ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայտնաբերվել է մեքենաների «ABS» համակարգեր գողացող խումբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջերս ոստիկանության Երևան քաղաքի վարչության տարածքային տարբեր բաժիններում նույնատիպ ահազանգեր էին ստացվում։ Քաղաքացիները հայտնում էին, որ գողացել են մեքենաների օդի կարգավորման և «ABS» համակարգերը։ Գողությունները լինում էին մայրաքաղաքի տարբեր հատվածներում, իսկ թիրախը «Մերսեդես» մակնիշի մեքենաներն էին։
Փետրվարի 11-ին նույնաբովանդակ զանգերը հնչեցին րոպեների տարբերությամբ։ Ոստիկանության Նոր Նորքի բաժնում ստացված 5 զանգերն էլ «Մերսեդեսների» օդի կարգավորման և «ABS» համակարգերի գողությունների մասին էին։
Ոստիկանների ձեռնարկած միջացառումներով պարզվեցին որոշ հանգամանքներ։ Մասնավորապես, որ գործում է հանցավոր խումբ, խմբի անդամներն ամեն մեկն իր առաքելությունն ունի։ Մեկը սպասում է փողոցում, հետևում, որ ոստիկաններ չլինեն, մյուսները, արդեն «մասնագիտացած» իրենց գործում, տարբեր գործիքներով հանում են մեքենաների օդի կարգավորման և ABS համակարգերը։
Ոստիկանության մի քանի տարածքային բաժինների բացահայտման միջոցառումներին միացան նաև Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները։ Շուտով հենց նրանք էլ ստացան օպերատիվ տեղեկություններ գողություններ անող խմբի վերաբերյալ։

Տեղեկությունն իրացվեց ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների հետ, և փետրվարի լույս 14-ի գիշերը գողություններ անող խումբը վնասազերծվեց։
Քրեական հետախույզները գիշերային ծառայություն էին իրականացնում Անդրանիկի փողոցում, երբ նկատեցին 3 երիտասարդի, որոնց վարքագիծը կասկածելի թվաց. նրանք դիմակներով էին, ձեռնոցներով, գլխարկներով։ Գողություն կատարելու կասկածանքով եռյակը բերման ենթարկվեց ոստիկանության Մալաթիայի բաժին։ Բերման ենթարկվելու պահին նրանցից մեկը ձեռքից նետել էր տոպրակը։ Դա նկատել էին ոստիկանները։ Տոպրակով հանդերձ՝ բերման ենթարկվեցին։
Ոստիկանության Մալաթիայի բաժնում պարզվեց նրանց ինքնությունը՝ մայրաքաղաքի 23, 29 և 32 տարեկան բնակիչներ էին։ Տոպրակում պտուտակահան, աքցան, ձեռնոցներ և այլ իրեր էին։ Նրանց մոտից հայտնավերվեց նաև ծալովի դանակ, որի ծայրին ապակի կոտրելու հարմարանք կար։
Նյութերի նախապատրաստման ընթացքում հիմնավորվեց, որ երիտասարդները մայրաքաղաքում մեքենաներից 12 գողություն էին արել։
Դեպքերի հանգամանքները քննությամբ պարզվում են։




Լրահոս