ՖԻԶԳՈՐՈԴՈԿՈՒՄ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԼԱՐՎԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի Ֆիզգորոդոկ թաղամասում, սեպտեմբերի ամսից սկսած, շինարարական աշխատանքներ են ընթանում, որոնց դեմ են բնակիչները։ Ֆիզգորոդոկի թաղամասի բնակիչ Վահրամ Ասատրյանի խոսքով՝ ծանր տեխնիկա է կայանվել Ալիխանյան փողոցում, որի արդյունքում էլ փակվել է մայթն, ու խոչընդոտվել է մեքնենաների եւ հետիոտնի տեղաշարժը. «Հետիոտնի մայթի վրա մեծ տեխնիկա են կանգնեցրել, ոստիկանությունից լղոզված տեքստով փաստաթուղթ են ներկայացնում. ինչո՞ւ են մեր ճանապարհը փակել»։

 

Բնակիչների խոսքով՝ շինարարական աշխատանքներն ուղեկցվում են բարձր ձայնով եւ անհանգստություն պատճառում հարեւանությամբ ապրող բնակիչներին. «Մենք չափագրել ենք ձայնի սահմանները, 100 տոկոսն անցնում են։ Էս աղմուկի տակ ուղղակի չի կարելի ապրել։ Լավ կլինի՝ նոր քաղաքապետը գար այստեղ ու առ ոչինչ աներ այդ շինթույլտվությունը, այդ մարդուն էլ այլ հատվածում հող տրամադրեն։ Այս աղմուկի տակ ապրելն անհնար է»։

Մենք տեղեկացանք, որ բնակիչների ահազանգերի արդյունքում ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցները ժամանել են թաղամաս  եւ հեռացրել կայանված մեքենան:

Հիշեցնենք, որ ամռանը Ֆիզգորոդոկի բնակիչները պահանջում էին կասեցնել Ալիխանյան 6/1 հասցեում սկսված եւ, իրենց պնդմամբ, ապօրինի շինաշխատանքները։ Շուրջ 2000 քմ մակերեսով հողատարածքի սեփականատերը «Ռատկո» ընկերությունն է, որը Երեւանի քաղաքապետարանից շինթույլտվության իրավունք ստացել է 2021-ի հուլիսին։ ԿԳՄՍ-ն 2021թ-ի փետրվարին «Ֆիզգորոդոկի» տարածքը ճանաչել է որպես նորահայտ հուշարձան, իսկ մայիսին Ալիխանյան 6/1-ի հասցեի հողակտորը հանել է հուշարձանի տարածքից: Այստեղ նախատեսվում է բազմաբնակարանային շենք կառուցել, որի նպատակով հատվում են տարածքի երկարամյա բազմաթիվ ծառերը։ Բացի այդ, ըստ բնակիչների, սահմանափակվելու է մուտքը հարակից շենքեր։

Բնակիչները դիմել էին դատարան՝ վիճարկելու կառուցապատումը. դատարանը վարույթ էր ընդունել հայցը, բայց չէր կասեցրել շինարարությունը: Բնակիչներն ահազանգում էին նաեւ, որ այդ հողատարածքը անօրինական է սեփականաշնորհվել։ Նրանք քաղաքապետարանից պահանջում էին շինթույլտվության վերաբերյալ փաստաթղթեր, սակայն քաղաքապետարանը չէր տրամադրում դրանք։

Շինարարության իրականացման շուրջ առաջացած խնդրի վերաբերյալ հարուցվել է քրեական գործ՝ պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու արդյունքում  ծանր հետեւանքների հանգեցնելու հոդվածով։ Գործը նախաքննության փուլում է։

 

 

 

ԱՄԵՆԱԹՈՂՈՒԹՅՈՒՆ

«Կալանավորելով դատավոր Բորիս Բախշիյանին՝ կառավարությունն ու իշխող ուժը խփեցին արդարադատության դագաղի վերջին մեխը»,- ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Վերածնվող Հայաստան» կուսակցության հիմնադիր Վահե Հակոբյանը։ Նրա խոսքով՝ դատարանները անհիմն կերպով ընդդիմադիր գործիչներին պահում են կալանքի տակ՝ ամեն կերպ ձգձգելով գործընթացները. «Դրան աջակցում է նաեւ մեղադրող կողմը՝ դատախազությունը դատախազին հարմար չէ, հիվանդ է, ոտքն է ցավում ու այլ հիմնավորումներով։ Սա միայն Առուշ Առուշանյանին չի վերաբերում»,- ասել է նա։ Սյունիքի նախկին մարզպետի կարծիքով՝ միայն այդ մարզի համայնքապետերը չէ, որ ենթարկվում են հետապնդման: «ՏԻՄ ընտրություններում հաղթած թեկնածուների նկատմամբ միանգամից հարուցվում է քրեական գործ, տարվում են կալանքի։ Ամենաթողություն է։ Այս համատեքստում խիստ զարմանալի է միջազգային կառույցների շարունակական լռությունը»,- ասել է ընդդիմադիր գործիչը։

 

 

 

ՕՂԱԿԸ ՍԵՂՄՎՈՒՄ Է

Հայաստանի շուրջ օղակը գնալով սեղմվում է։ Այս մասին երեկ ասել է «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Ռուստամյանը։ «Մենք հայտնվել ենք մեր երեւի պատմական վերջին ժամանակաշրջանում ամենալուրջ մարտահրավերներով լեցուն մի միջավայրում, երբ թուրքադրբեջանական տանդեմը անթաքույց հստակ հայտարարում է, թե ինչի է ձգտելու»,- ասել է նա եւ նշել, որ այդ ձգտումները, շահերը հակասում են մեր պետական, ազգային շահերին։ «Մարտահրավեր է նետված, որոնք մենք կա՛մ անտեսում ենք, կա՛մ ոչ ադեկվատ օրակարգերով զբաղվում։ Թուրքիան եւ Ադրբեջանը ուղղակի արձանագրել են, որ չորս խնդիր լուծելու ուղղությամբ են առաջնորդվելու. Հայաստանին պարտադրելու են ապօրինի բոլոր սահմանները ճանաչել, Ցեղասպանությունից հրաժարում, Ադրբեջանի պահանջների բավարարում Արցախի հարցով եւ «Զանգեզուրի միջանցքի» ամրագրում»,-ասել է նա։

 

 

ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ՝ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ

44-օրյա պատերազմի ադրբեջանցի մասնակիցները բողոքի ակցիա են իրականացրել Ադրբեջանի նախագահի նստավայրի մոտ։ Վետերանները պահանջում են գնահատել իրենց մասնակցությունը մարտական գործողություններին՝ տրամադրելով հատուկ կարգավիճակ եւ շքանշան։ «Մենք բոլորս զինծառայողներ ենք։ Մեզ զրկում են վետերանների իրավունքներից, մեզ չեն տվել կոչում, շքանշան։ Մենք դա բազմիցս հայտարարել ենք գերագույն հրամանատարին ուղարկած նամակներում»,- բողոքի ակցիայի մասնակիցներից մեկի խոսքերն է մեջբերում «Թուրան» գործակալությունը։

 

 

 

ԱԳՆ-Ն ՉԻ ՄԵԿՆԱԲԱՆՈՒՄ

Ադրբեջանը հայատարարել է, որ մտադիր է վերացնել 44-օրյա պատերազմից հետո իր վերահսկողության տակ անցած տարածքներում գտնվող եկեղեցիների ու մշակութային կոթողների հայկական հետքը։ Այս մասին պաշտոնական Բաքուն խոսել է ամենաբարձր՝ կառավարության մակարդակով: Դարերի պատմություն ունեցող մշակութային ժառանգության հայկականությունը հողին հավասարեցնելու ադրբեջանական ձեռագրի մասին նաեւ ամերիկյան Eurasianet լրատվականն է հրապարկում պատրաստել՝ թեմայի վերաբերյալ ներկայացնելով թե՛ ադրբեջանական, թե՛ հայկական կողմի մեկնաբանություն-տեսակետը: Զարամանլիորեն, սակայն, Հայաստանի Հանրապետության արատաքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Վահան Հունանյանը լրատվամիջոցին մեկնաբանություն չի տվել՝ նշելով միայն, թե «բազմիցս են ընդգծել հայկական մշակութային ժառանգության պահպանման կարեւորությունը»։ ArmLur.am-ի հետ զրույցում Հունանյանը հաստատեց՝ մեկնաբանություն, այո, չի տվել: Ավելացրեց՝ նախարարությունն առաջիկայում հայտարարությամբ հանդես կգա: Ինչ վերաբերում է կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարությանը, ապա նախարարության լրատվական ծառայությունից մեզ փոխանցեցին, որ հարցն արտգործանախարարության տիրույթում է, բայց եթե գործընկեր նախարարությունում իրենց օգնության կարիքը զգացվի, ապա համատեղ կաշխատեն: Նշենք, որ ամերիկյան հարթակում տեղ գտած հրապարկումն արդեն քանի օր է՝ ակտիվորեն շրջանառվում է սոցիալական գրեթե բոլոր ցանցերում, հատկապես՝ Twitter-ում: Ստացվում է՝ ի հակադրություն ադրբեջանցիների՝ իրականությունից հեռու մեկնաբանություն-պնդումներին՝ Հայաստանի պատկան մարմինները մեկնաբանություն չեն տալիս, ինչը, անխոս, մեր շահերից չի բխում:

 

 

 

ՔՍԱՆԻՆԸ ԻՆՔՆԻՐԱՎՉՈՒԹՅԱՆ ԳՈՐԾ

Սամվել Դիլանչյանին, Նորիկ Ղուլյանին, Ռաֆիկ Դիլանչյանին, Անդրանիկ Մուրադյանին, Արամ Արզանյանին, Նարեկ Սիրավյանին, Վահրամ Արզանյանին, Վոլոդյա Արզանյանին, Արտուշ Մալունցին, Դավիթ Սիրավյանին, Յուրա Փանդունցին, Հրանտիկ Ղալդունցին, Արմեն Սարդարյանին, Զավեն Ղուլյանին, Սուրեն Բեգլարյանին, Գրենիկ Փարսյանին, Կամո Զորունցին, Սամվել Սարդարյանին, Արսեն Պետրոսյանին, Արտակ Ալեքսանյանին, Նարեկ Սարդարյանին, Վարդան Սիրավյանին, Արտուշ Մուրադյանին, Սամվել Խաչունցին, Նունե Աբրահամյանին, Մխիթար Մուրադյանին, Սենիկ Ղուլյանին, Հովիկ Արզանյանին, Արթուր Արզանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք կատարել են ինքնիրավչություն, որն էական վնաս է պատճառել:

 

 

 

 




Լրահոս