Ֆրանսահայ, ֆրանսիացի եւ հայաստանցի մի շարք մտավորականներ, գործիչներ հայտարարություն են տարածել Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունների հեռանկարի, Հայ Դատից հրաժարվելու ՀՀ քաղաքականության վերաբերյալ։ «Մենք, լինելով ֆրանսահայ, հայաստանցի կամ Հայ Դատի բարեկամ, 2020 թվականին տագնապով հետեւում էինք Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմին, որը տեղի ունեցավ Արեւմուտքի անտարբեր հայացքի ներքո։ Այսօր մենք բացահայտորեն ականատես ենք Արեւմուտքի ժողովրդավարությունների վախվորած հակազդեցությանը, որ անկարող եղավ ինքնորոշված մի ազգի ապրելու իրավունքը պաշտպանելու եւ Բաքվի բռնապետի բազմաքանակ ու գերզինված բանակի հարձակումը կասեցնելու։ Այն անկարող գտվեց նաեւ արգելել իր իսկ դաշնակցին՝ Թուրքիային՝ վարձելու հազարավոր ջիհադիստներ ու մասնակցելու հարձակմանը ՆԱՏՕ-ի տեխնոլոգիայով ու թուրքական գենշտաբի հրամանտարության օգնությամբ։ Մենք խորապես ափսոսում ենք, որ Ֆրանսիան չվավերացրեց Ազգային ժողովի ու Ծերակույտի որոշումները ու չճանաչեց Արցախի Հանրապետությունը, ինչը կհանդիսանար արցախահայության գոյատեւման առաջին միջազգային իրավունքը։
Այսօր Ռուսաստանի Դաշնությունը միակ պետությունն է, որը եռակողմ պայմանավորվածության շրջանակում ապահովում է Արցախի եւ իր բնակչության անվտանգությունը, ինչպես նաեւ հայկական մշակութային արժեքների պահպանումն ազատ մնացած տարածքներում։ Սակայն այսուհետ մենք անհանգստացած ենք նաեւ Հայաստանի քաղաքական իրավիճակով։ Նոյեմբերի իննից ի վեր Ադրբեջանը թեժ ճակատամարտը փոխարինել է մաշեցնող պատերազմով՝ խաղաղ բնակիչներին կամ հայ զինվորներին սպանելով, ՀՀ ինքնիշխան տարածքից հատվածներ բռնազավթելով ու ռազմագերիներին շանտաժի առարկա դարձնելով։ Բաքվի բռնապետի ու թուրքերի նպատակը մեկն է՝ առերեւույթ խաղաղության քողի տակ հասնել նրան, ինչին պատերազմով հնարավոր չեղավ, որպեսզի Հայաստանը հրաժարվի Արցախից, իր իսկ հարավային ինքնիշխան տարածքից եւ ցեղասպանության պահանջատիրութունից։ Նրանց գործը ոչ այլ ինչ է, եթե ոչ ցեղասպանության շարունակությունը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները՝ «ադրբեջանական Արցախի» մասին, եւ այն ստահոդ պնդումը, թե «Հայ Դատը Հայաստանի Հանրապետության քաղաքականությունը չի եղել», ցույց են տալիս, որ Բաքուն եւ Անկարան մոտենում են իրենց նպատակին։ Հայաստանի իշխանությունների կողմից թուրքական ապրանքների նկատմամբ արգելքի վերացումը, ընդդիմադիր գործիչներին բանտարկելը հանգեցնում են մի բանի՝ հարևան ավտորիտար ռեժիմներին զիջելով՝ Հայաստանը իրեն դնում է նրանց նմանվելու վտանգի տակ։ Ելնելով այս չափազանց վտանգավոր իրավիճակից՝ մենք բարձրաձայնում ենք, որ Հայաստանը այն հազվադեպ երկրներից է, որի ճակատագիրը միայն իրեն չէ, որ պատկանում է։ Այն բացառապես իրենը չէ։ Պատմությունը մեզ պարտավորեցնում է. Սփյուռքով այն դուրս է գալիս իր սահմաններից։ Հայաստանի վարչապետը կամ որեւէ մեկը առհասարակ իրավունք չունի որոշելու Արցախի քաղաքական պատկանելությունը. այդ իրավունքը պատկանում է միայն արցախահայությանը։ Այդ իրավունքը արտացոլված է Արցախի Ազգային ժողովի՝ «Արցախի Հանրապետության ինքնիշխանությանը սպառնացող վտանգների ու մարտահրավերիների վերաբերյալ» հայտարարության մեջ։ Ո՛չ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ էլ որեւէ մեկը իրավունք չունի Թուրքիայի կատարած ցեղասպանության կարեւորությունը նսեմացնել եւ կասկածի տակ դնել հայ ժողովրդի կյանքի մեջ դրա այժմեականությունը։ Թուրքիան այսօր էլ համառորեն հավատարիմ է այդ ոճրագործության ժառանգությանը։ Պատմաբանները, որոնց մասին Թուրքիան նշում է, վաղուց են որոշել, որ Թուրքիան պետք է պատասխանատվություն կրի Մեծ Եղեռնի հետեւանքների համար եւ բարոյապես ու նյութապես հատուցի հայությանը։ Ցեղասպանությունը միջազգային իրավունքի կողմից ձեւակերպում ստացած հանցագործություն է մարդկության դեմ եւ մեզ բոլորիս է վերաբերում ու նաեւ պարտավորեցնում։ Այն ոչ մի պարագայում չի կարող հանձնվել փորձագետների կոմիտեի դատին, զոհաբերվել ձեւական հաշտեցման խորանին կամ ջնջվել միայն Հայաստանի վրա գործադրվող ճնշումների տակ, մանավանդ որ Հայաստանի կողմից Արցախից հրաժարվելը կհանգեցնի Ադրբեջանի կողմից նոր ցեղասպանության, ինչի մասին վկայում է Բաքվի կողմից Արցախի տարածքում իրականացվող էթնիկական բնաջնջումը։ Արցախի դեմ իրականացվող ոճրագործությունները արդյունք են Արցախի չճանաչված լինելու։ Այն պարզապես հայության ցեղասպանության շարունակությունն է։ Արցախի հարցը, կազմելով Հայության Դատի անբաժան մաս, մեզ պարտավորեցնում է՝ անկախ այն բանից, թե ինչ են մտածում եւ արտահայտում այդ պահի իշխանությունները։ Ներկայիս իշխանությունը բարոյական իրավունք չունի ընդունել Թուրքիայի բոլոր նախապայմանները՝ առանց հարցնելու Սփյուռքի եւ իր իսկ ժողովրդի կարծիքը։ Սրանով մենք սթափության կոչ ենք անում բոլոր նրանց, ովքեր ցանկանում են գործել ի շահ Հայաստանի, քանի որ այն պարտավորեցնում է բոլորիս. Արցախը պիտի մնա հայկական, եւ Հայկական հարցը ծագել է, որպեսզի Հայաստանը ապրի եւ արարի»:
ԴԻ՝ ԿԱՄՐՋԻ ՏԱԿ
Երեկ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 15։10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման եւ ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Կիեւյան կամրջի տակ տղամարդու դի կա։ Փրկարարները, ոստիկաններն ու քննիչները կամրջի տակ հայտնաբերել են տղամարդու դի եւ 1 հատ բջջային հեռախոս։ Մինչ քննիչը դեպքի վայրի զննություն էր կատարում, ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժանմունքի պետ Գեւորգ Պողոսյանի գլխավորությամբ, օպերատիվ տվյալներով պարզել են մահացածի ինքնությունը. վերջինս Երեւանի բնակիչ 31-ամյա Սեյրան Գ-ն էր։
ԿՐԱԿԵԼ ԵՆ ԲԱՆՎՈՐՆԵՐԻ ՎՐԱ
2022թ. փետրվարի 05-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, Ասկերան քաղաքի մերձակայքում գտնվող «Օղտեն մաշկ» կոչվող տեղամասում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքից խոշոր տրամաչափի գնդացրով մի քանի կրակահերթ է արձակվել Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի վարչական տարածքում գործող՝ «Ապագա սերունդների հիմնադրամ» ՍՊ ընկերության քարամշակման կետի բանվորներ Գ.Բ.-ի, Ա.Թ.-ի եւ Ա.Հ.-ի ուղղությամբ, ովքեր տվյալ պահին տրակտորի վերանորգման աշխատանքներ էին կատարում: Այս մասին հայտնում են Արցախի դատախազությունից: Արձակված կրակոցներից պաշտպանվելու նպատակով մինչեւ ոստիկանության աշխատակիցների ժամանելը վերջիններս շուրջ երկու ժամ ստիպված թաքնված են մնացել՝ այդ ընթացքում զանգելով եւ դեպքի մասին իրազեկելով իրենց տնօրինությանը: Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով ԱՀ ոստիկանության կողմից ձեռնարկվում են քրեադատավարական միջոցառումներ: Մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողությունն իրականացնում է ԱՀ Ասկերանի շրջանի դատախազությունը:
ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀԱՍՏԱՏՈՒՄ Է ՈՉՆՉԱՑՄԱՆ ԿՈՒՐՍԸ
Ադրբեջանի մշակույթի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ հաստատելով օկուպացված տարածքներում հայկական մշակութային ժառանգությունը ոչնչացնելու, «ալբանացնելու» մտադրությունը։ «Ադրբեջանի պաշտոնյաները բազմիցս հայտարարել են, որ ազատագրված տարածքներում գտնվող պատմական-կրոնական հուշարձանները պատկանում են ադրբեջանական ժառանգությանը, եւ դրանց պահպանությունը ադրբեջանական պետության պարտականությունն է։ Որպես վառ ապացույց կարելի է նշել Շուշի քաղաքում մզկիթների եւ երկու քրիստոնեական եկեղեցիների վերականգնումը։ Ադրբեջանը՝ ի տարբերություն Հայաստանի, իր պատմամշակութային ժառանգության մեջ կրոնական եւ էթնիկական հողի վրա տարբերություններ չի դնում եւ հավատարիմ է միջազգային կոնվենցիաներով ստանձնած պարտավորություններին՝ ներառյալ 1954 թվականի Հաագայի կոնվենցիան Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին: Հավելենք նաեւ, որ Ադրբեջանի մշակույթի նախարարությունը ներկայումս համապատասխան մոնիթորինգ է անցկացնում օկուպացիայից ազատագրված տարածքներում։ Ինչ վերաբերում է ազատագրված տարածքներում հնագույն ալբանական ժառանգությանը, ապա հարկ է նշել, որ այդ կապակցությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ՝ տեղի եւ արտասահմանյան փորձագետների ներգրավմամբ՝ համապատասխան մոնիթորինգ իրականացնելու համար։ Իսկ կեղծիքների հայտնաբերման դեպքում այդ խախտումները կփաստագրվեն ու միջազգային փորձագետների մասնակցությամբ կներկայացվեն միջազգային հանրությանը։ Հիշեցնենք, որ պատմամշակութային ժառանգության պատկանելիության փոփոխությունը, դրա ծագումը հակասում է 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի դրույթներին»,- ասվում է նախարարության հայտարարության մեջ։
2486 ՆՈՐ ԴԵՊՔ
Հայաստանում փետրվարի 8-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 2486 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 394 074-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 5 քաղաքացի, մահացածների թիվը 8102 է։ Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 1 դեպք: Փետրվարի 8-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1556 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 6 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 9658-ի: Մեկ օրում առողջացածների թիվը 3180 է, ընդհանուր առողջացածներինը՝ 356 165, փաստացի բուժվողներինը՝ 28 251: Մեկ օրում արվել է 6807 թեստավորում, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 2 790 095 թեստավորում: