Քանի օր է՝ ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչները, քաղաքական վերլուծաբաններն ու պարզապես քաղաքացիները քննարկում ու զայրանում են Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի հայտարարության վրա։ Նա, հիշեցնենք, խոսելով Հայաստանի՝ «Միութենական երկրի» մաս դառնալու անխուսափելիությունից՝ շեշտել էրգ «Հայաստանը փախչելու տեղ չունի։ Ինչ է, կարծում եք՝ նրանք ինչ-որ մեկին պե՞տք են: Նիկոլ Վովայեւիչը դրա մասին լավ գիտի»։ Նիկոլ Վովաեւիչը, սակայն որեւէ կերպ չի արձագանքում Բելառուսի գործընկերոջը՝ այն թողնելով արտաքին գործերի նախարարության կամ խորհրդարանական «Քաղաքացիական պայամանգիր» խմբակցության ուսերին։ ՔՊ-ական պատգամավորները, որ Լուկաշենկոյի հայտարարությունը լսելուն պես շտապել էին գրոհել երկրի թիվ մեկ քաղաքական ամբիոն ու «համարժեք պատասխան» տալ նրան, երեկ փոխել էին վերաբերմունքն ու ավելի սիրալիր դարձել։ «Նման միջադեպեր լինում են, մենք էլ, ԱԳՆ-ն էլ արձագանքել ենք, այնպես որ թեման համարենք փակված»,- մեզ հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավորներից մեկը։ Փաշինյանի մոտ, երեւում է, «իրավիճակ է փոխվել»։ Եթե նա այժմ խուսափում է Բելառուսի իր գործընկերոջը համարժեք պատասխան տալ, ապա 2018-ին զարմացել ու զայրացել էր հանգամանքից, որ Բելառուսի նախագահը ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի դռնփակ նիստից հետո Բելառուսում Ադրբեջանի դեսպանին պատմել էր դռնփակ ֆորմատում տեղի ունեցածը։ Միջադեպի մասին, հիշեցնենք, Փաշինյանն ասել էր, թե զարմացած է, որ 30 տարի պետության ղեկավարի կարգավիճակում եղած մարդը կարող է իրեն այդպիսի քայլ թույլ տալ: «Ես, իհարկե, պետք է պարզաբանումներ պահանջեմ Բելառուսի նախագահից եւ ոչ միայն Բելառուսի նախագահից»,- ընդգծել էր նա։ Ավելի ուշ Փաշինյանը, անդրադառնալով իր իսկ հարցապնդմանը, ասել էր, թե «ինչ որ ասել եմ, պիտի անեմ, ամեն ինչ արված է»՝ փաստացի այդպես էլ չհստակեցնելով, թե ինչ պարզաբանում է ստացել Բելառուսի նախագահից։ Լուկաշենկոյի՝ օրերս Հայաստանի մասին արած աղմկահարույց հայտարարության մասով մեր երկրի ղեկավարը, փաստորեն, ո՛չ ասելիք, ո՛չ էլ պարզաբանումներ ստանալու անհրաժեշտություն ունի։
Երեկ խորհրդարանում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կարողացավ մի կերպ անցկացնել ՀՀ օրենքների նախագծերը։ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին հարցի քվեարկությունը. բանն այն է, որ սա սահմանադրական օրենք է, եւ, ըստ «ԱԺ կանոնակարգ» օրենքի 76-րդ հոդվածի, սահմանադրական օրենքներն ընդունվում են պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով։ 107 պատգամավոր ունեցող խորհրդարանում այդ թիվը 65-ն է, իսկ նախագիծը երեկ ընդունվեց 66 կողմ ձայնով, այսինքն՝ ընդամենը մեկ ձայնի տարբերությամբ։ Նախ նշենք, որ այս օրենքով Վճռաբեկ դատարանում ստեղծվելու են քաղաքացիական եւ վարչական պալատներ։ Այսպիսով, ուսումնասիրելով քվեարկության պատկերը՝ «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ բացակաների թվում են եղել Ալեն Սիմոնյանը (կատարում է նախագահի պարտականությունները), Գուրգեն Արսենյանը (կողմ քվեարկության մասին գրություն էր թողել), Տաթեւիկ Գասպարյանը, Էդուարդ Աղաջանյանը, Սարգիս Խանդանյանը եւ Քրիստինե Պողոսյանը։ Նկատենք՝ երեկ քվեարկված մի քանի նախագծերի դեպքում կային ՔՊ-ականներ, որոնք չէին մասնակցել, սակայն սահմանադրական օրենքի դեպքում մի մարդու պես քվեարկել են։ Այսինքն՝ սահմանադրական օրենքներ անցկացնելու պարագայում ՔՊ-ն կարող է բախվել խնդրի եւ մի կերպ անցկացնել դրանք։
Երեկ ՀՀ խորհրդարանն ընդունեց ԱԺ պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանի եւ Վահագն Հովակիմյանի հեղինակած ««ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը, որով ԲԴԽ-ի լիազորությունները, այսպես ասած, հստակեցվում են։ Նախագծի հեղինակները որպես «հստակեցում» են անվանում ԲԴԽ՝ որպես դատարան հանդես գալու դեպքում իրավազորության (քվորումի) ապահովված լինելը խորհրդի 6 անդամների ներկայության դեպքում, իսկ որոշումների ընդունման համար շեմը խորհրդի անդամների ընդհանուր թվի 2/3-ի փոխարեն իջեցվել է մինչեւ պարզ մեծամասնություն: Սա նշանակում է, որ կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար Խորհրդում բավարար կլինի 5 ձայն «կողմ» քվեարկությունը, ներկայիս 6-ի, իսկ առանձին հարցերով՝ 7-ի փոխարեն։ Ասել է թե՝ այս որոշմամբ ԲԴԽ դատավոր անդամներին քաղաքական իշխանությունները «խաղից դուրս են թողնում», եւ այսուհետ Աժ-ի կողմից ընտրված 5 գիտնական անդամներով շատ ավելի հեշտ կարող են որոշումներ կայացնել բարձրագույն խորհրդում: Ստացվում է, որ Աժ -ն է որոշելու, թե ով է դատավոր աշխատելու, ով ոչ: Ավելին, այս որոշման ընդունմամբ, ըստ էության, ԲԴԽ-ի ինստիտուտը որպես այդպիսին դադարեց գոյություն ունենալ, քանի որ ԲԴԽ բոլոր անդամների ձայների հիման վրա պետք է որոշում կայացվի, իսկ, ահա, նոր փոփոխությամբ ԲԴԽ 5-ի ձայնի արդյունքում էլ կարող է որոշում կայացվել։ Ստացվում է՝ մյուս անդամները կան, բայց նրանք ուղղակի ֆիզիկապես նստած են, եւ նրանց ներկայությունը կամ խոսքը ոչինչ է: Իսկ ի՞նչ է կատարվել այս որոշման ընդունումից հետո դատական համակարգում: Դատական համակարգից «ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ կարգապահական վարույթների ու դատավորների լիազորությոնների դադարեցման նոր գործընթաց է սկսվում, եւ այս նախագծի ընդունմամբ ԲԴԽ-ն ճանապարհ հարթեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եւ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի համար:
ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը որոշել է զբաղվել ավտոշուկայով: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ առաջիկայում կսահմանվեն ավտոտրանսպորտային միջոցների շուկայի կազմակերպման համար անհրաժեշտ չափանիշներ: Ըստ նախարարության՝ դրանք պետք է համապատասխանեն տվյալ ոլորտում գործող միջազգային լավագույն փորձին, որպեսզի գրավիչ դառնա ԵՏՄ եւ այլ պետությունների քաղաքացիների համար ՀՀ տարածքում ավտոմեքենաների ձեռք բերման գործընթացը: Այսպես, մեզ հայտնի դարձավ, որ ավտոմեքենաների շուկայի ընդհանուր տարածքի մակերեսը պետք է լինի առնվազն 50000 քմ, այդ թվում՝ փակ տարածքներինը՝ առնվազն 1000 քմ: Ավելին ավտոշուկան պետք է կահավորվի տեսախցիկներով: Շուկայի տարածքում կազմակերպիչը պետք է նախատեսի տարածքներ ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական խմբի համար ավտոմեքենաների պետական հաշվառման գործընթացն իրականացնելու նպատակով: Նաեւ տարածք պետք է հատկացվի մեքենաների համարանիշեր պատրաստող կազմակերպության համար, տրանսպորտային միջոցների ներմուծման եւ արտահանման գործընթացը կազմակերպող պետական եւ ոչ պետական մարմինների համար անհրաժեշտ ձեւակերպումները տեղում իրականացնելու նպատակով: