Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը, որ Արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովի՝ Եվրանեսթի անդամ է, ասում է, որ միջազգային հարթակներում իր ներկայացրած քաղաքական ուժի հռետորաբանությունն ու խոսույթը չի փոխվում՝ անկախ հանգամանքից այդ հարթակներում ադրբեջանցիներ ներկա կլինե՞ն, թե՞ ոչ:
Փետրվարի 21-ին ու 22-ին «Եվրանեսթի» երկու հանձնաժողովները, հիշեցնենք, Երևանում նիստեր են անցկացնելու, որոնց նաև ադրբեջանական պատվիրակությունն է մասնակցելու:
Եթե իշխանություններն իրենց իսկ բառերով ասած «անցնցում», ջերմ մթնոլորտում միջոցառում են նախատեսել, ասում է պատգամավորը, ապա չի ստացվելու, քանի որ մի շարք պատգամավորներ բարձրաձայնելու են այն խնդիրները, որ առկա են Հայաստանի ու Արցախի առջև:
ArmLur.am -ը«Եվրանեսթի» հայկական պատվիրականության ղեկավար, ՔՊ-ական պատգամավոր Մարիա Կարապետյանից տեղեկացել էր, որ ադրբեջանական պատվիրակությունը, ամենայն հավանականությամբ, կժամանի Հայաստան:
Մեզ նաև հայտնի է դարձել, որ «Եվրանեսթի» հանձնաժողովների նիստերին մասնակցելու համար Երևան կժամանի 3 ադրբեջանցի:
Նշենք, որ Արևելյան գործընկերության շրջանակներում ադրբեջանցիներն առաջին անգամ Հայաստան են ժամանել դեռևս 2012-ին: Այդ ժամանակ «Եվրանեսթի» պատվիրակության ղեկավարը Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արտակ Զաքարյանն էր: Նույն թվականին ու նույն վեհաժողովի աշխատանքների շրջանակներում Զաքարյանի գլխավորած պատվիրակությունն էլ Բաքու է այցելել:
«Եվրանեսթի» երևանյան հաջորդ՝ 2015-ին տեղի ունեցած նիստերին սակայն ադրբեջանական պատվիրակությունը չի ներկայացել՝ բոյկոտելով վահաժողովի Ցեղասպանությունը դատապարող հայտարարության ընդունումը:
Սևակ Վարդումյան, Հովսեփ Հովսեփյան