Օրերս Կառավարության նիստին քննարկված կենսաթոշակների մասին օրինագիծը հարուցել է դատախազա-քննչական համակարգի երկարամյա աշխատանքային փորձառություն ունեցող չորս տասնյակից ավելի աշխատակիցների զայրույթը։ Բանն այն է, որ օրինագծով առաջարկվող փոփոխությունները կյանքի կոչվելու պայմաններում համակարգի հնաբնակները ստիպված են լինելու հրաժեշտ տալ աշխատանքին, քանզի հակառակ դեպքում նրանց կենսաթոշակի չափն էականորեն նվազեցվելու է։ Այլ խոսքով, բոլոր նրանք, ովքեր արդեն իսկ ձեռք են բերել կենսաթոշակի իրավունք, մինչև առաջարկվող փոփոխությունների կյանքի կոչվելը այդ իրավունքից չօգտվելու պայմաններում հայտնվելու են անբարենպաստ իրավիճակում, քանզի նրանց նկատմամբ կիրառվելու և հետադարձ ուժ է տրվելու օրենքի վատթարացնող նորմին, որով նրանց համար նշանակվելու է նախկին օրենքով սահմանված կենսաթոշակից էականորեն ցածր կենսաթոշակ։
Առաջարկվող օրինագծով ոտնահարվում են մինչև 2017 թվականի հուլիսի 1-ը կենսաթոշակի իրավունք ձեռք բերած անձանց իրավունքները։ Հարց է ծագում, թե ինչ նպատակով է կատարվում այս փոփոխությունը, մասնավորապես այն միտված է դատախազներին ու քննիչներին կենսաթոշակի իրավունքով ապահովելուն, թե նախկին, փորձառու դատախազների ու քննիչների փոխարեն համակարգը նոր, անփորձ կադրերով համալրելուն, այլ խոսքով՝ նախկիններին նորերով փոխարինելու։
Ք.Մ