Հրաժարականների շքերթ Սյունիքում. ովքեր են դիմումներ գրել. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Սյունիքից տեղեկացանք, որ ազատման դիմում է ներկայացրել Սյունիքի փոխմարզպետ Նարեկ Բաբայանը։ Երեկոյան արդեն վարչապետը ստորագրեց ազատման հրամանը: Նա աշխատանքի է տեղափոխվում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ։ Առաջիկա օրերին պաշտոնանկ կլինեն նաեւ մարզպետ Մելիքսեթ Պողոսյանն ու մյուս փոխմարզպետ Կարո Ավանեսյանը։

Կառավարությունում դժգոհ են Սյունիքի ղեկավար կազմի աշխատանքից, եւ տեւական ժամանակ է՝ մարզպետին փոխարինող են փնտրում, ուզում են գտնել մեկին, որը բռի մեջ կհավաքի մարզը եւ առաջիկայում սպասվող ապաշրջափակման ու դիրքային զիջումների ժամանակ կկարողանա զսպել հանրային ընդվզումները։

Տեղեկացանք, որ Պողոսյանը 2 օր առաջ «բյուլետեն» է ձեւակերպել, որպեսզի հնարավորինս ձգի իր ազատումը։ Նա մեզ փոխանցեց, որ աշխատում է, ազատման մասին էլ ասաց՝ խոսակցություն չի եղել: Չհերքեց առողջական խնդիրները, բայց․ «Գորիսի, Սիսիանի ուղղությամբ ես աշխատանքները տանում եմ: Հա, մի քիչ առողջական խնդիրներ կան, առաջիկա շաբաթը կբուժվեմ»:

Որպեսզի այս ազատումները մարզում կառավարությանը դեմ տրամադրություններ չստեղծեն, այս մարդկանց անգործ չեն թողնի։ Նարեկ Բաբայանը գործուղվում է ԶՊՄԿ, որպեսզի սեփականատիրոջ կողմից կառավարությանը նվիրված 15 տոկոսի տնօրինման հարցում իշխանությունների աչքն ու ականջը լինի։ Ինչ վերաբերում է Սյունիքի հաջորդ մարզպետին, ապա քննարկվում է երկու թեկնածություն՝ ՔՊ-ական պատգամավորներ Դավիթ Դանիելյանի եւ Կարեն Սարուխանյանի:

Վերջինիս թեկնածությանը կատեգորիկ դեմ են մարզի համայնքապետերը, նա ընդունելի ղեկավար չի կարող դառնալ, սակայն ՔՊ մեր աղբյուրները չեն բացառում, որ Փաշինյանը նրան մի քանի ամսով մարզպետ կնշանակի՝ նրա փոխարեն ԱԺ գործուղելով մեկ այլ ուսապարկի»:

Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս