ԿԻՆՈՆԿԱՐԸ ՄԱՐՏԻՆ ԿԲԱՐՁՐԱՆԱ ՄԵԾ ԷԿՐԱՆՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պատերազմի, սիրո, մեր օրերի նվիրյալների, միասնության, պետական մտածողության կերտման ու հայրենասիրության մասին երեք սերունդների աչքերով պատմող «Գարուն ա…» կինոնկարը, որի ռեժիսորը Ռոման Մուշեղյանն է, մեծ էկրաններ կբարձրանա մարտի 1-ին:

 

Լրագրողների հետ հանդիպմանը ֆիլմի գլխավոր պրոդյուսեր, գլխավոր դերակատարներից Ալեքսանդր Խաչատրյանն ասաց՝ կինոնկարը մեր մասին է, մեր՝ հայրենիքի նկատմամբ ունեցած վերաբերմունքի, հայրենասիրական դրսեւորումների տեսակների մասին է: Նրա խոսքով՝ «Գարուն ա…» կինոնկարում կա հայրենիք եւ կա պատերազմ:

Խաչատրյանը պատմեց՝ նման ֆիլմ ստեղծելու գաղափարը ծնվել է 2015 թվականին: «Գործընկերներիս հետո խոսում էինք այն մասին, որ 2000 տարի բարոյական հաղթանակներ ենք տարել եւ ամեն բարոյական հաղթանակից հետո տարածքներ ենք կորցրել, իսկ արցախյան առաջին պատերազմից հետո տարանք եւ՛ բարոյական, եւ՛ տարածքային հաղթանակ, այնինչ այդ մասին ֆիլմեր գրեթե չկան:  Որոշեցինք սցենար մշակել: Արդեն սկսում էինք աշխատանքները  ու մտածում էինք՝ եթե կրկին պատերազմ լինի, ո՞վ կգնա մարտադաշտ, ո՞վ կկռվի, որովհետեւ ժողովրդի մեջ հայրենասիրության, ազատության հանդեպ ոգեւորություն կարծես չկար. հուսահատ էին, հիասթափված: Եվ 2016-ին ապրիլյան քառօրյա պատերազմը տեղի ունեցավ: Մեզ համար անակնկալ էր այն, որ հայ ժողովուրդը եւ՛ Հայաստանում, եւ՛ սփյուռքում մեկ մարդու պես կանգնել է հանուն հայրենիքի: Այդ ժամանակ եկանք այն եզրակացության, որ անհրաժեշտ է ֆիլմ նկարահանել ոչ թե պատերազմի մասին, այլ համախմբվելու, հայրենասիրության մասին»,-հիշեց Խաչատրյանն ու հավելեց՝ ֆիլմի նկարահանումները սկսել են 2020 թվականի ամռանը: Բազմաթիվ տեսարաններ նկարահանվել են Դիլիջանում:

Արցախյան 44-օրյա պատերազմից հետո չեն փոխել սցենարը, քանի որ այն պետության ու պետականության նկատմամբ վերաբերմունքի մասին է, եւ, ըստ Խաչատրյանի, թեման այնքան հզոր էր, որ պատերազմից հետո միայն որոշ հարցադրումներ առավել են շեշտադրվել:

Ֆիլմի սցենարիստի խոսքով՝ մարդկության պատմությունը ուղեկցվում է  պատերազմներով, եւ «Գարուն ա…»-ն փորձ է պատերազմ արհավիրքի միջոցով  պարզելու մեր ինքնությունը: «Այն հայրենասիրության մասին է, բայց ունի հակասություններ, որոնք մարդկանց մտածելու առիթ կտան»,-ընդգծեց սցենարիստը:

Ֆիլմի գլխավոր պրոդյուսերն Ալեքսանդր Խաչատրյանն է, պրոդյուսերը՝ Դիանա Ավետիսյանը։ Սցենարը հեղինակել է Հարություն Ղուկասյանը, օպերատորն է Սուրեն Թադեւոսյանը, իսկ կոմպոզիտորը՝ Արման Էլբերտը, մոնտաժը՝ Միքայել Թորգոմյանի, նկարիչ՝ Տիգրան Ասատուրով։

Դերերում՝ Ալեքսանդր Խաչատրյան, Լեւոն Հախվերդյան, Արմեն Մարգարյան, Մարջան Ավետիսյան, Եվա Զոհրաբյան, Շանթ Հովհաննիսյան, Ալիս Կապլանջյան, Վահագն Մարտիրոսյան, Սաթենիկ Հազարյան, Նարինե Պետրոսյան, Թումաջ Դանեշ Բեհզադի եւ այլք։

Կինոնկարի գլխավոր հերոսները երեքն են՝ պապ, որդի, թոռ՝ երեք սերունդ, երեք տարբեր բնավորությունների տեր մարդիկ, որոնցից յուրաքանչյուրն արտացոլում է մերօրյա հասարակության մտածելակերպը։ Պապը՝ Արամը, պրոֆեսիոնալ զինվորական է, նախկին գնդապետ, ամբողջ կյանքը նվիրել է պետականության կառուցման գործին։ Նրա որդին՝ Գնելը, ձեռներեց է. մինչ օրս չի ներում հորը հայրենիքն ընտանիքից վեր դասելու համար։ Թոռը՝ Լեւոնը, վիրտուոզ երաժիշտ է, որը ոգեշնչվում է իր պապի գաղափարախոսությամբ, սակայն հերոսի կյանքում ապագան եւ հայրենիքի նկատմամբ պարտքը բախվում են իրար՝ ստեղծելով ֆիլմի հիմնական կոնֆլիկտը: Անսպասելի պատերազմը Հայաստանում ալեկոծում է երեք սերունդների հոգիները։ Ֆիլմի ընթացքում մենք ականատես ենք լինում մի ամբողջ ազգի ողբերգությանը՝ մի ընտանիքի պատմության միջոցով:

 

 

 

Musk Factor ՖԻԼՄԻ ԿԱԶՄԸ ՆՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ

Musk Factor գիտաֆանտաստիկ, երգիծական ֆիլմի ստեղծագործական կազմը ստեղծել է ապագայի անվտանգության տեխնոլոգիայի կոնցեպտ: GAIT կոչվող կոնցեպտը, որը նվազեցնում է հանցագործությունների թիվը, մեծ հետաքրքրություն է առաջացրել հայկական Scylla ընկերությունում։

 

Ապագայի տեխնոլոգիա կոնցեպտը Musk Factor-ի թիմը պատկերել է իր նոր իլյուստրացիայում, որը որպես NFT զետեղել է OpenSea համակարգում, իսկ Scylla ընկերությունն էլ իր հերթին ձեռք է բերել այն։

«Հայտնի փաստ է՝ մոլորակի ցանկացած բնակիչ ունի յուրահատուկ քայլվածք, եւ քայլելիս էլ ցանկացած անհատի ոտքի հեռավորությունը կարող է տարբեր լինել։ Հիմքում յուրաքանչյուրի քաշի, ողնաշարի կառուցվածքի, վերջույթների երկարության, կեցվածքի  եւ այլ պարամետրերի տարբեր լինելն է։  NFT-ում ներկայացվում է, թե ինչպես է հնարավոր մարդու քայլվածքի տվյալներն ուսումնասիրելով եւ վերլուծելով՝ հայտնաբերել հանցագործներին»,-նշում է Musk Factor-ի գլխավոր պրոդյուսեր Ռաֆայել Թադեւոսյանը։

Վերջին ժամանակներում անընդհատ ձեռքբերումներ գրանցող Scylla ընկերությունը բարձր է գնահատել Musk Factor-ի թիմի ապագայամետ տեսլականը։ «Մեր ուշադրությունը միանգամից գրավել է այն, որ Musk Factor ֆիլմի ստեղծագործական թիմը հորինել է բոլորովին նոր տեխնոլոգիայի կոնցեպտ, որը դեռեւս ստեղծված չէ եւ կարող է կիրառվել ապագայում։ Մեր օրերում լայնորեն կիրառվում են դեմքի ճանաչման եւ վարքագծի ճանաչման համակարգերը, սակայն GAIT-ը կարող է դառնալ անվտանգությունն ապահովելու հաջորդ տեխնոլոգիան»,-նշում է Scylla-ի հիմնադիր Ալբերտ Ստեփանյանը։

Scylla-ն կենտրոնացած է իրական ժամանակում ֆիզիկական սպառնալիքների հայտնաբերման լուծումների վրա: Այն օգտագործում է արհեստական բանականություն եւ համակարգչային տեսողություն՝ հայտնաբերելու առարկաներ, գործողություններ եւ վարքագծային անոմալիաներ՝ ունենալով հաճախորդներ աշխարհի տարբեր ծայրերում։

 

 

 

ԸՆՏՐԵԼ Է

«Բորուսիան» Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» եւ Գերմանիայի հավաքականի պաշտպան Նիկլաս Զյուլեի գործակալ Ֆոլկեր Շտրուտը պատմել է, որ 26-ամյա ֆուտբոլիստն ավելի շահավետ առաջարկներ է ունեցել, սակայն ընտրել է Դորտմունդի «Բորուսիան»։ Զյուլեի պայմանագիրը «Բավարիայի» հետ կավարտվի հունիսին, եւ նա անվճար կմիանա «Բորուսիային»։ «Նիկլասն այլ տարբերակներ էլ ուներ, այդ թվում՝ ավելի բարձր աշխատավարձով։ Նա շատ արագ որոշում ընդունեց «Բորուսիայի» հետ առաջին բանակցություններից հետո։ Ինձ տպավորեց նրա վճռականությունն այս հարցում»,- Շտրուտի խոսքը մեջբերում է Goal.com-ը: Գերմանական մամուլը գրել է, որ Զյուլեի տարեկան աշխատավարձը «Բորուսիայում» կլինի 10 միլիոն եվրո։ «Բավարիան» դրանից ցածր աշխատավարձ է առաջարկել։

 

 

 

ԻՏԱԼԻԱՆ ՀԱՅՏ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ

Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան նպատակ ունի ընդունելու 2032 թվականի Եվրոպայի առաջնությունը: Իտալական ֆեդերացիան Եվրոպայի առաջնությունը հյուրընկալելու համար նպատակ ունի վերազինելու գործող մարզադաշտերը: Իտալիան, հիմք ընդունելով Եվրո-2020-ի բացման եւ խմբային փուլերի մի քանի հանդիպումների անցկացումը, վստահ է, որ կկարաղոնա կազմակերպել առաջնությունը: Այս երկիրը Եվրոպայի առաջնությունը հյուրընկալել է 1968, 1980 թվականներին:

 

 

 

ՌԵԿՈՐԴ Է ՍԱՀՄԱՆԵԼ

Ամերիկայի Միացյալ Նահանգները ներկայացնող գեղասահորդ Նատան Չենը համաշխարհային ռեկորդ է սահմանել Պեկինի Օլիմպիական խաղերում: 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի գեղասահքի տղամարդկանց մենասահքում Չենն արժանացել է 113,97 միավորի, որը համաշխարհային ռեկորդ է: Մինչ այս համաշխարհային ռեկորդ էր համարվում 111, 82 միավորը, որը տրվել էր 2020 թվականին Յուձուրու Հանյույին: Նատանի մարզիչը հայազգի Ռաֆայել Հարությունյանն է։ Այժմ Օլիմպիական խաղերի տղամարդկանց մենասահքից հետո առաջատարը ԱՄՆ ներկայացուցիչ Նատան Չենն է: Տղամարդկանց ազատ ծրագիրը կկայանա փետրվարի 10-ին:

 

 




Լրահոս