ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդիպում է ունեցել Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսի հետ։
Հանդիպման ընթացքում Արման Թաթոյանը բարձր է գնահատել Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հետ արդյունավետ համագործակցությունը ՝ կարևորելով ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) և Ամերիկյան իրավաբանների ընկերակցության հայաստանյան ներկայացուցչության աջակցությամբ իրականացված համատեղ ծրագրերը:
Մասնավորապես, «Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության խթանում բոլորի համար» ծրագրի շրջանակում իրականացվել են կանանց և հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքների վերաբերյալ իրազեկումներ ինչպես տեսանյութերի, այնպես էլ ուղեցույցների միջոցով:
Նշված ծրագրի շրջանակում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի թափանցիկությունն ու հրապարակայնությունն ապահովելու համար վերազինվել է www.ombuds.am կայքէջը: Նորացված կայքը տալիս է նոր հնարավորություններ՝ տեղեկությունների մատչելիության առումով հատկապես: Նույն ծրագրի շրջանակում ստեղծվել է բջջային հեռախոսի հավելված ինչպես IOS, այնպես էլ Android համակարգերի համար, որը բեռնելով քաղաքացիները կկարողանան ծանոթանալ ինչպես Պաշտպան գործունեությանը, այնպես էլ ստանալ իրազեկման բնույթի նյութեր։
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) և Ամերիկյան իրավաբանների ընկերակցության հայաստանյան ներկայացուցչության աջակցությամբ իրականացված ծրագրի շրջանակում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի, պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների միջև տեղի են ունեցել աշխատանքային հանդիպումներ Հայաստանի տարբեր մարզերում:
Հանդիպմանը քննարկվել են մարդու իրավունքներին առնչվող մի շարք հարցեր:
Արման Թաթոյանը դեսպանին է ներկայացրել դատական համակարգում արձանագրված խնդիրները՝ կապված դատական նիստերի անհիմն ձգձգումների, ողջամիտ ժամկետների խախտումների հետ և այլն:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև կանանց և երեխաների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր, այդ թվում՝ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից կարծրատիպերի հաղթահարմանն ուղղված իրազեկման արշավները:
Պաշտպանը ներկայացրել է «Դեմ եմ բռնությանը» կոչի ներքո իրականացված իրազեկման արշավը, որ ժամանակ նկարահանվել և հանրությանն է ներկայացվել ընտանիքում բռնության ենթարկված անձի պաշտպանության օրենսդրական հնարավորությունները, ընտանիքում հավասարությունը խրախուսող ուղերձով տեսանյութ, Երևանի կանգառներում տեղադրվել են պոստերներ, որոնք քաղաքացիներին հնարավորություն են ընձեռել Arloopa հավելվածի միջոցով ակտիվացնել լուսանկարը և դիտել տեսաուղերձը։
Արման Թաթոյանը դեսպանին է ներկայացրել նաև ադրբեջանական զինված ծառայողների կողմից Հայաստանի սահմանային բնակիչների իրավունքների խախտումները: Նշել է Ադրբեջանում ապօրինի պահվող հայ գերիների վերադարձի հրատապությունը:
Դեսպան Լին Թրեյսը բարձր է գնահատել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ համագործակցությունը պաշտոնավարման ողջ ընթացքում և համատեղ իրականացված ծրագրերի արդյունավետությունը: