Մինչև իշխանությունը քննարկում ու քննադատում է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքներին ԱԺ ընդդիմության բոյկոտը, հասարակությունը դեռ սպասում է 2016-ի Ապրիլյան պատերազմի հանգամանքերը քննող հանձնաժողովի աշխատանքների եզրակացությունը: Այդ աշխատանքներին մասնակցած ԼՀԿ-ական նախկին պատգամավոր Գևորգ Գորգիսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ թեև հանձնաժողովի տված եզրակացության մեջ գաղտնի մաս է եղել, բայց հրապարակելու ենթակա նյութեր եղել են: «Պարզապես իշխանությունը չի հրապարակել, ու դա գուցե այն պատճառով, որ մեղավորների մեջ կարող էին ՊՆ-ի՝ մինչև այս պահը պաշտոնավարող պաշտոնյաներ լինել»,- շեշտում է նա:
Նույն տեսակետին է նաև ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նա նշեց, որ Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովն իշխանության կողմից որպես լծակ օգտագործվեց լռեցնելու բարձրաստիճան զինվորականներին, ընդդիմադիր քաղաքական գործիչներին: «Գուցե ինչ-որ բարձրաստիճան զինվորականների հետ, որոնք, հավանական է, այժմ էլ պաշտոնավարում են, համաձայնություն են ունեցել: Իհարկե, չեմ կարող վստահ պնդել, թե կուլիսների հետևում ինչ պայմանավորվածություններ են եղել, բայց ակնհայտ է՝ ազդու զինվորականների հետ եզրակացությունը չհրապարկելու մասով ինչ-որ առևտուր եղել է»,- նշում է նա:
Սևակ Վարդումյան, Հովսեփ Հովսեփյան