«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստանում հավկիթի արտադրությամբ զբաղվող փոքր եւ միջին տնտեսվարողները հայտնվել են լուրջ խնդրի առաջ: Չի բացառվում, որ նրանք առաջիկայում փակվեն: Պատճառը ձվի շուկայում որոշ ընկերությունների սահմանած ցածր գներն են, որոնց չեն դիմանում փոքր տնտեսվարողները: «Նավասարդ Ագրո» ընկերության ներկայացուցիչ Գարիկ Նավասարդյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադառնալով այս խնդրին, ասաց. ««Շիրակ» թռչնաֆաբրիկան ձու է հանել վաճառքի, որը ինքնարժեքից էժան է: Այս ընկերությունը սկսել է ձվի շուկայում գնային տատանումներ անել: Նույնը կրկնում են մյուս խոշոր ընկերությունները, որոնք այլընտրանք չունեն, պետք է էժանացնեն, քանի որ կուտակած հավկիթ ունեն եւ պետք է իրացնեն»:
Մեր զրուցակիցը հիշեց, որ նախորդ տարի եւս նման երեւույթ տեղի ունեցավ հավկիթի շուկայում. «Փոքր արտադրողները չկարողացան իրենց հավկիթը վաճառել, որովհետեւ շուկայում դարձյալ վաճառվում էր ինքնարժեքից էժան ձու, եւ որոշները փակվեցին, սնանկացան, ընկան վարկերի, տոկոսների տակ: Հիմա նրանց մի մասը ինչ-որ կերպ վերականգնվեց, բայց այս տարի էլ նման խնդրի առաջ կանգնեցին: Ձուն ինքնարժեքից էժան է վաճառում, բայց դա հնարավոր չէ, որովհետեւ փետրվարի 1-ից էլէներգիայի սակագինն է բարձրացել, կերն է թանկ: Այդ ի՞նչ եկամուտ է ապահովում ընկերությունը, որ մեկ հատիկ ձուն նման ցածր գնով է վաճառում»:
Ի դեպ, որոշ սուպերմարկետներում, խանութներում «Շիրակ»-ի 0 կարգի ձուն արժե 60 դրամ, 01 կարգի ձվի մեկ հատիկն արժե 36 դրամ, իսկ 02 կարգի ձուն՝ 44 դրամ: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց կապ հաստատել «Շիրակ» թռչնաֆաբրիկայի հետ, սակայն մեր հեռախոսազանգերն անպատասխան մնացին: Ի դեպ, թռչնաֆաբրիկայի հեռախոսահամարը մեզ փոխանցել էին «Նալբանդյան հոլդինգից»: Բայց քիչ անց մեզ զանգահարեց Գեորգի անունով մի անձ եւ հայտարարեց, որ ինքը կապ չունի «Շիրակ» թռչնաֆաբրիկայի հետ եւ չի կարող մեր հարցերին պատասխանել: Ամեն դեպքում մենք պատրաստ ենք լսել նաեւ «Շիրակ» թռչնաֆաբրիկայի պարզաբանումը այս խնդրի շուրջ:
Ի դեպ, ArmLur.am-ը երեկ գրել էր, որ Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցային համալիրը 5 մլրդ դրամով գնել է Նարեկ Նալբանդյանը: Գրել էինք, որ նրան է պատկանում նաեւ «Շիրակ» թռչնաֆաբրիկան, «Նոր Լուսակերտ» թռնչաֆաբրիկայի 50 տոկոս բաժնետերն է:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում