման հնարավորությունից, նաեւ Հայաստանին էր անդրադարձել՝ ասելով, թե մեր երկիրը նույնպես պետք է այդ միության անդամ դառնա:
Նա, մասնավորապես, հետեւյալ պնդումն էր արել. «Հայաստանը փախչելու տեղ չունի… Ի՞նչ է, կարծում եք, նրանք ինչ-որ մեկին պե՞տք են… Իրենք արդեն տեսել են, Նիկոլ Վովաեւիչը դա արդեն տեսել է»։
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն ասում է, որ Լուկաշենկոյի հայտարարությունը պետք է համարժեք պատասխան ստանա, բայց համարժեք պաշտոնյայի կողմից, այսինքն՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից: «Բայց այս իշխանությունները ՀՀ ինքնիշխանութունը հատակի փալաս են դարձրել»,- նշում է պատգամավորը:
-Պարո՛ն Խաչատրյան, Բելառուսի նախագահ Լուկաշենկոն հայտարարել է այսպես ասած միութենական երկրների շարքը համալրելու մեկնարկային գործընթացի մասին՝ ըստ երեւույին ակնարկելով, որ Հայաստանը նույնպես պետք է ներառվի այդ շարքում՝ նշելով՝ իսկ ուր պետք է փախչի Հայաստանը։ Ի՞նչ է հուշում նրա հայտարարությունը Ձեզ։
-Այո, նա խոսել է միութենական հանրապետության հնարավորության մասին, բայց ի տարբերություն այլ հանրապետությունների՝ Հայաստանի մասին խոսել է շատ վիրավորական արտահայտություններով։ Եթե այլ երկրների մասին խոսել է, որ դա իրենց ընտրությունը պետք է լինի, ապա Հայաստանի համար ասել է, որ հայերը ուր պետք կորչեն, եւ դրա մասին հասկացել է Նիկոլ Վովայեվիչն ու հայերը։ Ես չգիտեմ, թե Նիկոլ Վովաեւիչն ինչ է հասկացել, թե ինչ է խոսել։ Դա այն բանի հետեւանքն է, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները նպատակաուղղված կերպով վերջին տարիներին Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը գցում, գցում ու գցում են գետնին։
-Ստացվում է, որ վաղուց պայմանավորվա՞ծ է։ Այսինքն՝ Լուկաշենկոյի բերանո՞վ է ասվում այդ մասին։
-Գիտեք, չեմ ուզում ենթադրություն անել, բայց տեսնում եմ, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունն իր խոսքերով ու գործերով ինքնիշխանության մակարդակը գցում է։ Վերադառանանք 2020թ. դեկտեմբերի 15-ին, ասում են՝ ինչ է տեղի ունենում Խծաբերդում, վարչապետի մամուլիս խոսնակն ասում է՝ հարցրեք ռուսներին։ Ադրբեջանցիները մխրճվում են Հայաստանի տարածք, ասում են՝ ռուսական կողմը բանակցում է։ Ստացվում է, որ այս իշխանությունները մեր ներիշխանությունը սարքել են, կոպիտ ասած, հատակի փալաս։ Եվ ինչ-որ Լուկաշենկոն է ասում, դա ասյօրվա իշխանությունների վարած քաղաքականության հետեւանքն է։ Թե ինչ դռնփակ պայմանավորվածություններ կան, չեմ կարող ասել, բայց այն, որ այս իշխանություններն ամեն ինչ արեցին որ մեր երկրի միջազգային հեղինակությունը հավասարվի զրոյի, դա անհերքելի է։
-Իսկ ի՞նչ պետք է անել առհասարակ։ Գուցե պետության շահերից է բխում, կամ ոչ, ամեն դեպքում պետք է համարժեք պատասխան լինի։
-Համարժեքության բառը, իրոք, բանալի բառ է։ Բելառուսի առաջին դեմքը նման վիրավորական արտահայտություն է արել, մեր երկրի փաստացի ղեկավարը լռում է։ Հավանաբար ինչ-որ կաշկանդավուծություններ ունի։ Ընդդիմությունը այո քաղաքական ուղերձները հղում է, եւ, ի դեպ, մինչեւ Լուկաշենկոյի հայտարարությունը՝ «Դաշնակցության» 131-ամյակի միջոցառման ժամանակ, կուսակցության բարձրագույն ղեկավարի կողմից եղավ այդ ուղերձը, որ մեզ համար անկախությունը բարձրագույն արժեք է, բայց զարմանալին այն է, որ այսօրվա իշխանությունը, ղեկավարությունը լռում է։ Պատգամավորներն ինչքան էլ ուղերձներ հղեն, այն չէ, այստեղ կարեւոր է առաջին դեմքը, առաջին դեմքը չի պատասխանում։ Եվ Ազգային Ժողովը որպես հաստատություն լռեց։
Զրուցեց ՍԵՎԱԿ ՎԱԴՈՒՄՅԱՆԸ
ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆ Է ԱՐԺԵՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՔԱԳԾԻ ՄԵՋ
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը փետրվարի 10-ին հայտարարել է հավաք: «Դավիթ Արղամանյանը որոշեց դատավոր Բախշիյանին երկու ամսով կալանավորել… Հայաստանյան իշխանություններին այլեւս հարցեր չունեմ։ Ամեն ինչ պարզ է։ Սակայն հարցեր ունեմ եւ ասելիք ունեմ Հայաստանում «ժողովրդավարության առաջընթաց» արձանագրողներին։
Այդ նպատակով հինգշաբթի օրը՝ փետրվարի 10-ին՝ ժամը 14:00-ին, ես հայտարարում եմ հավաք Հայաստանում Եվրոպական Միության ներկայացուցչության առջեւ։ Այդ մարդիկ պետք է պատասխանատվություն ստանձնեն իրենց գնահատականների համար»,- մասնավորապես ասել է նա: ArmLur.am-ը Ռուբեն Մելիքյանից հետաքրքրվել է հավաքի մանրամասների մասին: Վերջինս մեզ հետ զրույցում ասաց, որ որոշումը կայացրել է անձամբ եւ ինքն է անձամբ կրում դրանից բխող իրավական հարցերի ողջ պատասխանատվությունը:
«Այս որոշումը հասունացել է վերջին շրջանում կատարվող իրադարձությունների հիման վրա, եւ այն պայմանավորված է հետեւյալով. առաջինը՝ դեռ հունվարի 26-ին, կապված ծանր վիրավորանքի հանցակազմի հետ, Նոր Նորքի Ոստիկանության առջեւ կարծիք հայտնեցի, որ հնարավոր չէ՝ միջազգային կառույցների անվերջ լռությունը շարունակվի, քանի որ այն ակնհայտ հակասություն է նրանց հայտարարած արժեքների եւ հայաստանյան իշխանությունների վարքագծի մեջ, եւ ինչ-որ մի պահի նրանք ստիպված են լինելու արձագանքել դրան: Եվ ընդամենը օրեր անց ունեցանք Ամերիկյան «Freedom House»-ի կոշտ գնահատականները՝ կապված նշված օրենքի հետ: Երկրորդը՝ ունեցանք դատավոր Բորիս Բախշյանի խայտառակ դեպքը, որը նույնպես ուղիղ հակասության մեջ է Եվրոպական եւ առհասարակ արեւմտյան իրավական հայտարարվող արժեքների միջեւ: Ես վստահ եմ, որ լռության ուխտը ինչ-որ մի պահի դադարեցվելու է»,-ասաց նա:
Ռուբեն Մելիքյանը համոզված է, որ իշխանություններից այլեւս որեւէ բան չունեն հարցնելու եւ ստանալու. «Ես չեմ տեսնում անձամբ որեւէ հնարավորություն, որովհետեւ գործ ունենք մարդկանց հետ, որոնք ուղղակիորեն ցույց են տալիս, որ մարդկանց կարծիքն իրենց համար նշանակություն չունի, եւ նրանք ամեն ինչի ընդունակ են իրենց իշխանությունը պահելու համար, բայց մեր այն կառույցների ներկայացուցիչները, որոնք, ենթադրվում է, բարոյական սահմաններ ունեն եւ պետք է Հայաստանի բարեկամը լինեն, այլ ոչ թե հակառակը, նրանց մենք հարցեր ունենք, եւ շատ կարեւոր է:
Տարիներ առաջ Եվրոպական միության պատվիրակության ղեկավարը ամեն մի պատեհ եւ անպատեհ առիթով հայտարարություններ էր անում ժողովրդավարության մասին, եւ մենք գնում ենք այդ մարդկանցից պահանջենք, որպեսզի իրենց գնահատակնները տան ՝ սա ժողովրդավարության առաջընթա՞ց է, թե՞ ոչ: Մեր համոզմամբ՝ այն գնահատականը ժողովրդավարության առաջընթացի մեծ դեր է կատարել, որ այսքան լկտիացել են մեր իշխանությունները»:
ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՆՈՐ ՈՐՈՇՈՒՄ
Հայաստանի ոստիկանությունը հանրային քննարկման է դրել «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծ։ ArmLur.am-ը տեղեկացավ, որ ոստիկանության կողմից հսկողությունը կիրականացվի նաեւ էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառմամբ։ Ավելին, հանցագործության կատարման ռիսկի բարձր գոտում գտնվող անձինք, ինչպես նաեւ ռեցիդիվիստները պետք է ոտքին կրեն GPS-ով հետեւող սարքավորում՝ բրասլետի տեսքով։ Այս սարքի միջոցով ոստիկանությունը կարող է ուղիղ կերպով խոսել իրավախախտի հետ տեղադրված բարձրախոսով։ Եթե բռնարարը դուրս է գալիս օրենքով սահմանված տարածքից եւ փորձում հասնել զոհի տարածք, ապա սարքավորումը ազդանշան է տալիս եւ՛ զոհին, եւ՛ ոստիկանությանը։ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ոստիկանությունն ուսումնասիրել է միջազգային փորձն այս ոլորտում, եւ պարզել, որ մի շարք երկրներում գործում է էլեկտրոնային (GPS տեղորոշման համակարգով) հսկողության միջոցների (բրասլետների, ձեռնաշղթաների) կիրառման պրակտիկան: Ֆրանսիայում, Կանադայում եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներում նման հսկողության համակարգերի կիրառությունը արդեն իսկ արդարացրել է իրեն: Իսպանիայում այսպիսի համակարգ գործում է 2009 թվականից, Վրաստանում այն գործում է 2017 թվականից, ներկայումս այն ներդրվում է նաեւ Ուկրաինայում: Թե որքան գումար կծախսվի այս սարքավորումների ձեռքբերման նպատակով, դեռեւս հայտնի չէ:
ԱՊՕՐԻՆՈՒԹՅՈՒՆ՝ 2 ՓԱՍՏԱԹՂԹՈՎ
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի բնորոշմամբ՝ այն, ինչ տեղի ունեցավ իր նկատմամբ, բացարձակ ապօրինություն էր, որը հաստատվել է 2 փաստաթղթով։ Առաջինը Սահմանադրական դատարանի որոշումն էր, որ իրավապահներն իրավունք չունեին իրեն՝ որպես ԱԺ պատգամավորի կալանավորելու։ «Երկրորդ փաստաթուղթը վերաբերում է միջգերատեսչական բժշկական հանձնաժողովի որոշմանը։ Ահա այն հակիրճ գնահատականը, որը կարող եմ տալ։ Նրա խոսքով՝ իր քաղաքական դիրքորոշումներում որեւէ բան չի փոխվել, քաղաքական ուղղվածությունն ու մտածելակերպն այս ընթացքում որեւէ կերպ չեն փոխվել։ «Այդ կալանավորումը իմ քաղաքական հայացքների, հոգեկան իրավիճակի վրա չի ազդել»,- հավելել է Արմեն Չարչյանը։ Անդրադառնալով շրջանառվող լուրերին, որ իշխանություններն իրեն ստիպում են, որպեսզի վայր դնի մանդատը, Արմեն Չարչյանը նկատեց՝ իշխանությունների հետ ո՛չ ուղղակի, ո՛չ անուղղակի, ո՛չ էլ քողարկված որեւէ առնչություն չի ունեցել։ «Իշխանությունները չեն փորձել որեւէ կերպ կապի դուրս գալ այդ ուղղությամբ, այդ ամենը լրիվ մտացածին հերյուրանքներ են։ Ես այդ լուրերին պատասխանել եմ Մարկ Տվենի խոսքերով՝ իմ մահվան մասին լուրերը խիստ չափազանցված են»։