ՏԵՍԱՆՅՈՒԹ. Եզդի զինվորի միջադեպը երկու ազգերի հարաբերությունների միջև սեպ չպետք է խրի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության ու հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը մշտապես է հետևել ազգությամբ եզդի զինվորի շուրջը կատարվող իրադարձություններին: Ըստ տարբեր հրապարակումների, հիշեցնենք, զորամասում զինվորին ստիպել էին տարբեր տեսակի գործողություններ իրականացնել, ինչից հետո նա լքել էր զորամասը:
Թովմասյանն ասում է՝ եղածն իսկապես աննախադեպ էր, այն առումով, որ ընդամենը երկու օրվա ժամկետային զինծառայողը զորամասում որոշակի վերաբերմունքի էր արժանացել:

Թագուհի Թովմասյանն ընդգծում է՝ հրամանատարական կազմն ու առավել վաղ զորակոչված զինվորները նորակոչակիների նկատմամբ պետք է առավել ուշադիր ու զգոն լինեն, քանի որ 18-ամյա նոր-նոր զորակոչված երիտասարդներն ադապտացման խնդիր ունեն:

Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորը շեշտում է՝ չի ցանկանա, որ այս միջադեպը, հանկարծ ու հանկարծ, միջազգային երանգ ստանա: Թովմասյանի ղեկավարած հանձնաժողովն ուսումնասիրել ու պարզել է, որ դեպքն ազգային պատկանալիության հետ որևէ կապ չունի, այն զինվորի ու զորամասի կանոնադրական հարաբերությունների ու պատշաճ կատարման հետևանք է սոսկ:

Երկու ազգերի բարիդրացիական հարաբերությունների միջև արհեստականորեն սեպ չխրելու ու անհարկի աղմուկ չբարձրացնելու մասին է խոսում նաև իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ազգությամբ եզդի Ռուստամ Բաքոյանը: Շահարկվող աղմուկն ու վարքագիծը, հավելում է, կարող է երկու ազգերի հարաբերությունների վրա ազդել, ինչը դատապարտելի է:

Իսկ ինչ վերաբերում է զինվորին, ապա Բաքոյանը չի ցանկանում որևէ մեկնաբանություն անել՝ հարուցված գործի վրա որևէ տեսակի ազդեցություն չունենալու համար:

Մանրամասները՝ տեսանյութում:

Սևակ Վարդումյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս