Ուկրաինայում կատարվող իրադարձությունները շարունակում են մնալ ուշադրության կենտրոնում: Եվ չնայած ԱՄՆ-ն, Ռուսաստանի Դաշնությունը եւ մոտ չորս տասնյակ այլ երկրներ իրենց քաղաքացիներին կոչ են անում հեռանալ Ուկրաինայից, սակայն Հայաստանն առայժմ կոչ չի արել իր քաղաքացիներին հեռանալ այդ երկրից:
Միայն երեկ օրվա երկրորդ կեսին ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը հայտարարություն տարածեց, որում ասվում է. «Ուշադիր հետևում ենք Ուկրաինայում իրավիճակի զարգացումներին: Ուկրաինայում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները (Կիևում դեսպանությունը և Օդեսայում գլխավոր հյուպատոսությունը) աշխատում են բնականոն ռեժիմով` մշտական կապի մեջ լինելով ՀՀ քաղաքացիների հետ, որոնց ըստ անհրաժեշտության, կտրվեն լրացուցիչ ուղղորդումներ»:
Ուկրաինայում ներկայիս իրավիճակը շատ անհանգստացնող է: ArmLur.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ուկրաինացի քաղաքագետ Վլադիմիր Ֆեսենկոն: Նրա խոսքով այս ամենը նաեւ հոգեբանական թեստ է, թե ով ինչպես է արձագանքում վտանգին, ով կգնա եւ ով կմնա:
-Պարո՛ն Ֆեսենկո, ինչ իրավիճակ է այժմ Ուկրաինայում: Իրադարձություններն ինչպես կգնահատեք:
-Մարդկանց շրջանում անհանգստությունը կտրուկ աճել է: Սակայն ի զարմանս ինձ՜ Կիևի բնակիչների ռեակցիան դեռ հանգիստ է այս պայմանների համար: Այս տեսանկյունից հիշում եմ Կիևը՝ 1986 թվականի մարտին՝ Չեռնոբիլյան վթարից հետո: Մարդկանց մի մասի մոտ անհանգստությունը կտրուկ աճել էր, իսկ մյուսներն արդեն սովորել էին այդ իրավիճակին: Դեռ հունվարին ես կանխատեսել էր, որ Ուկրաինայի հանդեպ գեոքաղաքական լարվածությունն իր պիկին է հասնելու Փետրվարի կեսերին: Հենց դա էլ մենք այս պահին տեսնում ենք՝ իր ուղղակի եւ անուղղակի հետևանքնեով: Իրավիճակն իսկապես շատ լարված է: Սակայն մեկ բան է պետք հիշել. սա «նյարդերի պայքար է», դեռ միայն այդ: Եվ այս պայքարում պետք է պահպանել սառնասրտություն:
-Իսկ ի՞նչ ռիսկեր եք տեսնում:
– Ոչ նվազ ռիսկ կա, որ Կրեմլն իսկապես կարող է գնալ ռազմական ավանտյուրայի Ուկարինայի դեմ թեկուզ եւ միայն նրա համար, որպեսզի Հարավը ստանա եւ Ուկարինային պարտության մատնի, որպեսզի մեզ ստիպի գնալ խաղաղության իրենց կանոններով: Սակայն հույս ունեմ, որ ուկրաինացի քաղաքական գործիչներն ու պետական այրերտ չեն կրկնի նույն սխալն, ինչ արեցին 2014-2015 թվականներին:
-Ըստ Ձեզ, որեւէ արդյունք տվեցի՞ն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումները ՌԴ եւ Ուկրաինայի առաջնորդների հետ:
-Տեղեկատվական աղբյուրներն այն մասին են խոսում, որ Մակրոնի մոտ խաղաղության հստակ ծրագիր չի եղել, այլ միայն ցանկություններ: Իսկ դա առաջին հերթին անհրաժեշտ է, որպեսզի խուսափենք ռուսական ռազմական ագրեսիայից Ուկրաինայի հանդեպ: Նկատենք, որ Պուտինը կոմպրոմիսներ չի առաջարկում, սակայն ուլտիմատումների լեզվով է խոսում եւ ոչ միայն մեր, այլ նաեւ ամերիկացիների եւ ՆԱՏՕ-ի հանդեպ, իհարկե ստանալով համապատասխան արձագանք: Գերմանիան եւ Ֆրանսիան հետաքրքրված են, որպեսզի բանակցությունների միջոցով հասնեն լարվածության դեէսկալացիայի, ինչում հետաքրքրված է նաեւ Ուկրաինան: Սակայն մեզ համար շատ կարևոր մի այլ նպատակ եւս առկա է. Դոնբասում ռազմական գործողությունների լիակատար դադարեցում: Միեւնույն ժամանակ մենք չենք կարող համաձայնվել այս հարցում ռուսական կողմի պահանջների հետ:
զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը