911 ծառայությունը գոյություն չուներ. բնակիչները շիվարած էին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քաղաքացիները դեռ ուշքի չեն եկել երեկվա երկրաշարժից: Այսօր մարդիկ իրար բարեւելու փոխարեն՝ հարցնում են՝ «երկրաշարժը զգացի՞ր՚»:

Տեղեկացնենք, որ ըստ ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության՝ երեկ ժամը 22:25-ին Վրաստան-Հայաստան` Բավրա քաղաքից 16 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, գրանցվել է 5.2 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ: Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ երկրաշարժը զգացվել է Շիրակի, Լոռու, Արագածոտնի մարզերում 4-5 բալ ուժգնությամբ և Երևան քաղաքում 3 բալ ուժգնությամբ: Բայց երեկ սոցիալական ցանցերում երկրաշարժ զգալու մասին բարձրաձայն խոսում էին նաեւ Արմավիրի եւ Կոտայքի մարզի բնակիչները:

Սա դեռ ամենը չէ. երկրաշարժ զգալուց հետո, Երեւանում բնակիչները արագ դուրս են վազել իրենց բնակարաններից: Երեւանյան բազմաբնակարան շենքերի բակերը երեկ բազմամարդ էին. մեկը՝ հղի, մյուսի գրկում երեխա, մեկ այլ քաղաքացի շան հետ, բոլորը վախեցած վազել էին դուրս՝ ցրտին եւ չգիտեին՝ երբ կարող են վերադառնալ իրենց բնակարաններ: Ուշագրավն այն է, որ արտակարգ իրավիճակների նախարարության 911 ծառայությունը գոյություն չուներ: Բոլորը զանգահարում էին 911, որպեսզի տեղեկանային՝ տուն գնալ, թե ոչ, բայց հեռախոսազանգերն անպատասխան են մնացել: Նշված հեռախոսահամարին մի քանի անգամ զանգահարել է նաեւ ArmLur.am-ի թղթակիցը, սակայն այդպես էլ արձագանք չենք ստացել: Այսօր պարզաբանում խնդրեցինք նախարար Անդրանիկ Փիլոյանի մամուլի քարտուղար Աննա Բաղդասարյանից, վերջինս խնդրեց 10 րոպե, որպեսզի ճշտի, սակայն հետո չարձագանքեց մեր հեռախոսազանգերին:

Ս. Հ.




Լրահոս