Երկու նախագիծ զինծառայողների մասին. ինչ են առաջարկում պատգամավորները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 23-ին ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը նիստ է գումարելու: Այդ նիստի օրակարգում քննարկվելու են հարցեր, որոնք ընդգրկվելու են մարտի 1-ին գումարվող ԱԺ հերթական նստաշրջանում:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ քննարկվելիք հարցերից երկուսը վերաբերում են զինծառայությանը: Նախագծերից մեկը ներկայացրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը: Նա առաջարկում է«Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» 2017 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-195-Ն օրենքի 65-րդ հոդվածի 1-ին մասի՝ 1) երրորդ նախադասությունը շարադրել նոր՝ խմբագրությամբ.

«Ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովվելու դեպքում պայմանագրային զինծառայողներին հաշվարկվում է ամսական դրամական փոխհատուցում` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով եւ չափերով:»:

Հիմնավորման մեջ նշվում է, որ կարգը խախտելով, բնակելի տարածությունների վարձակալության պայմանագրեր ներկայացնելու եւ իրականում տվյալ բնակարաններում չբնակվելու պայմաններում դրամական փոխհատուցումներ ստանալու վերաբերյալ զինծառայողների կողմից խաբեության եղանակով խոշոր չափերի խարդախություն կատարելու փաստերի առթիվ, մինչ օրս կայազորային քննչական բաժիններում քննվել են թվով 81 քրեական գործեր: Դրանցից 30-ի նախաքննությունն ավարտվել եւ գործերի ընթացքը լուծվել է անհատական մոտեցմամբ, իսկ 51 քրեական գործերի նախաքննությունը շարունակվում է:

Նման դեպքերով քրեական գործերի հարուցումը պարտավորեցնում է պայմանագրային զինծառայողներին, քրեական պատասխանատվությունից ազատվելու համար, միանվագ վճարել ամիսներ կամ տարիներ շարունակ պետությունից ստացած եւ իրենց կացության համար ծախսած գումարները, որն այս ծանր սոցիալական պայմաններում զինծառայողների համար անհաղթահարելի դժվարություն է:

Իսկ մյուս նախագծի հեղինակը ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն է: Նա առաջարկում է փոփոխություն կատարել «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքումեւ ամրագրել, որ ծառայությունից ազատվելու համար պարտադիր չէ լինել միայն ընտանիքի արու զավակ: Եվ ըստ այդմ, առաջարկվում է փոփոխություն կատարել Օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում եւ հանել «ընտանիքի միակ արու զավակն է եւ» բառերը, զինվորական ծառայությունից ազատվելու հնարավորություն տալով զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքի անդամներին՝ անկախ այն հանգամանքից նրանք հանդիսանում են ընտանիքի միակ արու զավակը, թե ոչ:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս