«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին, երբ նոր էր ձեւավորվել 8-րդ գումարման խորհրդարանը, ԱԺ ղեկավարությունը թույլատրել էր մեքենայով մուտք գործել ԱԺ բակ։ Հետո, պարզվում է, ՔՊ-ականները խանդի տեսարաններ են սարքել, մասնավորապես բողոքել է ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, թե ինչով է ինքը պակաս Սեյրան Օհանյանից, որ վերջինիս թույլ են տալիս մեքենայով մտնել բակ, իրեն՝ ոչ, եւ Օհանյանին արգելել են։
Կոնջորյանն ու մյուս ուսապարկերը, փաստորեն, չգիտեն, թե ինչ տարբերություն կա իրենց եւ պատերազմ հաղթած, պատերազմում ոտքը կորցրած գեներալի միջեւ։ Փոխարենը ավտոմեքենայով ԱԺ բակ մտնելու իրավունք ունի ՔՊ-ական պատգամավոր Զարուհի Բաթոյանը, որն անվասայլակով է տեղաշարժվում։
Սեյրան Օհանյանն էլ տեղաշարժվելու դժվարություններ ունի, ուստի ամռանը թույլատրել են, որ նրան սպասարկող ավտոմեքենան մտնի ԱԺ բակ, բայց առանց կայանման իրավունքի՝ վարորդը նրան իջեցնի եւ դուրս գա տարածքից։ ԱԺ աշխատակազմին խնդրել են՝ թույլ տալ, որ 3-5 րոպե մեքենան կայանված մնա բակում, մինչեւ Օհանյանին ուղեկցեն աշխատասենյակ։ Համաձայնել են․ ԱԺ աշխատակազմի ղեկավարը գրություն է ուղարկել անվտանգությանը, որտեղ Սեյրան Օհանյանի եւ Զարուհի Բաթոյանի անուններն են եղել։
Որոշ ժամանակ անց՝ հոկտեմբերին, նոր քաղաքական որոշում է կայացվել՝ Սեյրան Օհանյանին զրկել ավտոմեքենայով բակ մտնելու իրավունքից՝ համարելով, որ նա կարողանում է ինքնուրույն քայլել, իսկ Բաթոյանը շարունակում է օգտվել արտոնությունից։
Ավելին, վերջինիս համար անգամ ԱԺ 334 սենյակ հեշտ մուտք գործելու համար ԱԺ աշխատակազմը ծախս է արել ու էլեւատոր է տեղադրել աստիճանների մոտ, որ անվասայլակով նրան բարձրացնի վերեւ։ Սեյրան Օհանյանի մասով այս էժան որոշումը որեւէ կերպ չեն մեկնաբանում ԱԺ-ից։ Ասացին՝ ռեժիմով այդպես է սահմանված, եւ վերջ։ Ակնհայտ է, որ հրահանգն ամենավերեւից է եկել»:
Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում