Եվրամիության դեսպանը՝ Փաշինյանի քարոզի՞չ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունն օրերս հանդիպում է ունեցել Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի հետ: Լուրը ArmLur.am-ի հետ զրույցում հաստատեց խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ նշելով, որ խմբակցությունն առաջիկայում հայտարարությամբ հանդես կգա այդ մասին:

ArmLur.am-ին հասած տեղեկություններով՝ դեսպանի հետ հանդիպման ժամանակ ուշագրավ մի դրվագ է եղել: Երբ «Հայաստան» խմբակցության պատգամավորները բարձրաձայնել են իշխանության կողմից իրականացվող քաղաքական հետապնդումների մասին, դեսպանը նրանց հետ խոսել է ինչպես Նիկոլ Փաշինյանը՝ հիշեցնելով անցյալը՝ թերևս ակնարկելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախագահած տարիները:

Այս տեղեկության մասով նույնպես խնդրեցինք մեկնաբանել Խամոյանին, նա սակայն պատասխանեց, որ ինքը հանդիպմանը չի մասնակցել:
«Հայաստան» խմբակցության ղեկավար ու քարտուղար Սեյրան Օհանյանի ու Արծվիկ Մինասյանի հետ փորձեցինք կապ հաստատել՝ լսելու նրանց մեկնաբանությունը, նրանք սակայն մեր բազամաթիվ զանգերն ու հաղորդագրությունն անպատասխան թողեցին: Իսկ որպես վերջաբան, թերևս պետք է արձանագրել, որ Եվրամիության թիվ մեկ ներկայացուցչի այդ պահվածքը ուղղակի հարված է ժողովրդավարական արժեքներին: Ստացվում է՝ դեսպանն անհաղորդ է մեր երկրում առկա անօրինականություններին, հետապնդումներին, քաղաքական բռնաճնշումներին՝ «կանաչ լույս վառելով» նոր ռեպրեսիաների համար: Արդյոք սա են եվրոպական արժեքները, չափանիշները:




Լրահոս