Կառավարության այսօրցա նիստի օրակարգում ընդգրկված է նաեւ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ներկայացրած նախագծի վերաբերյալ եզրակացությունը:
Վերջինս հանդես է եկել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախաձեռնությամբ եւ առաջարկում է օրենքից հանել այն դրույթը, որը հնարավորություն է տալիս պարտադիր զինվորական ծառայությունից ազատվել ընտանիքի միակ արու զավակին: Նա հիմնավորում է այնպես, թե հանելով այս դրույթը չծառայելու հնարավորություն կլինի այն տղաների համար, ում եղբայրը զոհվել է պատերազմի ժամանակ:
Կառավարությունն իր եզրակացության մեջ ընդհանուր առմամբ դրական գնահատական է տվել, սակայն շտկումներ է իրականացրել: Նախ, կառավարությունն առաջարկում է.
1. վերնագրում «փոփոխություն» բառը փոխարինել «փոփոխություններ և լրացում» բառերով,
2. 1-ին հոդվածը շարադրել հետևյալ բովանդակությամբ.
«ՀՈԴՎԱԾ 1. «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության 2017 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-195-Ն օրենքի (այսուհետ՝ օրենք) 21-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3) ունի Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների ժամանակ զոհված (մահացած) ծնող կամ եղբայր կամ քույր, կամ որն ընտանիքի միակ արու զավակն է և ունի Հայաստանի Հանրապետության զինված ուժերում կամ այլ զորքերում կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով Հայաստանի Հանրապետությունում տեղակայված օտարերկրյա պետությունների զինվորական ստորաբաժանումներում զինվորա-կան ծառայության ընթացքում զոհված (մահացած) ծնող կամ եղբայր կամ քույր:»
Հավելենք, որ այս նախագիծը պետք է քննարկվի ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում, ապա ընդգրկվի լիագումար նիստերի օրակարգ:
Ն.Հ.