Մեքսիկայում այս տարվա ընթացքում 5-րդ լրագրողն է սպանվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուրբաթ գիշերը Մեքսիկայի Օախակա նահանգում սպանվել է լրագրող Հեբեր Լոպես Վասկեսը: Երկու մարդասպանները ձերբակալվել են, ասել է նահանգի դատախազը Milenio TV-ին տված հարցազրույցում։

Լրատվամիջոցների տեղեկություններով՝ լրագրող Հեբեր Լոպես Վասկեսին սպանել են Էսպինալ Սալինա Կրուս շրջանում՝ իր մեքենան նստելիս։ Տարեսկզբից սա Մեքսիկայում արդեն հինգերորդ լրագրողի սպանությունն է։

Հունվարի վերջին, լրատվամիջոցների ներկայացուցչի հերթական սպանությունից հետո, լրագրողները պիկետներ և բողոքի ակցիաներ անցկացրեցին երկրի 40 քաղաքներում՝ պահանջելով անվտանգության երաշխիքներ և օբյեկտիվ հետաքննություն, քանի որ հանցագործներն այստեղ գրեթե միշտ անպատիժ են մնում։

Դատախազությունը հինգ տարվա ընթացքում հարուցել է ավելի քան 1140 իրավախախտման դեպք լրատվամիջոցների աշխատակիցների նկատմամբ և ստացել ընդամենը 10 դատավճիռ: Այսպիսով՝ անպատժելիության մակարդակը գերազանցել է 99%-ը։

2021 թվականին Մեքսիկայում սպանվել է 7 լրագրող․ դա ամենաբարձր ցուցանիշն է աշխարհում։ Նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորի պաշտոնավարման երեք տարիների ընթացքում 29 լրագրողի սպանություն է տեղի ունեցել, որոնք, հավանաբար, կապված են նրանց մասնագիտական ​​գործունեության հետ:




Լրահոս