Կաթնամթերք արտադրող ընկերությունները, որոնք միաժամանակ դեպի Ռուսաստան արտահանում են իրականացնում, հայտնվել են լուրջ խնդրի առաջ: Տեղական արտադրողների համար խոչընդոտներ ստեղծել է վրացական կողմը: Տեւական ժամանակ է, ինչ հայկական մածունը` «մածուն» գրությամբ, չի արտահանվում Վրաստան կամ այդ տարածքով Ռուսաստան, քանի որ վրացական կողմը «մացոնի»–ն որպես աշխարհագրական նշում է ձեւակերպել։
Օրինակ, եթե մեր հանրապետությունից Վրաստանով արտահանվում է հայկական արտադրության մածունը, վրացական կողմն, ըստ իրավունք ունի ստուգել բեռները։ Եթե արտադրանքի վրա առկա լինի «մածուն» գրությունը, ապա նրանք կարող են թույլ չտալ մուտքն իրենց երկիր: Իսկ ինչ է անում էկոնոմիկայի նախարարությունն այս խնդրի լուծման ուղղությամբ:
Միայն հայտնի դարձավ, որ էկոնոմիկայի նախարարությունը վրացական կողմի հետ պետք է քննարկի այս հարցը, ապա համաձայնագիր կնքի աշխարհագրական նշումների փոխադարձ ճանաչման ու պահպանության մասին։
Մեզ հայտնի դարձավ, որ կաթնամթերքի խոշոր արտադրող «Մարիաննա»-ն իր մածունը ռուսական տարածքում վաճառում է՝ «Հայկական սարի յոգուրտ» գրությամբ։ Այս մասին առաջինը բարձրաձայնեց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը եւ լուսանկար տեղադրել:
ArmLur.am-ը դիմեց «Մարիաննա» ընկերություն, որտեղից պարզաբանեցին հետեւյալը. «Վրաստանի Հանրապետությունը 2012 թվականին, ի թիվս մի շարք անվանումների, որպես աշխարհագրական նշում գրանցել է «մացոնի» անվանումը, որը նման է հայկական «մածուն» անվանմանը: Մինչ 2021 թվականի սեպտեմբեր ամիսը արտահանման գործընթացի նկատմամբ որևէ արգելք չի ստեղծվել: Սակայն 2021 թվականի սեպտեմբերից Վրաստանը սկսել է կիրառել վերը նշված արգելքը: Ցանկանում ենք տեղեկացնել, որ ՀՀ կառավարությունը ակտիվ բանակցություններ է վարում Վրաստանի կառավարության հետ՝ հարցին հօգուտ հայ արտադրողի լուծում տալու համար: Մինչ այդ «մածուն»-ը կարտահանվի «հայկական սարի յոգուրտ» անվանմամբ:
Իսկ ահա կաթնամթերք արտադրող մեկ այլ ընկերությունից՝ «Չանախ»-ից փոխանցեցին, որ իրենք այս խնդրին դեռ չեն բախվել, քանի որ արտահանում չեն իրականացնում: Իսկ մյուս ընկերությունները, արդեն մեկ տարի է, ինչ նման խնդիրներ են ունենում Ռուսաստանում:
Սա առաջին անգամ չէ, որ մեր արտադրողները Հայաստանից դուրս նման խնդիրներ են ունենում: Այս անգամ արդեն ֆրանսիական կողմն առաջացրեց կոնյակ եւ շամպայն արտադրողների համար. կհիշեք՝ նախորդ տարի ԵՄ–ն Հայաստանին 3 մլն եվրո էր առաջարկել «կոնյակ» անվանումից հրաժարվելու դիմաց։ Իսկ նախորդ տարի կառավարության կողմից հավանության արժանացավ ՀՀ–ի և ԵՄ–ի միջև ստորագրված աջակցության համաձայնագիրը։ Այն ամբողջությամբ ուժի մեջ է մտել 2021 թվականի մարտի 1-ից։ Բայց նշենք, որ այդ համաձայնագրով նախատեսվում է հրաժարվել նաև «շամպայն» անվանումից։ Այս անվանումներից հրաժարվելու ու նոր անվանումներ ընտրելու համար Հայաստանը դեռ մտածելու ժամանակ ունի՝ մինչև 2043 թվական։
Սյունէ Համբարձումյան